Նամակ ադրբեջանցի լրագրողին

Հարգելի բարեկամ, հավանաբար տեղյակ ես, որ ձերոնք անհետաձգելիորեն նորից մարդ են սպանել սահմանին: Ինչպես ասում են, տարին նոր է բացվել, արդեն երկու զոհ ունենք: Հասկանու՞մ ես, մեռնում են ոչ նրանք, ովքեր քաղաքական հաշվարկներով են խնամում «թշնամի» հասկացությունը, ոչ նրանք, ովքեր իրենց զենքերն անձամբ են գնել, ոչ նրանք, ովքեր նայել են ատելության աչքերի մեջ:
Բայց որպեսզի սպանությունը հնչի, դուք այն անվանում եք դիվերսիոն գործողություն: Հընթացս, ձեզ մոտ էլ են շարունակում հաց ծամել ու սիրել երեխաներին, մեզ մոտ էլ: Շուտով մերոնք հակահարձակման կանցնեն, և ձեր կողմից կլսվի լաց և ատամների կրճտոց: Մենք բոլորս զբաղված ենք սպանությունը ազգային արժանապատվությամբ զգեստավորելով: Դրա համար մեզ անհրաժեշտ է, որպեսզի ազգային արժանապատվությունը զրկենք երեխաներից, սիրուց և կյանքի հազար ու մի խնդիրներից: Հավատա ինձ, դա մարդկանց զբաղմունքն է: Դու բանակից դուրս մարդ ես, տես ժամանակդ հերիքու՞մ է ուրախանալու համար մարդկանց մահերով, որոնք անձամբ քեզ ոչինչ չեն արել: Իմ ժամանակը չի հերիքում ձեր որբևայրիներով ուրախանալու համար: Եվ եթե հերիքեր, ես նախ կփորձեի հասկանալ՝ այդտեղ որդիներին որպես մսացու՞ են ուղարկում սահման, թե՞ որպես մարդ: Ընդհանրապես, կփորձեի հասկանալ՝ ձեզ քաղաքացիներ պե՞տք են:
Ես գիտեմ, մենք համաագրեսորներ ենք ոճի մեջ, և գիտեմ, որ քեզնից ոչնչով լավը չեմ, դու ձեր իշխանության զոհն ես, ես՝ մեր իշխանության խայտառակությունը: Ձեզ մոտ էլ են թմբկահարում արյուն, մեզ մոտ էլ: Ձեզ մոտ լրագրողին ձերբակալում են իշխանությանը քննադատելու համար, մեզ մոտ մի թեթև ծեծում են, երկուսի մեջ էլ մահ սփռողի ջանադրությունը կա: Մենք քնած հակառակորդի չենք կացնահարել մի հողի վրա, որտեղ հակառակորդի մասին պատկերացում չունեն: Բայց ես հասկանում եմ ձեզ՝ ձեր մշակույթում չկան այսպիսի տողեր. «Ով քնած է, արթուն կացեք»: Գնա և քո զինվորին հարցրու՝ ի՞նչ է նա կորցրել սահմանից այն կողմ: Հո՞ղ է կորցրել: Դրա համար ինքը նախագահ է ընտրել, թող պատճառաբանի, թող միջազգային օրենքներից կառչի: Դա այս երկրի ղեկավարին էլ է վերաբերում: Մինչդեռ երկու կողմից էլ սպանում են, որովհետև ավելի կարևոր բաներ են ուզում լռեցնել, քան հակառակորդի թնդանոթներն են: Նրանք ուզում են լռեցնել իրենց ավելորդությունը, իրենց անհամապատասխանությունը տվյալ պաշտոնին, ուրիշի սպանություններից դուրս իրենց քաղաքական անիմաստությունը, որն այստեղ փաթեթավորվել է 5 հազար դրամով, իսկ ձեզ մոտ՝ կորուսյալ հողերի տեսլականով: Մինչդեռ դա ընտրյալ նախագահն ավելի լավ կձևակերպեր և՛ ձեր, և՛ մեր զինվորի կյանքի իրավունքն այդ ձևակերպումից դուրս չէր մնա:
Դու հասկանու՞մ ես՝ սահմանադրական բոլոր իրավունքներից մեզ, հարգելի բարեկամ, մնացել է ողբացյալի և վրիժառուի իրավունքը: Առաջինը իշխանությանը պետք է մեզնից մեկ աստիճանով էլ բարձր ու անհասանելի լինելու համար, երկրորդը՝ էլի մեկ թշնամի զոհ որպես մխիթարանք մեր դիմաց նետելու համար: Հասկանու՞մ ես, թե ինչքան խեղճություն են խցկում այս բազմանիստ կյանքի մեջ, մեր բան ու գործը ողբալն ու մխիթարվելն է, ողբալն ու մխիթարվելը: Քո ձեռքը հավանաբար չէր գնա այսպիսի նամակ ձևակերպել, մեզ մոտ սրա համար դավաճան հռչակվելու վտանգ առայժմ չկա (սա դեռ ողբի և վրեժի ենթագրերից է): Մեկ օրից մենք տոնելու ենք Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը: Այս Մարդը ապրեց և թողեց իր Ձայնը: Մենք հիմա գիտենք, թե իշխանություն կոչվող աղմուկին ինչով պատասխանել: Գիտենք, բայց... համբերատար: Մեր իմացածի մեջ, այո, հավելյալ զոհեր կան, կան անհեթեթ մահեր, մենք շարունակելու ենք սպանել, մեզ կստիպեն հրճվել դրա համար, ինչպես դուք եք հրճվում մեզ սպանելով, որովհետև պատերազմը ցանկացած հանցավոր իշխանության լավագույն խլացուցիչն է. մենք ձեր զոհերից գրեթե տեղյակ չենք, մեր զոհերը հրապարակային են: Չի նշանակու՞մ, որ դուք ողբում եք ատամները սեղմած, որպեսզի թշնամին չիմանա, որ դրանք իր զոհերն են: Ո՞վ է ձեզ սովորեցրել ողբալ ըստ մեկի՝ Գերագույն գլխավոր հրամանատարի, քմահաճույքի: Եղեք ազատ ձեր ողբի մեջ, որպեսզի կյանքը կարողանա շնչի այնտեղ, որպեսզի պատերազմի դեմքն ամբողջ երկրում տեսանելի լինի, չէ՞ որ այդ դեմքը միայն մեռածի արնաթաթախ մարմինը չէ, դա նաև ձեզնից յուրաքանչյուրով չորոշակիացած Հայրենիքի դեմքն է, որն ի դեպ ամենուր նույն փակ աչքերն ունի և նույն անբարբառ արյունը:
Մհեր Արշակյան










