Թուրքական Haberturk թերթը հարցազրույց է արել հայտնի լեզվաբան, հրապարակախոս Սևան Նշանյանի հետ, որն այս պահին գտնվում է թուրքական բանտում: Նշանյանը դատարանի կողմից ազատզրկման է ենթարկվել ապօրինի շինաարարություն իրականացնելու մեղադրանքով: Ինքը՝ Նշանյանը, համոզված է, որ բանտում է Մուհամեդ մարգարեի ու իսլամի մասին գրած հոդվածի պատճառով: Սևան Նշանյանի հետ հարցազրույցը որոշ կրճատումներով ներկայացնում ենք ստորև:
59 տարեկան եք, ի՞նչ եք սովորել այս կյանքից:
Ոչինչ: Վերջը մահ է:
Վախենո՞ւմ եք մահից:
Ո՛չ, իսկ նախկինում շատ կվախենայի: Մի քանի անգամ մահվան դեմ հանդիման են կանգնել: Իսկ հետո, երբ հասկացա, սկսեցի չվախենալ:
Զղջո՞ւմ եք:
Ինչ կարողացել եմ անել՝ լավագույն ձևով եմ արել: Ավելի շատ բան կանեի, եթե ծույլ չլինեի: Օրինակ՝ հինգի փոխարեն տասը երեխա կունենայի, ավելի շատ «Նշանյան տներ» կկառուցեի, գրքեր կգրեի: Շատ ժամանակ եմ վատնել:
Ո՞րն է Ձեր ամենամեծ գործը:
Երեխաներս:
Վայ, չասացիք՝ «իմ գրքերը»:
Որովհետև երեխան անմահ է: Գրքերն ու շինություններն անցողիկ են: Որոշ ժամանակ անց կդադարեն ձերը լինելուց: Երեխաներն այդպես չեն, նրանք ձերն են… Երնեկ ոչ թե մեկ, այլ տասը մարդ լինեի: Երանի նոր ծանոթություններ հաստատելիս՝ հներին կյանքիցս չհանեի:
Մռա՞յլ մարդ եք Դուք:
Ավելի շատ անհամբեր մարդ եմ:
Այդ ժամանակ ուրեմն միայնակ եք մնում:
Իրականում ես եմ մենություն ստեղծում ինձ համար: Երեք տարեկանից միայնակ եմ: Շատ-շատ, հսկայական թվով մարդկանց եմ ճանաչում, սակայն միայնակ եմ: Մարմինս էլ առաջվանը չէ: Երիտասարդ կանայք ինձ արդեն «հորեղբայր» են ասում: Իմ տարիքի տղամարդու ճակատագիրն է սա և ուրիշ ոչինչ:
Աստվածային արդարության մասին չհարցնեմ չէ՞ Ձեզ:
(Ծիծաղում է) Դատական համակարգում աշխատող մարդիկ իմ դեմ շատ բաներ են արել: Հակառակ դեպքում շինարարության աբսուրդ պատճառով այստեղ չէի լինի: Հեռվից եմ նայում իմ շուրջ կատարվող իրադարձություններին, և պատկերը հետևյալն է. «Էս տղեն մեկ թռավ, երկու թռավ, երրորդ անգամ բռնեցինք»:
6.5 տարվա ազատազրկումը Ձեզ վախեցնո՞ւմ է:
Դա դեռ սկիզբն է: Այն ավելի երկար կարող է ձգվել, ուստի վախենում եմ:
Շիրինջե գյուղի համար երկար պայքար եմ մղել: Կառուցողական, փիլիսոփայական ու տնտեսական նոր մոտեցում եմ բերել: Մտորելու տեղիք տվող մոդել եմ ստեղծել: «Շիիրիջե»-ի մոդելն այժմ համալսարաններում դասավանդում են, իսկ ես այստեղ եմ: Մեծ խայտառակություն է:
Չէի մտածում ու չէի կարող կանխատեսել, որ իսլամի վերաբերյալ իմ գրածները այդչափ տարածում կգտնեն: Գուցե դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ արևմտյան կրթություն եմ ստացել, նրանց մեջ եմ մեծացել: Ամենևին չեմ ցանկանում հավատացյալ մարդկանց վրդովմունք պատճառել, մեծ հարգանք ունեմ նրանց նկատմամբ: Մզկիթ մտնելիս պարտադիր հանում եմ կոշիկներս: Սակայն կրոնի վերաբերյալ ստիպված չեմ հարգալից խոսել: Հատկապես կրոնական սնոտիապաշտությանը հավատացողները թող ինձնից չակնկալեն, որ իրենց հարգելու եմ:
Ձեր կարծիքով է սնոտիապաշտություն: Ինչո՞ւ եք վիրավորում:
Որովհետև նրանք սխալվում են:
Միգուցե Դո՞ւք եք սխալվում:
Այս հարցում ես կասկած չունեմ: Մեկը պետք է ասի «Թագավորը մերկ» է: Ես սուրբ եմ համարում խիղճն ու խելքը: Եվ իմ սրբությունն է պաշտպանել դրանք: Կյանքում ամենակարևորը բանը, որ կարողանում եմ անել, մարդկանց պաշտպանելն է հիմարությունից և անգրագիտությունից:
Ու վեր կացաք և Մուհամեդ մարգարեի ու իսլամի վերաբերյալ հոդված գրեցիք:
Մինչև 2010թ. մտածում էի՝ որպես Թուրքիայի հայ այս խնդրի մեջ մտնելու իրավունք չունեմ: Սակայն հետագայում զգացի, որ հարձակման տակ եմ գտնվում: Թուրքիայում մարդկանց վրա ճնշում է գործադրում կրոնական սնոտիապաշտությունը: Աստիճանաբար այն տարածվում է կյանքի տարբեր ոլորտների վրա: Դա սպառնում է ազատ մտածողությանը: Եվ այդ հոդվածն իմ խոսքն էր տեղի ունեցողի դեմ: Սակայն չէի մտածում, որ այս իրավիճակին կհանգեցնի:
Այսինքն այս հոդվածը եթե չգրեիք, այստեղ չէի՞ք լինի:
Չէի լինի:
Բանտում ինչպե՞ս եք անցկացնում ժամանակը:
Բառարանի վրա եմ աշխատում, գրում եմ թուրքերենի պատմությունը: Չափազանց շատ դասական երաժշտություն եմ լսում, ամերիկյան ֆիլմեր եմ դիտում:
Ի՞նչպես կմեկնաբանեք ծագումով հայ Էթյեն Մահչուփյանի նշանակումը Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի խորհրդականի պաշտոնում:
Իհարկե շատ կարևոր է: Կարևոր է, որ, հայ լինելուց բացի, խորհրդական է նշանակվել նման լավ և ինտելեկտուալ անհատը:
Թուրքական հասարակությունը 1915-ի պետական պաշտոնական դիրքորոշումից անցնում է մի այլ փուլի, որը կարելի է կոչել «երնեկ այդպիսի բան չլիներ»: Եվ այս համատեքստում միանգամից գտնվեց մեղավորը, մեղքը գցվեց «Միություն և առաջադիմություն» (երիտթուրքական) կուսակցության վրա: Իրականում՝ ասել «Միություն և առաջադիմություն», նշանակում է ասել Թուրքիա:
Ի՞նչ եք մտածում «Շառլի Հեբդո» պարբերականում կատարված սպանդի մասին:
Պատմական իրադարձություն է: Հետագայում դրա մասին խոսվելու է որպես դարի իրադարձություն: Աշխարհիկ համակարգը սպառնալիքի տակ է: Արևմտյան աշխարհը պետք է միավորի իր ուժերն ու պայքար մղի:
Թուրքիան որտե՞ղ է այս հարցում:
Չորս-հինգ տարի առաջ պատասխանը հայտնի էր: Այժմ չեմ կարող պատասխանել:
Civilnet











