Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր հերթական տարեկան զեկույցը (World Report 2015) աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ, որում առանձին բաժիններով ամփոփել է անցյալ տարի Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակը: Զեկույցը նվիրված է ավելի քան 90 երկրներում մարդու իրավունքների պաշտպանությանը 2013-ի վերջին ամիսներից մինչև 2014-ի նոյեմբեր ժամանակահատվածը: Հայաստանին վերաբերող հատվածը՝ ստորև:
HRW-ի գործադիր տնօրեն Քեննեթ Ռոթը, ամփոփելով աշխարհի տարբեր երկրներում տարվա ընթացքում գրանցված զարգացումները, գրել է, որ մարդու իրավունքների ոլորտում խախտումները առանցքային դեր են խաղացել մեր օրերի ճգնաժամերի մեծ մասը առաջացնելու կամ ծանրացնելու հարցում:
«Մարդու իրավունքների պաշտպանությունն ու մարդկանց խոսելու իրավունք ընձեռելը ճգնաժամերի լուծման կարևորագույն միջոցներից են: Հատկապես մարտահրավերների ու դժվար ընտրությունների ժամանակաշրջաններում մարդու իրավունքները քաղաքական գործողությունների անհրաժեշտ ուղեցույց են»,- գրել է Ռոթը:
Ըստ զեկույցի՝ Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում դրությունը հարթ չէր:
Խաղաղ հավաքների իրավունքի տեսանկյունից զեկույցի հեղինակներն արձանագրել են, որ Հայաստանի իշխանություններն անցյալ տարի միջամտել են մարդկանց՝ խաղաղ հավաքներ իրականացնելու իրավունքին, և 2014թ. առաջին կեսին խաղաղ ցույցերի ժամանակ բերման է ենթարկվել առնվազն 70 ակտիվիստ:
Զեկույցն անդրադառնում է ցուցարարների բերման ենթարկման տարբեր դեպքերի, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, էլեկտրաէներգիայի թանկացման, պատմական հուշարձանների ոչնչացման դեմ (Աֆրիկյանների տունը) ցույցերի ընթացքում:
Զեկույցի հեղինակների ուշադրության կենտրոնում է եղել նաև Երևանի մետրոպոլիտենի երեք աշխատակիցների հեռացման դեպքը, ինչպես նաև Շանթ Հարությունյանի և նրա 13 աջակիցների ձերբակալությունը, Շանթի 15-ամյա որդուն կալանավորելու փորձերը:
Կազմակերպությունն արձանագրում է, որ տեղացի իրավապաշտպանների մեկնաբանմամբ՝ Շանթ Հարությունյանի դեպքի դրդապատճառները քաղաքական են:
Կտտանքներ կալանավայրերում
«Տեղացի իրավապաշտպաններն արձանագրում են, որ տարվա ընթացքում կալանավայրերում շարունակել են գրանցվել կտտանքնեի ու վատ վերաբերմունքի դեպքեր: Որոշ տուժածներ դիմել են դատարան, սակայն իշխանությունները միշտ չէ, որ դեպքերի մանրակրկիտ կամ անկողմնակալ հետաքննություն են իրականացրել»,- ասված է զեկույցում:
Հեղինակներն անդրադարձել են նաև Հայկ Կյուրեղյանի գործին:
Արտահայտման ազատություն
Բազմակարծությունը մամուլի ոլորտում շարունակել է սահմանափակ մնալ՝ ըստ HRW-ի:
Արտահայտման ազատության պաշտպանության հանձնաժողովը արձանագրել է, որ 2014-ի առաջին կեսին լրագրողներն ու լրատվամիջոցները սպառնալիքների են ենթարկվել. գրանցվել է լրագրողների դեմ բռնության առնվազն հինգ դեպք, որոնց թվում՝ «Չորրորդ իշխանություն» թերթի և iLur.am կայքի լրագրողներ Անի Գևորգյանի և Սարգիս Գևորգյանների դեպքերը. նրանք բերման են ենթարկվել, ոստիկանությունում առգրավվել են նրանց տեսախցիկները, Անի Գևորգյանին հարվածել են և խլել նրա հեռախոսը:
Այն բանից հետո, երբ Գևորգյանը դիմել է դատարան, դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, սակայն հունիսին գործը կարճվել է՝ հանցակազմի բացակայության պատճառով:
Հունիսի 24-ին, երբ լրագրողները և մյուսները Երևանի ոստիկանական բաժանմունքի դիմաց սպասում էին այդ օրն ավելի վաղ ձերբակալված ակտիվիստի ազատ արձակմանը, ոստիկանությունը ցրել է ժողովրդին և հարձակվել որոշ լրագրողների վրա:
Ոստիկանները ծեծել են Անի Գևորգյանին և CivilNet.TV-ի լրագրող Արփի Մախսուդյանին, կոտրել GALA TV-ի օպերատոր Փայլակ Ֆահրադյանի նոթբուքը: Ոստիկանությունը ձերբակալել է Սարգիս Գևորգյանին:
«Անի և Սարգիս Գևորգյանները բողոքարկել են, զեկույցը գրելու պահին քննությունը ընթացքի մեջ էր»,- ասված է զեկույցում:
Զեկույցի հեղինակները մատնանշել են նաև բանակում շարունակվող լուրջ չարաշահումները, գենդերային խնդիրները, այլընտրանքային ծառայության մասին օրենսդրությունը:
Civilnet











