Գլխավոր Լրահոս

Հայաստանում տնտեսական ազատության վիճակը վատթարացել է. Heritage Foundation

Հայաստանում տնտեսական ազատության վիճակը վատթարացել է. Heritage Foundation

Ամերիկյան Heritage Foundation հիմնադրամը հրապարակել է 2015թ. Տնտեսական ազատության ցուցիչը (2015 Index of Economic Freedom), որի համաձայն` Հայաստանի տնտեսությունն աշխարհի 178 երկրների շարքում զբաղեցնում է 52-րդ տեղը` 67,1 միավորով: Այն շարունակում է համարվել «չափավոր ազատ» տնտեսությամբ երկիր։

Զեկույցի համաձայն` անցած տարվա համեմատ` Հայաստանի տնտեսության ազատության վիճակը վատթարացել է 1,8 միավորով՝ սեփականության իրավունքների, աշխատանքի և դրամական ազատության ոլորտներում գրանցված անկման պատճառով: 2014-ին Հայաստանը 41-րդ տեղում էր` 68,9 միավորով: Այն ժամանակ տնտեսության ազատության վիճակը վատթարացել էր 0,5 միավորով՝ ներդրումային, գործարարության և դրամական ազատության ոլորտներում գրանցված անկման պատճառով:

Ըստ զեկույցի՝ Հայաստանը եվրոպական տարածաշրջանի 43 երկրների շարքում տնտեսական ազատության ցուցանիշով զբաղեցրել է 23-րդ հորիզոնականը, և իր միավորներով գերազանցել է աշխարհի, ինչպես նաև տարածաշրջանի պետությունների տնտեսական ազատության ցուցանիշները:

«Հայաստանի անցումը ավելի դինամիկ և շուկայական տնտեսության դյուրացվել է համաշխարհային առևտրի բաց լինելով և ձեռնարկատիրությունը խրախուսելու ուղղությամբ կատարված կարգավորիչ բարեփոխումներով: Այնուամենայնիվ, երկարաժամկետ տնտեսական զարգացման առումով առաջընթաց ապահովելու համար անհրաժեշտ են մշտական ջանքեր՝ հատկապես դատական համակարգի անկախությունն ամրապնդելու և կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ:

Թեև դասակարգումների մեծ մասում Հայաստանի ցուցանիշները բարձր են համաշխարհային միջինից, սակայն Հայաստանում պատմական ժամանակաշրջանից բխող օգուտները լիովին չեն ինստիտուտուցիոնալիզացվել, և երկրի տնտեսական ազատությունները վերջին հինգ տարում անկման ուղում են։ Անկումնն արձանագրվել է տնտեսական ազատությունների տասից վեց, հատկապես աշխատանքի ազատության, ազատություն կոռուպցիայից և դրամական ազատության ցուցանիշներում»,- նշված է զեկույցում:

Heritage Foundation հիմնադրամի զեկույցի տվյալների համաձայն` Հայաստանում «սեփականության իրավունքները» ցուցանիշը գնահատվել է 20 միավոր, «ազատություն կոռուպցիայից»` 36,7 միավոր, «ֆիսկալային ազատությունը»՝ 84,4 միավոր, «պետական ծախսերը»` 82,8 միավոր, «գործարարության ազատությունը»՝ 82,7 միավոր, «աշխատանքի ազատությունը»` 64,3 միավոր, «դրամական ազատությունը»` 70,6 միավոր, «առևտրի ազատությունը»` 85,4 միավոր, «ներդրումային ազատությունը»` 75 միավոր, «ֆինանսական ազատությունը»` 70 միավոր:

Հարևան երկրների շարքում Վրաստանը 22-րդն է` 73,0 միավորով («հիմնականում ազատ» տնտեսությամբ երկիր), Թուրքիան` 70-րդը` 63,2 միավորով («չափավոր ազատ»), Ադրբեջանը` 85-րդն է` 61,0 միավորով («չափավոր ազատ»),  Իրանը` 171-րդն է 41,8 միավորով («ճնշված»): Այցյալ տարվա համեմատ՝ հարևան երկրներից միայն Իրանն է բարելավել իր դիրքերը (2014-ին Իրանը 173-րդ հորիզոնականում էր): Ռուսաստանը զեկույցում 143-րդն է` 52,1 միավորով և ընդգրկված է «հիմնականում անազատ» տնտեսությամբ երկրների շարքում:

Երկրի տնտեսական ազատության ինդեքսը հաշվարկվում է տասը ցուցիչի հիման վրա. գործարարության ազատություն, առևտրի ազատություն, հարկաբյուջետային ազատություն, կառավարության ծախսեր, դրամավարկային ազատություն, ներդրումների ազատություն, ֆինանսական ազատություն, սեփականության իրավունք, կոռուպցիա, աշխատանքի ազատություն։

Ըստ մեթոդաբանության՝ կիրառվում է 0-ից մինչև 100 միավոր գնահատման սանդղակ, ընդ որում՝ բարձր ցուցանիշը վկայում է տնտեսական ազատության ավելի մեծ աստիճանի մասին։ Երկրները տնտեսական ազատության ինդեքսին համապատասխան խմբավորվում են հինգ խոշոր կատեգորիաներում: Այսպես, ինդեքսում 80 և ավելի կետ ունեցող երկրները համարվում են տնտեսապես «ազատ», 70,0-79,9-ը` «հիմնականում ազատ», 60-69,9-ը` «չափավոր ազատ», 50-59,9-ը` «հիմնականում ոչ ազատ», 49,9-ից ցածրը` «ճնշված» երկրներ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում