Լեռնային Ղարաբաղի կառավարությունը նոյեմբերի 28-ին քննարկել է «ԼՂՀ 2015թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: ԼՂՀ կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ 2015թ. համար ՀՆԱ-ի ծավալը նախանշվում է 212.3 մլրդ դրամի չափով` 9.0 տոկոս տնտեսական աճի կանխատեսմամբ: Կատարված մակրոտնտեսական կանխատեսումների համատեքստում` 2015թ. համախմբված բյուջեն եկամուտների գծով կկազմի մոտ 83,246 մլրդ, ծախսերի գծով` 88,127 մլրդ դրամ, իսկ դեֆիցիտը կկազմի 4,881 մլրդ դրամ` ՀՆԱ-ի 2.3 տոկոսի չափով:
Պետական բյուջեի սեփական մուտքերը ծրագրվել են 36.8 մլրդ դրամի չափով, այսինքն՝ աճը 2014թ. համար պլանավորված եկամուտների նկատմամբ կկազմի 9.9 տոկոս (ավելացում՝ 3.3 մլրդ դրամ): ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ին հատկացվող միջպետական վարկը 2015թ. կկազմի 45,519 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 1,829 մլրդ դրամով (4.2 տոկոսով):
ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանը 2015թ. բյուջեի նախագիծը գնահատել է որպես սոցիալական ուղղվածություն ունեցող՝ նշելով, որ սոցիալական ոլորտի ծախսերը նախատեսված են ավելի քան 22 մլրդ դրամ` 2014թ. 19,7 մլրդ դրամի փոխարեն: Կառավարությունը 2015թ. հուլիսի 1-ից նախատեսում է ԼՂՀ-ում նվազագույն ամսական աշխատավարձը ավելացնել 10 տոկոսով՝ 50 հազարի փոխարեն՝ 55 հազար դրամ:
Գյուղատնտեսության ոլորտին կհատկացվի մոտ 3,6 մլրդ դրամ, որը կազմում է պետական բյուջեի ծախսերի 4.1 տոկոսը: Նախատեսվում է կատարել 9.0 մլրդ դրամի կապիտալ ներդրումներ: Կապիտալ շինարարության ծախսերրը կրճատվել են: Վարչապետ Արայիկ Հարությունյանը, սակայն, նշել է, որ ֆինանսական այլ աղբյուրներից բնակարանաշինության ոլորտում ծրագրեր կիրականացվեն գալիք տարվանից ԼՂՀ-ում առանձին խմբերի քաղաքացիների համար հիպոթեքային նոր ծրագրերի մեկնարկն ապահովելու համար:
2015թ. բյուջեով գումարներ են նախատեսվում նաև նոր ծրագրերի համար. այսպես` կանոնավոր ուղևորափոխադրումներում տոմսերի գործող և փաստացի արժեքի տարբերության հատուցման համար կհատկացվի 10 մլն դրամ, իսկ 2015թ. մարդահամարի կազմակերպման համար` 250 մլն դրամ:
2015թ. հունվարի 1-ից կրկնակի կբարձրացվեն Արցախի պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների երեխաներին տրվող պետական նպաստի չափերը՝ 42 հազ. դրամ` ներկայիս 21 հազ. դրամի փոխարեն:
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին տրվող պետական նպաստի չափերը կբարձրացվեն 40 տոկոսով՝ 42 հազ. դրամ` գործող 30 հազ. դրամի փոխարեն:
Վարչապետ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ ակնկալվող 9 տոկոս տնտեսական աճը հնարավորություն է տալու 2014թ. համեմատ բյուջեի եկամուտները ավելացնել 6.5, ծախսերը` 7.9 տոկոսով:
Առողջապահական համակարգի ծախսերը նախատեսվել են 5,75 մլրդ դրամի չափով, որը գերազանցում է 2014թ. ցուցանիշը 13.8 տոկոսով: Ավելացել են նաև կրթության և գիտության, մշակույթի ոլորտներին հատկացվելիք գումարները:
Civilnet











