
Ռուսական ռուբլին շարունակում է արժեզրկումը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ: Ինչպես հաղորդում է ռուսական «Վեդոմոստի» թերթը, հունվարի 6-ին առևտրաշրջանի բացումից երեք ժամ անց դոլարի փոխարժեքը աճել է 4 ռուբլիով՝ կազմելով 64 ռուբլի: Առևտրաշրջանի բացմանը դոլարն արժեցել է 60.39 ռուբլի: Եվրոն նույնպես մի փոքր արժևորվել է՝ կազմելով 76 ռուբլի։
Ռուբլու արժեզրկումն ուղեկցվում է նավթի միջազգային գների անկմամբ: Հունվարի 6-ին նախորդ առևտրաշրջանի կտրուկ անկումից հետո նավթի գինը շարունակել է անկումը, հաղորդում է Bloomberg-ը։ Լոնդոնի ICE բորսայում, որտեղ վաճառվում է հյուսիսծովյան Brent տեսակի նավթը, բարելի գինն իջել է մինչև 52 դոլար՝ վերջին վեց տարվա ընթացքում նվազագույն գինը։
Նյու Յորքի բորսայում WTI նավթի փետրվարյան ֆյուչերսների գները իջել են 1.41 դոլարով՝կազմելով 51.7 դոլար մեկ բարելի համար։
Ռուսաստանի բաժնետոմսերի շուկան երեքշաբթի սկսել է անկմամբ՝ հետևելով նավթի գնանկմանը։ Մոսկվայի ՄՄՎԲ և ՌՏՍ բորսաներում առևտրաշրջանի բացմանը ինդեքսները իջել են 0.2-2.3 տոկոսով: ՌՏՍ ինդեքսը իջել է 4.7 տոկոսով՝ կազմելով 725 կետ, իսկ ՄՄՎԲ ինդեքսը աճել է 2.4 տոկոսով՝ կազմելով 1470 կետ։
Rate.am կայքի համաձայն՝ հունվարի 6-ին ԱՄՆ դոլարի գնման նվազագույն գինը կազմել է 467 դրամ, վաճառքի առավելագույն գինը՝ 478 դրամ։ Եվրոյի գնման նվազագույն գինը կազմել է 562 դրամ, վաճառքի առավելագույն գինը՝ 600 դրամ։ Ռուբլու գնման նվազագույն գինը կազմել է 7 դրամ, վաճառքի առավելագույն գինը՝ 9.41 դրամ։
Civilnet










