«Նաիրիտ» գործարանի մի քանի հարյուր աշխատակիցներ հունվարի 27-ին բողոքի ցույց են անցկացրել նախագահի նստավայրի դիմաց, այնուհետ շարժվել դեպի էներգետիկայի նախարարություն՝ պահանջելով իրենց 18 ամսվա աշխատավարձի պարտքի մարում: Ինչպես տեղեկացրեց ՍիվիլՆեթի թղթակիցը, նաիրիտցիները այս պահին հավաքված են նախարարության շենքի դիմաց և հանդիպում են պահանջում էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանի հետ: Նրանց ձեռքին պաստառներ կան՝ «Չենք ուզում դառնալ գաղթական», «Աշխատավարձի ստացումը մարդու հիմնարար իրավունք է» և այլ գրություններով: Նրանք նշում են, որ իրենցից ոմանք ստացել են աշխատանքից ազատման վերաբերյալ ծանուցագրեր, սակայն աշխատավարձի վերջնահաշավարկ չի արվել, ինչպես ավելի վաղ հայտարարել էր գործարանի տնօրինությունը: Գործարանի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը հավաքված նաիրիտցիներին տեղեկացրեց, որ այս պահին Ազգային ժողովում ընթանում է «Նաիրիտի» հարցով ստեղծված ենթահանձնաժողովի նիստը՝ նաիրիտցիների մասնակցությամբ: Նաիրիտցիների վեց հոգանոց մեկ այլ պատվիրակություն այս պահին հանդիպման է Երվանդ Զախարյանի հետ:
***
Գործարանի աշխատակիցները նույն պահանջով ցույց են անցկացրել նաև 2014-ի դեկտեմբերին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նրանց հետ հանդիպմանն ասել էր, որ պետությունը ներկայում իրավասություն և հնարավորություն չունի մարելու կուտակված պարտքերը:
Գործարանի աշխատակիցները նշել են, որ պետությունը, իր հերթին, պարտք ունի գործարանին, և եթե դիտարկվի այն մարելու տարբերակը, հնարավոր կլինի մարել աշխատակցիների աշխատավարձերի պարտքը: Այս ժամանակ որոշվել էր վճարել մեկ ամսվա աշխատավարձ:
«Նաիրիտ» գործարանն արդեն չորս տարի է, ինչ մատնված է պարապուրդի, սակայն տեխնոլոգիական գործընթացները պահպանելու, ինչպես նաև աշխատակիցների վարձատրության համար օրական շարունակում է մոտ 3 մլն դրամի պարտք կուտակել. միայն աշխատավարձային ամսական ֆոնդն այստեղ մոտ $1 մլն է։ Գործարանի աշխատակիցները պարբերաբար նախագահի նստավայրի, Ազգային ժողովի և կառավարության դիմաց կազմակերպում են բողոքի ցույցեր:
***
Նաիրիտցիները փետրվարին մեկ ամսվա աշխատավարձ կստանա: Այս մասին հայտարարել է Անուշ Հարությունյանը Երվանդ Զախարյանի հետ նաիրիտցիների հանդիպումից հետո: Բացի այդ՝ Զախարյանը հայտարարել է, որ փետրվարի 2-ին կայցելի գործարան: Նա տեղեկացրել է նաիրիտցիներին, որ այժմ ընթանում է գործարանի քացախաթթվի արտադրամասի գույքի օտարում, և եթե դա արագ կատարվի, նաիրիտցիները ավելի շատ ամիսների աշխատավարձ կստանան:
Civilnet











