«Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի կարծիքով՝ Կենտրոնական բանկն ավելի շուտ պետք է անցներ սակարկությունների միջոցով արտարժույթի վաճառքներին։
Կենտրոնական բանկը հայտարարել է, որ սկսած դեկտեմբերի 8-ից մինչև տարեվերջ որդեգրում է նոր մոտեցում. ամեն օր սակարկությունների միջոցով իրականացնելու է արտարժույթի վաճառքներ` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով:
Հարցին, թե արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ԿԲ-ն հրաժարվում է դրամի լողացող փոխարժեքի քաղաքականությունից, Գևորգյանը պատասխանեց, որ պատկերն առավել հստակ կդառնա շուրջ մեկ շաբաթից:
«Եթե Կենտրոնական բանկը որոշել է, որ պետք է ուղղակի հարթի դրամի կտրուկ տատանողականությունը, դա նորմալ է, բայց եթե որոշել է իր ինտերվենցիաներով արհեստականորեն փոխարժեք սահմանել, դա շատ վատ է: Կարծում եմ մեկ շաբաթվա ընթացքում կերևա»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է դրամի փոխարժեքին, Գևորգյանն ասաց, որ կարելի է կանխատեսել՝ դրամի արժևորման կամ արժեզրկման ուղղությամբ ճնշումներ կլինե՞ն, թե՞ ոչ, սակայն որևէ մեկը ճշգրիտ փոխարժեք կանխատեսել չի կարող: «Ներկայում դրամի փոխարժեքը տարադրամի փոխանակման կետերում 456-457 դրամ/1 դոլար է, և չի կարելի բացառել, որ որոշ ժամանակ անց հենց այս մակարդակում էլ կկայունանա փոխարժեքը»,- ասաց Գևորգյանը:
Գլխավոր դրամատունը դեկտեմբերի 8-ին հայտարարել է, որ սակարկությունների միջոցով արտարժույթի վաճառքների նպատակը «արժութային շուկայում ստեղծված իրավիճակի կարգավորումը, փոխարժեքի տատանումները հարթելը և արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելն է»:
Նոյեմբերի 24-ին դրամը մեկ օրում արժեզրկվեց 4%-ով՝ 1 դոլարը 415 դրամից դարձավ 435 դրամ։ Հետագա օրերին դրամը շարունակեց արժեզրկվել՝ հասնելով մինչև 1 դոլարի դիմաց 470 դրամի սահմանին։
2009թ. մարտի 3-ին, երբ դրամը մեկ օրում արժեզրկվեց 20%-ով, Կենտրոնական բանկը հայտարարեց լողացող փոխարժեքի քաղաքականությանն անցնելու մասին, և շուկայում ինտերվենցիաներ իրականացնում էր միայն փոխարժեքի խոշոր տատանումների դեպքում։
Civilnet











