Գլխավոր Լրահոս

Միգուցե Սուրիկ Խաչատրյա՞նը նշանակվի գլխավոր դատախազ

Միգուցե Սուրիկ Խաչատրյա՞նը նշանակվի գլխավոր դատախազ

Միգուցե Սուրիկ Խաչատրյա՞նը նշանակվի գլխավոր դատախազ: Տպավորություն չունե՞ք, որ ավելի է սազում այդ պաշտոնին և նրանից ավելի տրամաբանական կլիներ լսելը, որ Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու հարցը չի էլ քննարկվում:

Գյումրիի ողբերգությունն անկառավարելի է դարձնում մեր հասարակությանը: Ազգային Ժողովի պատգամավորը հայտարարում է՝ սպանդը քաղաքական ենթատեքստ չունի: Ի՞նչ գիտես, անձա՞մբ ես խոսել Պերմյակովի հետ: Գուցե 8-րդ դասարանից ատում է հայերին, գուցե հայ աղջիկ է մերժել նրան, գուցե նրան ծեծած առաջին տղամարդը հայ է: Եվ ինքը ռուս ժողովրդին «գենետիկորեն անհամատեղելի» է համարում հայերի հետ: Մի մոռացեք, այդ տղան մարդ է սպանել ծառայության առաջին իսկ ամսում, այսինքն, առաջին իսկ առիթի դեպքում: Միգուցե ինքն այդպես է պատկերացրել մեր «գենետիկ անհամատեղելիությանն» իր «քաղաքական» դերը:

ՀՀ փոխոստիկանապետը «մխիթարում» է մեզ՝ եթե խոսեք էդ տղայի հետ, կտեսնեք, որ ոչնչություն է: Բայց ինչու՞ պետք է խոսենք: Մարդն արդեն իր «գործն» արել է, էդ ինչու՞մ պիտի համոզվենք. կասկածներ կային, որ նորմալ տղա՞ է: ՀՀ դատախազությունը պաշտոնական հայտարարություն է տարածում՝ Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու հարցը չի քննարկվում: Տղերք, ինչպես պապս էր ասում, ձեր թաղում քանի՞ հոգի են էսքան խելոք: Այսինքն, չեք էլ փորձե՞լ քննարկել: Այսինքն, մինչև քննարկելը պարզել եք, որ Մյասնիկյան փողոցի 188 տունը ռուսական տարա՞ծք է: Միգուցե զոհերն էլ ՌԴ քաղաքացի՞ են: Հատկապես հրաշքով փրկված վեց ամսական երեխան: Նման դեպքերի համար ավելի ինտելեկտուալ հարց կա՝ մեր դատախազությունում ի՞նչ են ծխում:

Ձեր հայտարարությունը շատ նման էր Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելուն: Մինչև սեպտեմբերի 3-ի կեսօր գնում ենք Եվրոպա, կեսօրից՝ Մաքսային միություն: Օրենքն է այդ տղային թողնում Հայաստանի իրավապահների տնօրինության տակ: Դուք ասում եք՝ չի քննարկվում, որպեսզի հարցը օրենքից դուրս դնեք: Միգուցե Սուրիկ Խաչատրյա՞նը նշանակվի ՀՀ գլխավոր դատախազ: Նա գոնե իրավաբանական ֆակուլտետ չի ավարտել: Մարդասպան է, բոլոր անմարդկային հանցանքները կատարած անձ: Տպավորություն չունե՞ք, որ ավելի է սազում այդ պաշտոնին, և նրանից ավելի տրամաբանական կլիներ լսելը, որ Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու հարցը չի էլ քննարկվում: Դուք պատկերացնու՞մ եք, թե ինչքան մեծ կլինի հայ ժողովրդի հիասթափությունը, եթե նա հենց վաղը հայտարարի, որ Պերմյակովին պետք է դատի հայկական դատարանը:

Ռուսներն ասում են, թե չի արտահանձնվելու Հայաստանին: Մերոնք էլ խելոք-խելոք լսել են: Հարգելի իրավաբաններ, արտահանձնում են տվյալ պետության տարածքից դուրս գտնվողին, որի գործողությունները վտանգել են հենց այդ երկրին: Օֆշորային սկանդալի հերոս Աշոտ Սուքիասյանին արտահանձնեցին Հայաստանին: Հունգարիան Ռամիլ Սաֆարովին չարտահանձնեց, դատեց, դատապարտեց ու ծախեց (էս «ծախեց» բառը չմոռանաք, թեպետ մեր դեպքում ճիշտ կլինի փոխանակումը՝ Պերմյակովի դիմաց՝ Հրաչյա Հարությունյանին. թեպետ ռուսական պարզճակատ ցինիզմը դա բացառում է, չեն փոխանակի): Հայաստանի տարածքում գտնվող Պերմյակովին ո՞ր տրամաբանությամբ չեն արտահանձնելու իր հանցանքների երկրին, եթե նա արդեն այդ երկրում է, որի դեմ կատարել է հանցագործությունը: Բոլորը գիտեն, որ նա ռուսի չի սպանել, Ռուսաստանում չի սպանել: Սպանել է ռուսական զենքով, լքել է ռուսական զորամասը: Զբաղվեք և վերադարձրեք այդ տղային: Չենք ուտելու:

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովն ասում է, որ ռուս տղան մեր բանտում է նստելու: Բարև ձեզ: Դուք նույնպե՞ս իրավաբան եք: Միգուցե դու՞ք եք Գևորգ Կոստանյանը: Նա կարծես թե բոլորովին ուրիշ բան էր ասել: Ընդ որում ձեզ նման իրավական գիտելիքներից հեռու ձևակերպումներով: Ամբողջ հանրությունը բորբոքված է՝ այս ինչ արհամարհանք է հայ ժողովրդի հանդեպ, ռուս զինվորը մեր տարածքում է կատարել հանցագործությունը և պետք է հանձնվի հայ իրավապահներին: Ո՞վ ասաց, տղերք, ո՞վ ասաց: Կարո՞ղ եք, գնացեք ռուսների ձեռքից վերցրեք այդ տղային: Նրանք ատամներով են պահելու հանցագործին, որովհետև եթե մարդն օրը ցերեկով հայտարարում է, որ վեց ամսական երեխային փրթել է, որովհետև ավտոմատը չէր կրակում, զգացել է, թե ինչ «մոշչ» է կանգնած իր թիկունքում: Նա ծիծաղել է մեր և իր զոհերի վրա: Դուք ի՞նչ ունեք առաջարկելու սրա դեմ:

Հրաչյա Հարությունյանին պահեցին ու դատեցին, չէ՞: Որովհետև կարող են: Որովհետև ձեր կարծիքը չեն հարցրել, ինչպես չեն հարցրել Մաքսային միություն և ԵՏՄ քարշ տալիս: Այն, ինչ տեղի է ունենում այս սպանդի շուրջ, ռուս հասարակության խնդիրն է, եթե ռուս հասարակությունը չի կարող այս գործին զուտ քաղաքակրթական լուծում տալ, այսինքն՝ հասնել նրան, որ Պերմյակովի անձը չդառնա հայ-ռուսական բարոյական հակամարտության հարց, լավ: Եթե չի անելու,- իսկ ոչ մի կասկած, որ չի անելու,- ուրեմն մոռացեք Պերմյակովի մասին: Մենք կորցրել ենք նրա վրա ունեցած մեր վերահսկողությունը:

Թվում է, թե այս իմաստով տրամաբանական է արևմտամետ ակտիվիստների պահանջը՝ մեզ Պերմյակովը պետք չէ, թող 102-րդ ռազմաբազայի հետ հանեն, տանեն Ռուսաստան և ինչ ուզում են թող անեն: Մեկ րոպե: Գերմանացիները կոտորեցին հրեաներին, բայց Հոլոքոստի հուշարձաններն իրենց հողի վրա են կառուցել, որպեսզի չմոռանան: Եթե մենք Պերմյակովին՝ «կենդանի հուշարձանին» հանձնենք, ո՞րն է լինելու այդ հանցանքի մեր բարոյական,- մեղա, մեղա,- օգուտը: Ի վերջո, եթե հանձնենք, ինչո՞վ չենք ամրագրում Գևորգ Կոստանյանի և մեր իրավապահ համակարգի ինդուլգենցիան: Եվ ինչու՞ է հարկատուն նրանց փող տալիս, եթե մեր վեց զոհերի մարդասպանին հանձնում ենք իր հարազատ իրավապահներին: Ես չեմ ասում նրանք չենք դատելու: Ես ասում եմ, թե այդ պահից ի՞նչ ես դնելու մեր իրավադատության համակարգի անունը: Այնպես որ, ըստ իս, ռուսները մեղավոր չեն իրենց կամային ցինիզմի մեջ, երբ Պերմյակովին չեն տալիս: Նրանք Պերմյակովին «գործուղել» և «վերցրել» են այն օրը, երբ մարտի 1-ի արդյունքում նախագահ հռչակված Սերժ Սարգսյանին 2008-ին առաջինն անձամբ շնորհավորեց Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, իսկ Սերժ Սարգսյանն էլ նրան շնորհակալություն հայտնեց աջակցության համար: Հիշու՞մ եք:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում