Սպանում եմ, ուրեմն գոյություն ունեմ

Գյումրիի սպանությունն առայժմ միայն հարցեր է առաջացնում։ Սակայն ովքե՞ր են տեղի ունեցածից ցնցվողները։ Նրանք, ովքեր մրջյուն էլ չեն տրորի։ Մինչդեռ նրանք ոչինչ չեն կարող անել, որ սպանությունը չլինի։ Որովհետև զենքը կա, կրքերը կան, և նույնիսկ օղին կա։ Եթե մարդը կարող է քար շպրտել դիմացինի վրա, արդեն ընդունակ է սպանության։ Մարդը, -այսպես ասենք,- կառուցված է ըստ սպանության։
Ցանկացած իրավիճակ մարդու համար սահմանային իրավիճակ է։ Եթե անգամ նա կիրթ է, նրա սահմանային իրավիճակը երեխային կամ հարազատին վերաբերող սպառնալիքն է։ Քաղաքակրթությունը երկու մարդու օրինակ ունի՝ զոհի և դահճի։ Ըստ հանգամանքների, նրանց տեղերը կարող են փոխվել, որովհետև երկուսին էլ խորթ չեն կրքերը։ Փոխարենը կենդանական աշխարհում կրքեր ունեցող արարածներ չկան։ Առյուծը չի սպանում եղնիկին։ Նա «կառուցված» է այնպես, որ եղնիկը, եթե նա առյուծի տեսադաշտում է, պիտի մեռնի։
Ինչո՞ւ է մարդը սպանում։ Համաշխարհային միտքը այս հարցը գրեթե անպատասխան չի թողել։ Մարդը սպանում է, որովհետև խիղճ չունի։ Մարդը սպանում է, որովհետև գոյության պայքարի մեջ ապրելու այլ տարբերակ չկա, մարդը սպանում է, որովհետև խմել է, և ուղեղը մթագնել է, սպանում է, որովհետև ամբողջ մանկությունն անցել է նվաստացումների մեջ, սպանում է, որովհետև միայն դաժանություն է տեսել, սպանում է, որովհետև տեսել է, թե ինչպես են սպանել ծնողներին, սպանում է, որովհետև «վիզ» փող է պետք, սպանում է, որովհետև ուզում է ցույց տալ իր հզորությունը, որովհետև խաբվել է, որովհետև իշխանություն է ուզում և այլն։
Սպանելու համար պատճառներ միշտ էլ կգտնվեն։ Սպանում եմ, ուրեմն գոյություն ունեմ։ Սահմանային իրավիճակում գտնվողը դեռ կարող է կռիվ տալ իր խղճի հետ՝ արդյո՞ք սպանել նրան, ով հենց իր աչքի առաջ զենք է բարձրացրել անպաշտպան երեխայի վրա։ Պետություններ են կառուցվում սպանության «անունից», պատերազմներն ու ցեղասպանությունները պետությունների «խղճի» արտահայտությունն են իրենց քաղաքացիների անվտանգության և գոյության հետագա երաշխավորման տեսանկյունից։
Ինչո՞ւ սպանության մեջ կասկածվող ռուս զինվորականը չի խնայել երկու տարեկան և վեց ամսական երեխաներին։ Չի խնայել, որովհետև, եթե ես որոշել եմ մարդ սպանել, ի՞նչ տարբերություն, թե ովքեր են մեռնողները։ Այս տղան ցեղասպանության փոքրիկ մոդել է։ Հենց այդպես որևէ տարբերություն չկար, թե օսմանցիները կամ ֆաշիստներն ում էին ոչնչացնում։ Մարդասպան ֆաշիստը կամ թուրքը երեխաներ ուներ, այսինքն, գիտեր, թե ինչ է երեխայի ժպիտը, արցունքը, գիտեր, թե ինչպես ուրախացնի նրան, գիտեր անհանգստանալ, երբ երեխան վատ է զգում։ «Մեր» մարդասպանը երեխաներ չունի։ Սա ընդհանրապես անհասկանալի է դարձնում, թե ինչ տարբերություն՝ ում է ինքը սպանում։
Ամենամեծ անհեթեթությունը սպանության մոտիվները հասկանալու փորձերն են, եթե տեղի ունեցածը փորձում ենք հասկանալ սոսկ զոհի և դահճի հարաբերությունների տեսանկյունից։ Մարդու կրքերը չեն բացատրվում։ Չեն բացատրվում, որովհետև խելագարության հիմքում էլ են կրքերը։ Պարզ երևում է, որ ենթադրյալ ռուս տղայի ամբողջ «դրամատիզմը» նրա իրականացրած սպանությունն է։ Եթե անգամ այս արարքում մեծ դեր ունեն օղին կամ վրեժը, սպանության իրականացման մեջ կասկածվողը իրենից արդեն իսկ ներկայացրել է սպանության պատրաստակամություն, քանի որ սպանության «առիթը» միայն արթնացրել է նրա միջի գազանին։
Պարզ է, չէ՞, որ սպանությունը առաջնորդություն ցուցաբերելու մի ձև է։ Այսինքն, սպանում եմ, ուրեմն տեր եմ, սպանում եմ, ուրեմն որոշող եմ և այլն։ Գյումրիի սպանության իրականացման մեջ կասկածվողը (կամ ով էլ որ նա լինի) հազիվ թե այսպիսի «ակցիաների» «ներկայացուցիչ» լինի։ Գաղափարականությունը կամ «հոգևոր» հիմքը այս սպանության մեջ չի երևում։ Եվ հազիվ թե ինքը փորձի պատճառաբանել, թե սպանել եմ այս կամ այն մոտիվով։ Ըստ իս, այս հանցանքի մեջ միակ խոսքը հոգեբաններինն է, ինչպես, ի դեպ, գրեթե բոլոր սպանությունների դեպքում։ Որովհետև, ինչպիսին էլ ի սկզբանէ լինի մարդու կառուցվածքը, սառնասրտորեն արված ոճիրը միշտ հոգեբանական բացատրության կարիք է զգում։ Ինչպես, ի դեպ, ինքնասպանությունը։
«Ո՞վ է մարդասպանը» հարցադրումն ի բնէ չի հնչում։ Մարդասպանը իր առջև խնդիր չի դրել կյանքի և պարտքի ամբողջական ընկալման։ Մարդասպանն իր առջև խնդիր չի դրել դրսևորման։ Մարդասպանն իր հաջորդ օրվա ճարտարապետը չէ։ Երբ նա զենք է վերցնում, նա լուծում է հենց մարդ սպանելու հարցը։ Ինչ էլ փորձի հասկանալ մարդը վեց մարդու սպանությունը քննելով, նա չի բացառելու հաջորդ այսպիսի սպանությունը։ Որովհետև բոլոր հարցերի պատասխանները, միևնույն է, չեն տրվելու։
Հայհոյել այս տղային, որը կասկածվում է սպանությունն իրականացնելու մեջ, նշանակում է ազատություն տալ կրքերին։ Նշանակում է կանգնել նրա հանցանքի կողքը։ Սակայն հենց դա է մարդը։ Հայհոյում ես, երբ քո ամբողջ արդարադատությունը հենց հայհոյանքն է։ Անկասկած, հայհոյանքը քո վերաբերմունքն է առ այն, որ ինքդ երբեք նման բան չես անի։ Ի վերջո, բացառված չէ, որ այս տղան խելագար է, և սպանության իրական պատասխանատվությունը ոչ թե նրա վրա է, այլ նրան զորակոչողների։ Եթե մարդը նա է, որն առանց սպանելու չի կարող, չմտածենք, թե արդարադատությունը կարող է տալ գոնե այս սպանության առաջացրած հարցերի պատասխանը։ Իսկ եթե արդարադատությունը կարող է կանխել հաջորդ այսպիսի դեպքը, չլինենք այդքան «կրքոտ» մեր վերաբերմունքի մեջ, քանի որ այն մեզ մասնակից է դարձնում հաջորդ այսպիսի ողբերգությանը։
Մհեր Արշակյան










