Գերմանական «Վոլֆսբուրգ» ակումբի և Բելգիայի երիտասարդական հավաքականի 20-ամյա կիսապաշտպան Ջունիոր Մալանդան մահացել է ավտովթարից: Այս մասին հայտնում է Eurosport-ը: Դեպքը տեղի է ունեցել հունվարի 10-ին ժամը 15:35-ին (Երևանի ժամանակով 17:35-ին), գերմանական Պորտա-Վեստֆալիկա քաղաքի հարևանությամբ գտնվող մայրուղիներից մեկում:
Տեղի ոստիկանության հաղորդմամբ` Volkswagen Touareg-ի վարորդը գերազանցել է թույլատրելի արագությունը` ուշադրություն չդարձնելով եղանակային վատ պայմաններին, ինչչի արդյունքում ավտոմեքենան դուրս է թռել ճանապարհի երթևեկելի հատվածից ու բախվել ծառին: Ֆուտբոլիստը հետևի նստատեղում է եղել և վթարի ժամանակ դուրս է թռել մեքենայից: Նշվում է, որ նա տեղում մահացել է: Վարորդը և մյուս ուղևորը ծանր վնասվածքներով տեղափոխվել են մոտակա հիվանդանոց:
Հենակետային կիսապաշտպանի դիրքում հանդես եկող Մալանդան «Վոլֆսբուրգ» էր տեղափոխվել բելգիական «Զուլտե Վարեգեմից» 2013 թ.: Գերմանական ակումբի կազմում անցկացրած 23 խաղում նա դարձել էր 2 գոլի հեղինակ: Եվս 2 անգամ նա աչքի էր ընկել Բելգիայի երիտասարդական հավաքական անցկացրած 15 խաղում:
Civilnet











