Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, Երևան, 19 հունիս, 2014 (Ֆոտոլուր):
Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) անդամակցությունից հետ Հայաստանի համար ավելի է կարևորվում համագործակցության բարձր մակարդակը անմիջական երկու հարևաններ Իրանի և Վրաստանի հետ: Մյուս երկու հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում մոտ ապագայում քիչ հավանական է:
Ինչպիսի՞ն էր Երևան-Թբիլիսի և Երևան-Թեհրան գործընկերությունը 2014-ին և ի՞նչ ակնկալիքներ կան:
2015-ը հայ-վրացական հարաբերությունների համար կարող է դառնալ փորձության տարի, քանի որ 2014-ին Վրաստանը Եվրոպական Միության հետ ստորագրել է Ազատ առևտրի գոտու համաձայնագիր, մինչդեռ Հայաստանը միացել է ԵՏՄ-ին: Հաշվի առնելով այն իրականությունը, որ Վրաստանի տարածքով է իրականացվում Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության շուրջ 70 տոկոսը, առաջին հերթին կարող է տուժել Հայաստանը:
Պաշտոնյաները, սակայն, հավաստիացնում են, որ Հայաստանը պահպանելու է Վրաստանի հետ ազատ առևտրի ռեժիմը: Ավելին, Հայաստանի և Վրաստանի նախագահները անցյալ տարի կայացած հանդիպումներից մեկի ժամանակ հավաստիացրին, թե Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին և Վրաստանի մերձեցումը Եվրոպական Միությանը փոխադարձ շահավետ կլինի:
Վրաստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 2014-ի առաջին ինը ամսիներին կազմել է 117 մլն դոլար: Թեև Հայաստանը Վրաստանի առևտրային գործընկերների առաջին տասնյակում է, ապրանքաշրջանառությունը հեռու է այն ներուժից, որ ունեն երկու հարևանները: Վրաստանի տարածքով է իրականացվում նաև Հայաստանի ցամաքային ապրանքաշրջանառությունը և հաղորդակցությունը Ռուսաստանի և Թուրքիայի հետ:
Վրաստանի երկու գլխավոր առևտրային գործընկերները Թուրքիան և Ադրբեջանն են: Այս իրականությունը, ինչպես նաև Թբիլիսի-Անկարա և Թբիլիսի-Բաքու ռազմավարական գործընկերությունը, իրենց ազդեցությունն են թողնում Վրաստանի արտաքին քաղաքականության վրա: Կասպյան ավազանից դուրս եկող հիմնական էներգակիր խողովակաշարերը անցնում են Վրաստանի տարածքով: Վրաստանը, փաստացի այն օղակն է, որը միմյանց կապում է թուրքալեզու երկու պետություններին, որոնք շրջափակման ճանապարհով փորձում են տնտեսապես ծնկի բերել Հայաստանը: Վրաստանը, անուղղակի կերպով, ներքաշվում է Հայաստանի շրջափակման մեջ:
Սպասվում է, որ 2015-ին կավարտվի Կարս-Ախալքալաք երկաթուղու շինարարությունը, որով Ադրբեջանն ու Թուրքիան կկապվեն երկաթուղով: Այս նախագիծը ևս ունի Հայաստանը տնտեսապես և քաղաքական իմաստով մեկուսացնելու նպատակ: Բացի այդ, Կարս-Ախալքալաք երկաթուղու գործարկումը ավելի կհեռացնի Կարս-Գյումրի երկաթուղու վերագործարկման հնարավորությունը: Վերջին անգամ Կարս-Գյումրի հանգույցը գործել է 1993-ին:
Կովկասյան հակամարտությունները հայ-վրացական հարաբերությունների վրա բացասաբար են անդրադառնում, քանի որ, ունենալով Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդիրները, Թբիլիսին Լեռնային Ղարաբաղի հարցում աջակցում և պաշտպանում է Բաքվի տեսակետները, այդ թվում՝ միջազգային քվեարկություններում: Իր հերթին Հայաստանը, շարունակելով Աբխազիան և Հարավային Օսիան չճանաչելու իր քաղաքականությունը, միջազգային քվեարկություններում չի պաշտպանում վրացական նախաձեռնությունները:
Տարվա ընթացքում եղան բարձրաստիճան մի քանի փոխադարձ այցեր: Փետրվարին պաշտոնական այցով Երևան ժամանեց նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: Ապրիլին Հայաստանի և Վրաստանի նախագահները հանդիպեցին Պրահայում, իսկ հունիսին պաշտոնական այցով Թբիլիսի մեկնեց Սերժ Սարգսյանը: Բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում հայկական կողմը ընդգծում էր, որ հայ-վրացական գործընկերության հետևողական ամրապնդումը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից է, իսկ տարածաշրջանում առկա փխրուն կայունությունն ու խաղաղությունը մեծապես պայմանավորված են Հայաստան-Վրաստան համագործակցության ամրությամբ: Տարվա ընթացքում տեղի ունեցան նաև Հայաստանի և Վրաստանի վարչապետերի փոխադարձ այցեր:
Միմյանց նվազագույն պահանջները և ցանկությունները բավարարելու գիտակցությունը Հայաստան-Իրան հարաբերությունների անկյունաքարն է: Լինելով իսլամի շիա ուղղության հետևորդ պետություն՝ Իրանը Հայաստանի հակառակորդ շիական Ադրբեջանի հետ հարաբերություններում առաջնորդվում է ոչ թե կրոնական համերաշխության սկզբունքներով, այլ սեփական շահերով ու աշխարհաքաղաքական հաշվարկներով:
Ի տարբերություն Թուրքիայի, որը Ղարաբաղյան կարգավորման հարցում ակնհայտ ադրբեջանամետ դիրքորոշում է որդեգրել, Իրանը շարունակում է դրական չեզոքություն պահպանել: Օգոստոսյան հայ-ադրբեջանական լարվածության օրերին Թեհրանը Երևանին և Բաքվին հորդորեց խաղաղ բանակցային ճանապարհով հասնել համաձայնության և զսպվածության կոչ ուղղեց: Իսկ այն օրը, երբ նախագահ Ռոհանին պաշտոնական այցով մեկնում էր Բաքու, ադրբեջանական զինուժը խոցեց ուսումնավարժական թռիչք կատարող հայկական ՄԻ-24 ուղղաթիռը: Բաքվում Ռոհանին ակնարկեց, որ Լեռնային Ղարաբաղում առկա ստատուս քվոն անընդունելի է Իրանի համար: Մյուս կողմից, Իրանի նախագահը հայտարարեց, որ ղարաբաղյան խնդիրը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով և այն չունի ռազմական լուծում:
Երևանի տեսանկյունից՝ հայ-իրանական հարաբերությունների ամրությունը առաջնային է մի քանի տեսանկյուններից: Նախ, Հայաստանի համար Իրանը կարևոր է իր աշխարհագրական դիրքով: Երկրորդ, Իրանը հակակշռում է Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում: Երրորդ, Թուրքիայի և Ադրբեջանի շարունակվող շրջափակման պայմաններում Հայաստանի համար Իրանը ելք է դեպի արտաքին աշխարհ և էներգակիրների հարցում հնարավոր այլընտրանք է:
Իրանի հետ առևտուրը տարվա ինը ամիսներին կազմել է 206 մլն դոլար: Իրան-Հայաստան տնտեսական հարաբերությունները հնարավոր չեղավ դուրս բերել պարզ առևտրային հարաբերությունների մակարդակից: Իրան-Հայաստան գազատարի կառուցումից ի վեր, չնայած բազմաթիվ հավաստիացումներին, հայ-իրանական որևէ նախագիծ չի իրականացվել և անգամ չի մեկնարկել:
2008-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ առաջիկա տարիներին սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը: Այդ նախագիծը, սակայն, տեղից չի շարժվում: Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման դեպքում երկաթուղային հաղորդակցությամբ Հայաստանի վրայով կարող են միմյանց կապվել Իրանն ու Վրաստանը:
Թեհրանը, թվում է, շահագրգռված է Իրանը Վրաստանին կապող և Ադրբեջանի տարածքով անցնող երկաթուղային նախագծի իրագործումով: Ներկայում ընթանում է Իրանն Ադրբեջանին կապող երկաթուղու շինարարությունը: Նախքան ղարաբաղյան պատերազմը և խորհրդային տարիներին՝ Իրանը Ադրբեջանի, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի հետ կապվում էր Նախիջևանի երկաթուղով՝ Թավրիզ-Ջուլֆա հատվածով: Այն այսօր չի գործում:
Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ էլեկտրական գծի և Արաքս գետի երկու ափերին հիդրոէլեկտրակայանների կառուցումը, որոնց մասին տարիներ ի վեր հայտարարում են Երևանն ու Թեհրանը, դեռևս չի սկսվել:
2014-ին հայ-իրանական հարաբերությունները, ընդհանուր առմամբ, զուրկ էին նշանակալի իրադարձություններից: Նախագահների մակարդակով այցեր չեղան: Մայիսին պաշտոնական այցով Թեհրան մեկնեց Հայաստանի արտգործնախարարը, իսկ հոկտեմբերին՝ վարչապետը:
Թաթուլ Հակոբյան











