Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան 2014 թվականի Անգլիայի հավաքականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիին։ Այս մասին հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը։
29-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է Անգլիայի հավաքականի բոլոր 13 խաղերին և դարձել թիմի լավագույն ռմբարկու՝ հեղինակելով 8 գնդակ։ Բացի այդ, 2014 թվականին Ռունին դարձել է հավաքականի ավագ, ինչպես նաև Անգլիայի ընտրանու կազմում անցկացրել է 100-րդ հանդիպումը։
Լավագույն ֆուտբոլիստին որոշելու համար Ասոցիացիայի կայքում անցկացված հարցման արդյունքում Ռունին ստացել է 27 տոկոսով ավելի ձայներ, քան 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած Դենի Ուելբեքն ու Ռահիմ Սթերլինգը՝ միասին։
Civilnet











