Կենտրոնական բանկը հունվարի 21-ի արտահերթ նիստին որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 1 տոկոսային կետով՝ սահմանելով 9.5%։ ԿԲ խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերջին փոփոխությունն արել էր 2014թ․ դեկտեմբերին՝ այն բարձրացնելով 1.75 տոկոսային կետով՝ սահմանելով 8.5%։
Ինչպես ասված է ԿԲ հաղորդագրությունում, վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվում է «դրամավարկային քաղաքականության դիրքը պահպանելու նկատառումով»։
Միաժամանակ՝ ձևավորված շուկայական բարձր տոկոսադրույքները նվազեցնելու նպատակով ԿԲ-ն իջեցրել է լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 3 տոկոսային կետով՝ սահմանելով այն 17%։ Սա, ըստ գլխավոր դրամատան, «արտարժութային շուկայում ճնշումների արդեն իսկ թուլացման պարագայում կնպաստի բարձր գնաճային սպասումների չեզոքացմանը և գնաճի նպատակի իրագործմանը»։
ԿԲ-ն նշում է, որ 2014թ. դեկտեմբերին արձանագրվել է 3% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.6%։
«Վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերջին որոշումից հետո արտաքին հատվածում հիմնական հումքային և պարենային շուկաներում պահպանվել են գնանկումային միտումները, որոնց հնարավոր արտացոլման չափն ու արագությունը ՀՀ համապատասխան շուկաների գնային փոփոխություններում դեռևս անորոշ է։ Գործընկեր երկրներում նույնպես գրանցվել են գնանկումային ճնշումներ, բացառությամբ Ռուսաստանի, որտեղ ռուբլու՝ տարեվերջին գրանցված աննախադեպ արժեզրկումն արտահայտվել է գների մակարդակի՝ աճի ուղղությամբ ճշգրտմամբ։
«Մյուս կողմից՝ չնայած ներքին տնտեսությունում որոշակիորեն մեղմվել են 2014թ․ վերջին ձևավորված բարձր գնաճային սպասումները, այնուամենայնիվ, դրանք դեռևս պահպանվում են, ինչն էլ արտահայտվում է ֆինանսական շուկայում՝ տնտեսավարող սուբյեկտների մոտ բարձր դրամային տոկոսադրույքների պահանջի դրսևորմամբ: Կենտրոնական բանկի խորհուրդը գտնում է, որ առկա բարձր տոկոսադրույքները, որոնք ձևավորվել են ԿԲ լոմբարդային ռեպո գործիքի տոկոսադրույքի շուրջ, մասամբ ներառում են նաև համաշխարհային տոկոսադրույքների և զարգացող երկրների ռիսկի հավելավճարի երկարաժամկետ աճի միտումը»,- ասված է ԿԲ հաղորդագրությունում։
Civilnet











