Գլխավոր Լրահոս

Հոգևորականներ, մի՛ մտեք մեր և այս իշխանությունների արանքը

Հոգևորականներ, մի՛ մտեք մեր և այս իշխանությունների արանքը

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը երեկ ամենևին էլ պատահաբար չհայտնվեց Շիրակի մարզի դատախազության շենքի դիմաց բորբոքված ժողովրդի առջև։ Նրան դատախազության շենքի մոտ բերելու հրահանգը տվել է Շիրակի մարզի կամ Հայաստանի գլխավոր դատախազը։ Վերջիններս հասկացել են, որ Հայաստանում չկա մի պետական կառույց, որը կարող է հանգստացնել բորբոքված մարդկանց։ Իսկ չկա մի պետական կառույց այն պարզ պատճառով, որ Հայաստանում այլևս իշխանության ոչ մի ներկայացուցիչ վստահելի չէ։ Վստահելի չէ, որովհետև լեգիտիմ չէ հիմքից։ Այսինքն, իշխանության գլխի ոչ լեգիտիմության մետաստազները մտել են արդեն պետական բոլոր կառույցների մեջ։ Հենց այսպիսի բաները նկատի ունենք, երբ ասում ենք, որ Հայաստանին շտապ պետք են խորհրդարանի և նախագահի արտահերթ ընտրություններ։

Այս երկրին գոնե մեկ լեգիտիմ կառույց է պետք։ Երբ պետական կառույցի մոտ բորբոքված ժողովրդին ցրելու համար գլխավոր դատախազը հոգևորական է կանչում, նա պետք է հրաժարական տա։ Որովհետև անմիջապես մատնեց Հայաստանի պետական համակարգի սնանկությունը։ Նախ ինչո՞ւ պետք է ժողովուրդը տուն գնա, եթե ոչ մի հարցի պատասխանը չի ստացել և մասնավորապես այն հարցի, թե ինչո՞ւ ի սկզբանե ռուս տղան հայտնվեց ռուս իրավապահների ձեռքում։ Երկրորդ, ինչո՞ւ եք պետական իշխանությունը դարձնում եկեղեցու պատանդը։ Չէ՞ որ ժողովրդին հանգստացնելով՝ եկեղեցին քաղաքական իշխանությանը ծառայություն է մատուցում, նրա գործն է անում, ընդ որում՝ անում է ոստիկաններով շրջապատված։ Նրա՞ն էլ էր ուտելու ժողովուրդը, եթե մտադիր էր ինչ-որ մեկի գլուխն ուտել։ Վաղը այդ նույն եկեղեցին իր հաջող իրականացրած «առաքելության» համար ձեզանից՝ իշխանություններից, բազմաթիվ մանր ծառայություններ կպահանջի՝ նոր կալվածքներ, Առաքելական եկեղեցու բացառիկության նոր, չլսված, չտեսնված կարգավիճակ, հարկ եղած դեպքում՝ քաղաքական դերակատարություններ։

Դուք հասկանո՞ւմ եք, երեկ «Աստծո ծառան» բացարձակապես ոչ հոգևոր բնույթի հայտարարություններ էր անում։  Նա ասում էր, որ ժողովուրդը Հայաստանի գլխավոր դատախազից պահանջելու բան չպետք է ունենա, պետք է ունենա ռուսներից։ Հասկացաք, չէ՞։ Այսինքն, ողբերգության առաջին ակնթարթից մինչև հիմա ձեռքերը ծալած Հայաստանի իշխանությունից ժողովուրդը ոչ մի պահանջ չպետք է ունենա, այլ պետք է ունենա իր զինվորի իրավունքների և ճակատագրի համար մտահոգ ռուսական իրավապահներից։

Երբ, այնուամենայնիվ, նրա «առաքելությունը» տապալվեց (այս մասին արդեն կաթողիկոսը պետք է մտածի, թե ինչու է իշխանության հանդեպ անհավատությունը տարածվել նաև եկեղեցու վրա), և տեղի ունեցավ բախում ու ձերբակալություններ, եպիսկոպոսը էլ ավելի բորբոքված ժողովրդին հանգստացրեց արդեն բոլորովին հակաիրավական «մխիթարանքով»՝ ես կբարձրանամ դատախազի մոտ և կմիջնորդեմ ձերբակալվածներին ազատ արձակելու համար, իսկ դուք ցրվեք տներով։ Տեսեք. եպիսկոպոսը իր հերթին է մատնում մեր իրավական համակարգի սնանկությունը։ Ինչո՞ւ պետք է եկեղեցու ներկայացուցիչը միջնորդի։ Որովհետև գիտի, որ բորբոքված ժողովուրդն, այնուամենայնիվ, նախահարձակ չի եղել, և իրավապահները մի ղալաթ արած կլինեն, որպեսզի բողոքը տանեն հակաիրավական հուն։ Մյուս կողմից, ինչո՞ւ է եկեղեցին միջնորդում։ Միգուցե ձերբակալվածները միջնորդության կարիք չունեն։ Միգուցե ներսից են ուզում տեսնել մեր իրավապահների փտածության աստիճանը։ Միգուցե անձամբ են ուզում համոզվել, թե ինչու ռուս զինվորը չի կարող հանձնվել Հայաստանի իրավազորությանը։ Միգուցե նրանք ուզում են իմանալ, թե իրենց ձերբակալման փաստի մեջ որտեղ է Հայաստանի Հանրապետությունը։

Հոգևորականն, ուզենք, չուզենք, այնուամենայնիվ, ինչ-որ դեր ունի մեր կյանքում։ Նա այդ դերը պետք է կատարի։ Նա ինստիտուցիոնալ ներկայություն է։ Ինձ, օրինակ, դուր է գալիս հոգևորականի ներկայությունը հուղարկավորության արարողություններին։ Հոգևորականը ցանկացած ողբերգություն պահում է ողբի ծիրի մեջ, նա «սառը ցնցուղ» է դառնում սիրելի հարազատի անվերադարձ կորստի մասին մտքի վրա։ Հանգուցյալի հարազատներին նրա ներկայությունը հուշում է, որ մահացածի թիկունքում Աստված կա։ Այսինքն, ինստիտուցիոնալ իմաստով հոգևորականը կարևոր անձ է, մահը ապրող և ողբացյալ մարդկանց մեջ նրա «աստեղային ժամի» կոչնակն է։ Բայց՝ մահը։ Եվ ոչ թե մնացած աշխարհիկ բաները։ Եկեղեցում ոչ մի ողբացյալ չի համարձակվում սգավորի իր «ափերից» դուրս գալ։ Սուրբ Նշան եկեղեցում երեկվա հոգևորականությունն իր բարձրության վրա էր, նրանք ասես մահից եկած լինեին։ Այն իմաստով, որ «տեսել» են Աստծուն։ Եվ գիտեն, որ հանգուցյալը անտեր չէ։ Կատակ բան չէ վեց հանգուցյալի ներկայությամբ պատարագ անելը (մյուս կողմից՝ հոգևորականը հանգուցյալի հետ հարազատության մեծ բազա չպետք է ունենա, այլապես կխափանի ինստիտուցիոնալ սառնասրտությունը, որը նրա կոչումն է այսպիսի պատարագների ժամանակ)։ Բայց քաղաքացին, երբ իշխանություն է ձևավորում, իր անտեր չլինելու հարցերն է լուծում։

Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետ եկեղեցին ի՞նչ գործ ունի։ Ինքը տե՞ր է, եթե հանկարծ ռուսները որոշեցին Հայաստանը էս ծերից էն ծերը սրբել։ Թե՞ եկեղեցուն կրկին պետք է այնպիսի տարածք, որտեղ իրենք դարձյալ միաժամանակ և՛ հոգևոր, և՛ աշխարհիկ իշխանություն են, ինչպիսին եղել են 600 տարի շարունակ մինչև պետականության ծնունդը։ Ռուսների հանդեպ էդ թշնամությունը թողեք մեր իշխանությունների վրա, նրանք հենց դրա համար են ստեղծված։ Ավելին, նրանք ստեղծված են որևէ մեկի հետ լեզու չգտնելու համար։ Մի մտեք մեր և նրանց արանքը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում