Հայաստանն այսօրվանից՝ հունվարի 2-ից, դարձավ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) լիիրավ անդամ: Այս մասին դեռ 2014-ի դեկտեմբերի 23-ին հայտարարել էր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Մոսկվայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ավարտից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսին: ԵՏՄ-ն սկսել է գործել երեկվանից՝ հունվարի 1-ից: Միությանն անդամակցում են նաև Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը։ Ակնկալվում է, որ այս տարվա մայիսին ԵՏՄ-ի անդամ կդառնա նաև Ղրղըզստանը:
Ակնարկ
ԵՏՄ ստեղծման մասին պայմանագիրը մայիսի 29-ին Աստանայում ստորագրել են Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն և Նուրսուլթան Նազարբաևը։
Հոկտեմբերի 10-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ստորագրվեց Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը։ Հայաստանի Ազգային ժողովը այն վավերացրեց դեկտեմբերի 4-ին՝ ձայների 103 կողմ, 7 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ։ Դեկտեմբերի 10-ին փաստաթուղթը վավերացրեց Ռուսաստանի Պետդուման, իսկ դեկտեմբերի 17-ին՝ Դաշնության խորհուրդը։
ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը դեկտեմբերի 18-ին վավերացրել էր Ղազախստանի խորհրդարանը, իսկ դեկտեմբերի 19-ին՝ Բելառուսի խորհրդարանը:
Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը դեկտեմբերի 23-ին ստորագրեց Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը։
Միության կանոնակարգի համաձայն՝ անդամ պետություններն աստիճանաբար պետք է ստեղծեն դեղագործական, էլեկտրաէներգիայի, նավթի, գազի և նավթամթերքի ընդհանուր շուկա։ Բացի այդ՝ 2015-ից Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի քաղաքացիները ստիպված չեն լինի աշխատանքի թույլտվություն ստանալ ԵՏՄ-ի յուրաքանչյուր պետությունում աշխատելու համար։
Civilnet











