Գլխավոր Լրահոս

Ստամբուլում Դինքի անունով փողոց կոչելու առաջարկ

Ստամբուլում Դինքի անունով փողոց կոչելու առաջարկ
Հրանտ Դինքի սպանության 8-րդ տարելիցի նախօրեին Ստամբուլի Բաքըրքոյ շրջանի համայնքապետարանի անդամները հանդես են եկել Ստամբուլի փողոցներից մեկը «Ակօս» թերթի նախկին գլխավոր խմբագրի պատվին անվանակոչելու նախաձեռնությամբ: Այդ նպատակով Բաքըրքոյի ավագանու անդամները դիմել են  շրջանային խորհրդի նախագահությանը, որը տվել է իր համաձայնությունը, հաղորդում է «Ակօս» շաբաթաթերթը: Նախաձեռնության հեղինակները քաղաքային խորհրդի կազմում ընդգրկված ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամներն են, այդ թվում՝ հայկական արմատներ ունեցող Նուրհան Չեթինքայան: Այժմ առաջարկն ուղարկվել է  Կառուցապատման և քարտեզագրման հանձնաժողով, որը ճշտելու է, թե Բաքըրքոյի շրջանի ո՞ր փողոցը կարող է անվանակոչվել Հրանտ Դինքի անունով: Փողոցի անվանակոչության հարցը քննարկվելու է նաև Դինքի ընտանիքի հետ: Կլինի՞ Դինքի անունով փողոց, թե՞ ոչ. այս հարցի վերջնական պատասխանը տալու է Ստամբուլի քաղաքային խորհուրդը: Բաքըրքոյի թաղապետարանից հայտնել են, որ եթե մերժվի առաջարկը, իրենք հանդես են գալու նոր առաջարկով՝ պոլսահայ լրագրողի անունով կոչել շրջանի մշակութային կենտրոններից մեկը: Դինքի սպանությունից հետո քաղաքացիների մի խումբ Ստամբուլի Շիշլի թաղամասի փողոցներին մեկը կոչել է Դինքի անունով և տեղում վահանակ փակցրել: 2010թ. փետրվարին Ստամբուլի համապատասխան մարմիններին առաջարկ էր արվել Շիշլիի Էրգենեքոն (Էրգենքոնը համարվում է թուրքերի առասպելական նախահայրենիքը-ՍիվիլՆեթ) պողոտաններից մեկը կոչել Դինքի անունով: Սակայն քաղաքային խորհուրդը ձայների մեծամասնությամբ մերժել էր այդ առաջարկը: Մերժվել էր նաև «Շաֆաք» անունով փողոցը (թուրքերեն՝ «արշալույս»), Դինքի անունով կոչելու առաջարկը: Քաղաքային խորհուրդն իր ժխտական պատասխանը հիմնավորել էր այն փաստարկներով, թե փողոցների, հրապարակների, այգիների անվանումների փոփոխությունը հարված է հասցնում մշակութային արժեքներին, առաջացնում հասցեները գտնելու դժվարություն ու շփոթ, պատճառ դառնում նյութական կորուստների, ինչպես նաև սխալ է անվտանգության տեսանկյունից: Այսօր Հրանտ Դինքի սպանության 8-րդ տարելիցն է:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում