«Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության վերաբացված գործի շրջանակում ձերբակալության որոշում է կայացվել Օզքան Մումջուի և Մուհիթթին Զենիթի նկատմամբ, որոնք ոստիկանական համակարգում Դինքի սպանության ժամանակ զբաղեցրել են պատասխանատու պաշտոններ:
Օզքան Մումջուն և Մուհիթթին Զենիթը մասնավորապես մեղադրվում են Դինքի սպանության մասին նախապես իմանալու և այն չկանխելու մեջ: Որոշումից հետո ոստիկաններին տեղափոխել են դատարան, սակայն դատարանը երկրից դուրս չգալու պայմանով նրանց ազատ է արձակել:
Դինքի գործը քննող դատախազ Գյոքալփ Քյոքչուն առարկություն էր ներկայացրել դատարանի որոշման դեմ: Դատարանն այս անգամ որոշում է ընդունել ձերբակալել երկու կասկածյալներին՝ պատճառաբանելով դա նրանց հանցավոր անփութությամբ:
«Ակօսը» գրում է, որ նրանք ձերբակալվելու և ուղարկվելու են բանտ: Եթե դատարանի որոշումը կյանքի կոչվի՝ նրանք կլինեն Հրանտ Դինքի սպանության գործով ձերբակալված պետական համակարգի առաջին աշխատողները:
Դատարանի որոշման մեջ ասվում է, որ Մուհիթթին Զենիթը կապ է հաստատել Էրհան Թունջելի հետ, որը համարվում է Դինքի սպանության կազմակերպիչներից մեկը: Զենիթը տեղյակ է եղել, որ Հրանտ Դինքը սպանվելու է:
Հրանտ Դինքը սպանվել է «Ակօսի» խմբագրության առջև 2007թ. հունվարի 19-ին: Դատավարությունն ավարտվել էր, և սպանությունն իրականացնող Օգյուս Սամասթը դատապարտվել էր 22 տարի և 10 ամիս ազատազրկման: Դինքի ընտանիքը և փաստաբանները դժգոհ են դատավճռից. ի տարբերություն դատարանի՝ նրանք համոզված են, որ սպանության հետևում հանցավոր խմբակցություն է կանգնած: Հետագայում Դինքի գործը վերաբացվեց, այժմ քննությունը շարունակվում է: Ինչպես երևում է՝ փորձ է արվում ամբողջ մեղքը բարդել գյուլենականների վրա, որոնք այլևս Էրդողանի հետ սերտ հարաբերությունների մեջ չեն:
Օգյուն Սամասթն էլ վերջերս հայտարարել էր, թե իրեն ստիպել են սպանությունն իրականացնել, և որ սպանության հետևում այլ ուժեր կան:
Civilnet











