Գլխավոր Լրահոս

«Իմ Հայրենիքից մահը եկավ»   

«Իմ Հայրենիքից մահը եկավ»   
Ո՞վ է կասկածում, որ Պուտինի հետ իր անձնական հանդիպումների ժամանակ Սերժ Սարգսյանն իր նվաստացուցիչ հավատարմության վարձքն է ուզում, մոտավորապես հետևյալ տեքստով՝ Վլադիմիր Վլադիմիրովիչ, գոնե էլեկտրաէներգիան մի թանկացրեք: Եվ Վլադիմիր Վլադիմիրովիչը,- մարդ է, չէ՞,-կարող է ասել՝ ոչ մի խնդիր, Սերժ Ազատիչ: Կարող է նույնիսկ ուսին թփթփացնել, ժպտալ, միասին գնալ ձիարշավ նայելու: Կարող է: Ես նույնիսկ վստահ եմ, որ ինչ-որ խոստումներ տալիս է: Բայց չի կատարում իր խոստումները: Ինչո՞ւ: Որովհետև Վլադիմիր Վլադիմիրովիչը դադարել է այդ մարդուն ընկալել գործընկերային հարաբերության նույնիսկ ամենացածր սանդղակում: Ինքը չի ասում՝ դու արա այսինչ բանը, ասենք, Պերմյակովին պրծացրու ձեր իրավապահների ձեռքից, էլեկտրաէներգիան էս տարի չեմ թանկացնի: Ինքը հրահանգում է մեր իրավապահներին հեռու պահել Պերմյակովից ու հրահանգին զուգահեռ հայտարարում,- ընդ որում մեր Զախարյան Երվանդի շուրթերով,- որ էլեկտրաէներգիան կթանկանա: Ընդ որում, էդ թանկացման որոշումը շատ ավելի վաղ է նա կայացրել: Բայց հայտարարելու մասին հրահանգն էլ է նրանը: Վատագույն դեպքում, եթե նույնիսկ նրանը չէ, մեր իշխանություններն այդ փաստն այլևս թաքցնելու տեղ չունեն: Ու՞մ մտքով կանցնի միանգամից վեց (արդեն՝ յոթ) հոգու գազանային սպանության առիթով երկրում սուգ չհայտարարել: Սա ի՞նչ է՝ կանխիկ խոստովանություն այն բանի, որ այդ երկիրը չկա՞: Որ չեղած պետական միավորի մեջ սուգ չեն հայտարարու՞մ: Ինքը գիտի: Գիտի, որ սուգ հայտարարելու համար արդեն պարզ տղամարդկային որակներն էլ իրավունք չունի բանեցնելու: Վլադիմիր Վլադիմիրովիչից լրիվ այլ կերպ վարվելու հրահանգներ է ստացել: Եվ ինչու՞ այս իրավիճակը, երբ Հայաստանի Հանրապետությունը, որպես անկախ միավոր, փաստացի գոյություն չունի, ապստամբության կամ հեղափոխության չի հանգեցնում: Ես չգիտեմ: Ինձ ցնցում է Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնողի բառի բուն իմաստով հակապետական վարքագիծը: Ինքը գիտի, որ անձամբ պետություն է տանուլ տվել, գիտի, որ միակ պատճառն ինքն է, գիտի, որ նույնիսկ Զախարյան Երվանդի նման միայն իր գոյությամբ տարված մարդն այստեղ մեղավոր չէ, նույնիսկ Միքայել Մինասյանն ու Ալեքսանդր Սարգսյանը մեղավոր չեն, բայց հրաժարական չի տալիս: Որովհետև ուզում է նախագահ լինել Հայաստանի Հանրապետության երևութականության վերջին փշրանքների հաշվին: Եվ էդ վերջին փշրանքները, իբրև «կայուն ծանր» վիճակում գտնվող սվինահարված երեխայի առողջություն, մասնակից չեն իր անունից հռչակվող ինքնասպանությանը: Էդ վերջին փշրանքները իրիկունը պարզապես գնում են քնելու հենց կրծքում տաքացնելով Վալերի Պերմյակովին: Ինչ-որ մեկը Սերժ Սարգսյանին պիտի հասկացնի՝ մեզ պատերազմ են հայտարարել: Ոչ թե՝ ռուսը, թուրքը, ադրբեջանցին, ամերիկացին, այլ Աստված գիտի, թե ով: Որովհետև երբ հավատ ունես մեկի նկատմամբ ու գնում ես քնելու, դա դառնում է քո առողջության, քո խաղաղության վերջին օրը: Վերջ, էլ հանգիստ քնել չկա, ու սա էլ Բուդապեշտը չէ, որտեղ հունգարացին հային ու ադրբեջանցուն հյուրընկալելիս հույս ունի, որ երկուսն էլ իր հողի խաղաղության կրողներն են: Հույս ունի, որ Ռամիլ Սաֆարովին վստահել է ընդգրկուն խաղաղության աչքերի մեջ նայելու պատիվը: Հունգարացուն գնա բացատրի, որ եթե մեկը սրտում ատելություն ունի, որ եթե այդ մեկը խելագար է, դրան վիրահատություն չկա: Այս պատերազմում կացիններ չկան, սահմանամերձ գոտի չկա, դիպուկահարներ և դիվերսանտներ չկան: Ինչ-որ մեկը Սերժ Սարգսյանին պետք է տեղյակ պահի՝ Գուրգեն Մարգարյանին սպանողը ադրբեջանցի է, բայց Ռամիլ Սաֆարովի զոհը հայ չէ: Բոլոր ադրբեջանցիները չեն, չէ՞, որ կացին կունենան ու կընկնեն քնած հայի վրա: Հենց Մհեր Արշակյանը Փարիզում քնած ադրբեջանցի սպանի, կդառնա հայ, որի գլուխը լցրել են, որ բոլոր ադրբեջանցիները տականք են, որ օրորոցում քնած վեց ամսական երեխան էլ է տականք և հետևաբար ապրելու իրավուն չունի: Ուրեմն, ի՞նչ կապ ունի Վլադիմիր Պուտինը, մարդ Աստծո: Ի՞նչ կապ ունի, որ մարդասպանը Ռուսաստանի քաղաքացի է: Դուք ցույց տվեք մեր իրավունքի աշխատող գոյությունը, եկեք միասին տեսնենք՝ մենք իրավունքներ ունե՞նք, թե՞ ոչ: Որպեսզի հասկանանք, թե հարվածը որտեղից եկավ: Եթե չունենք իրավունքներ, Պերմյակովը սոսկ դասալիք է: Դատախազ Կոստանյանն այն մարդը չէ, որը մեզ կբացատրի, թե ինչ հույսեր ունենանք: Մեզ հոդաբաշխ իշխանություն է պետք, որը կձևակերպի, որ «իմ հայրենիքից մահը եկավ», բայց ոչ՝ իմ զինվորից: Որպեսզի հասկանանք, թե ռուսներին ի՞նչ մոծակ կծեց, որ ադրբեջանցիների նման ուղիղ տեքստով հովանավորում են իրենց ոճրագործին:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում