Գլխավոր Լրահոս

«Լեվիաթան». մեր մեջի հրեշը

«Լեվիաթան». մեր մեջի հրեշը

«Լեվիաթան»-ում Աստված չկա: Մինչդեռ ռուսները խոշորացույցով դրական հերոս են փնտրում այս ֆիլմում, այսինքն, մի քիչ «մերձԱստված»: Մարդիկ ուզում են բեմականացված հույս: «Տվեք մեզ հույսը»,- ասում են ֆիլմի վերնագիրն ավելի վատ, քան նրա ստացած մրցանակները տեսնողները: Նույնիսկ Հոբի անհուսությունը վարձատրվում է: Այս ֆիլմում վարձք չկա: Կամ այն բանտում է: Այսինքն, անելանելիության փաստաթղթավորման մեջ:

Հեղինակը՝ Անդրեյ Զվյագինցևը, «Լեվիաթանի» ընկալման բոլոր սանդղակները խաղարկել է՝ աշխարհն է Լեվիաթան, մեր շուրջն է Լեվիաթանը, և մենք ենք Լեվիաթանը: Ավելին, մեր իրերն են Լեվիաթան՝ օղին, բանտը, եկեղեցին, դատարանը: Այսինքն, ինչ մտքովդ անցնում է, լեվիաթանիզմ է: Այստեղ հերոսներ չկան: Հենց մեկին ընկալեցիր որպես հերոս, պահանջելու ես «հեփի էնդ»: Դրական հերոսն ամենուր հակադիմադրողական է, այսինքն, ելք առաջարկող չէ, միայն կոտրում է դիմադրողականությունը: Մարդը բարությամբ չի կոփվում: «Լեվիաթանի» բոլոր կերպարների մեկնարկային կետն արդեն իսկ ելքի բացակայությունն է: Հետևաբար, նրանք պետք է կոփվեն անելքության մեջ: Ինչպես՝ Սիզիփոսը:

Ո՞վ է Լեվիաթանը՝ հրեշ: Ֆիլմում նույնիսկ երեխան է դրսևորում իր հրեշավոր որակները մոր հետ շփումներում: Ամենասկզբից նույնիսկ էական էլ չէ, թե ինչու են մարդիկ այդպիսին՝ հարբեցող, պատվախնդիր: Այդպես են և վերջ: Ոչ ոք ինքն իր հետ բախում չունի: Բոլորի բախումը իրենից դուրս է: Այսինքն, ամենքին մարդ է պետք բախման համար: Չկա մարդ, չկա բախում: Սա ֆիլմ չէ կոռուպցիայի մասին, որպիսին այն երևում է Պոզներին: Սա ֆիլմ չէ Ռուսաստանի մասին, որպիսին այն երևում է աշխարհին: Նա, ով ֆիլմը բանտում է ռուս իրականության մեջ, ամեն ինչում է փնտրում ռուսական բանտը: Աշխարհը սակայն այդպիսին չէ, որովհետև աշխարհը նախ և առաջ մարդն է, որն ամեն տեղ կա, և Լեվիաթանն է, որը գրավել է մարդուն, ինչպես տարածքներն են գրավում: Ի՞նչ է պատմում այս ֆիլմը:

Քաղաքապետը եկեղեցու համար տարածք է գտել և ուզում է այն խլել Նիկոլայից՝ «էժանով»: Նիկոլայը համաձայն չէ: Նա թանկ է ուզում: Մոսկվայից հրավիրում է փաստաբան ընկերոջը, որն ուզում է գործը շահել շանտաժով: Նիկոլայի կինը հոգու խորքում համաձայն է, որովհետև փոփոխություն է ուզում: Այդ փոփոխության ջիգրու է տրվում փաստաբանին: Սա բացահայտվում է, և մոր հետ խնդիրներ ունեցող որդին հորն առաջարկում է հրաժարվել մորից: Իսկ քաղաքապետը մահվան սպառնալիքով «սղկում» է իր հետ կոմպրոմատով խոսող փաստաբանին: Սա ձեռնունայն վերադառնում է Մոսկվա: Նիկոլայի կինն ինքնասպան է լինում, բայց նրա մահը կոռումպացված ոստիկանությունը և դատարանը «նաղդում» են ամուսնու վրա: Կոլյան դատապարտվում է 15 տարվա ազատազրկման, երեխան հանձնվում է խնամակալության, իսկ տունը քանդում են: Ֆիլմն ավարտվում է նրա տան տեղում կառուցված եկեղեցում արվող պատարագով: Պատարագիչն ամբողջ կինոյի ընթացքում քաղաքապետին իր հանցանքներում քաջալերող և հուսահատության մեջ մխիթարող հոգևորականն է:

Ինչպես տեսաք, այստեղ բոլոր կապերը սատանայական են: Մարդը այս կապերի մեջ իր հրեշավորությունը խաղարկողն է: Տեսեք, հենց Նիկոլայի կինը մտավ ներաշխարհ, այսինքն, փորձեց ինքն իրեն հաշիվ տալ, թե այս ամենում որտե՞ղ է իր երազած փոփոխությունը, ո՞ւմ գտավ, ո՞ւմ կորցրեց, ի՞նչ արժեր այդ ամենը, ինքնասպան եղավ: Ով պետք է մեռներ, մեռավ: Այնպես չէ, որ մարդու մահը Լեվիաթանի հաղթանակն է: Մահը հենց պարտություն է: Որովհետև ինքը դադարում է Լեվիաթանի «մասնագիտական» ներկայության՝ արտաքին մեղքերի մասնակից դառնալ: Ինքն այլևս մեղքի ազդակ չէ: Ֆիլմի ոչ մի հերոս ինքն իրեն հաշվետու լինելու ժամանակ չունի: Որովհետև այդ պահերին կա՛մ քնած է, կա՛մ ձեռքը մեկնում է օղու շշին: Այստեղ խմում են շատ, խմում են անկառավարելի, խմում են բոլորը: Եվ բոլոր այս իրադարձությունների «սև խոռոչը» եկեղեցին է, այսինքն, նա, ով պետք է շահի ֆիլմի իրադարձություններից: Ինքը կլանում է այդ կապերը, որպեսզի հաջորդ էներգիան փոխանցի քաղաքապետի միջոցով: Միայն թե բոլորն արթուն մնան և ոչ ոք մեղքի մեջ չնահանջի: Ինչու՞: Որովհետև բոլորը գիտեն, բայց ոչ ոք չի անվանում Լեվիաթանին: Նա սկսում է մեծ աշխարհից և ավարտվում փողով: Ահա ինչու քաղաքապետը չի հասկանում, թե ինչի՞ն է դիմադրում Նիկոլայը: Չի հասկանում, որովհետև հո իր դղյակի համար չի ուզում Նիկոլայի տունը, այլ եկեղեցու:

Ինչո՞ւ է Նիկոլայը ճակատ ճակատի տալիս քաղաքապետի հետ: Ինչո՞ւ պետք է Նիկոլայը փող ձեռք բերի, իսկ ինքը և եկեղեցին կորցնեն այն: Ռեժիսորի մտահղացումը վերջաբանի մասով երկակի է՝ Նիկոլայի տան տարածքում կանգնեցվել է եկեղեցի, որում հոգևոր սպասավորը խոսում է ռուսական հոգու մասին: Ում համար կանգնեցված եկեղեցին, ի վերջո, անիմաստ պայքար էր, ում համար՝ Լեվիաթանով արմատացած և ըստ էության նրա վրա հենվող հոգևոր տարածք:

Վերջաբանը, երբ Նիկոլայը դատապարտվում է, անվանում է Հոբին: Այսինքն, ընթացիկ սիզիփոսությունը, այսպես ասենք, նիցշեականությունը՝ հավերժական վերադարձը, բանտում զիջում է ուղղահայաց, միշտ անվերադարձ Քրիստոսին: Ահա թե ով է այս ֆիլմի այնքան փնտրված հերոսը: Նիկոլայը գնում է ձեռքբերումների հետևից, որոնք ո՛չ տունն են, ո՛չ կինը, ո՛չ որդին, ո՛չ էլ Աստված: Նա դառնալու է Լեվիաթանի կենդանության օրոք նրանից վերացածը: Այսինքն, մարդ, որին այդքան փնտրում էր Տարկովսկին, որին այնքան էլ չի հասկանում «Լեվիաթանի» ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում