Գլխավոր Լրահոս

Կարեն Կարապետյանը կողմ է «Շրջանառության հարկի մասին» օրենքի կասեցմանը

Կարեն Կարապետյանը կողմ է «Շրջանառության հարկի մասին» օրենքի կասեցմանը

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար (2008-2011 թթ.) Կարեն Կարապետյանը կողմ է «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի կասեցմանը: Այս մասին ասված է պատգամավորի հայտարարությունում, որը տարածել է նրա աշխատակազմը:

««Շրջանառության հարկի մասին» չարաբաստիկ օրենքը կարծես պատուհաս է դարձել ոչ միայն փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների, այլև կառավարության համար: Անսխալական մարդիկ չեն լինում, կարևորը ժամանակին սխալը շտկելու ունակությունն է: Այնինչ, օրենքի հեղինակների կողմից կատարված սխալն ընդունելու քաջության բացակայության արդյունքում հազարավոր մարդիկ չեն գտնում իրենց հարցի լուծման այլ ճանապարհ, քան փողոց դուրս գալն է: Փաստը մնում է փաստ, որ հանրապետության տարբեր բնակավայրերի փոքր ու միջին ձեռներեցության բազմաթիվ ներկայացուցիչներ փորձում են իրենց պահանջը հասցնել պատկան մարմիններին: Կտրականապես դեմ լինելով որևէ հարցում ծայրահեղ ցանկացած քայլի, այդուամենայնիվ չեմ կարող մեղադրել այդ մարդկանց, որ իրենց պահանջը չկատարելու դեպքում սպառնում են գործադուլով: Հարցն այն է, որ այսպես թե այնպես, օրենքի կիրառումը լուրջ հարվածներ է հասցնելու փոքր ու միջին ձեռներեցությամբ զբաղվող այս քաղաքացիներին, ուստի հասկանալի է իրենց տրամաբանությունը, թե ավելի լավ է չաշխատել, քան վնասներ կրել:

Ես առիթ ունեցել եմ քանիցս իմ տեսակետն արտահայտել այս հարցի կապակցությամբ և հիմա էլ իմ համաձայնությունն եմ հայտնում այդ քաղաքացիների հետ, որ այս օրենքն առաջին հերթին մեծ ռիսկայնություն է պարունակում կոռուպցիայի տեսակետից, քանզի հավելյալ սուբյեկտիվ հնարավորություններ են ընձեռվում հարկային մարմիններին: Մյուս կողմից, իսկապես անթույլատրելի է խոշոր բիզնեսը ստվերից դուրս բերել փոքր ու միջին ձեռներեցության միջոցով, քանի որ, ինչպես արդարացիորեն նշում են վերջիններիս ներկայացուցիչները, փոքրերը տուժելու են, քանի որ մեծերն ունեն ավելի շատ լծակներ իրենց ճնշելու համար:

Ուղղակի անթույլատրելի եմ համարում նման հակադրության ձևավորումը, առավել ևս ի վնաս փոքր ու միջին բիզնեսի: Վստահ եմ, որ համապատասխան մարմինները շատ լավ գիտեն ստվերում գտնվողների տեղը ու խոշոր ձեռներեցների իրական շրջանառությունը: Իսկ եթե չգիտեն, ապա մնում է տարակուսել, թե ինչի համար են հարկատուների հաշվին պահվում այդ կառույցները:

Մարդիկ պարզ հայտարարում են, որ պատրաստ են վճարել 3.5 տոկոս, նույնիսկ ավելին, միայն թե չընկնեն փաստաթղթավորման դժվարին ու անիմաստ քաշքշուկների մեջ և անընդհատ չգտնվեն տուգանվելու վտանգի տակ: Առավել ևս, որ նրանց գերակշիռ մեծամասնությունն ի վիճակի չէ հավելյալ ծախսեր կատարել հաշվապահի ու իրավաբանի համար: Հատկապես հիմա, երբ արտագաղթի զգալի չափերի ու մարդկանց գնողունակության անկման արդյունքում արդեն իսկ զգալիորեն տուժում են հատկապես ՓՄՁ ներկայացուցիչները:

Եթե չենք կասեցնում այս օրենքը, մենք փաստացի վտանգում ենք աղքատության շեմին գտնվող մարդկանց շարքերը համալրել հազարավոր նոր ընտանիքներով: Այնինչ այդ մարդիկ այսօր կարողանում են հոգալ իրենց ընտանիքների հանապազօրյա հացի խնդիրը` փաստացի պետությունից ոչինչ չակնկալելով: Թեպետ իրականում պետությունը պարտավոր է ոչ միայն չխանգարել ու չխոչընդոտել, այլև իրական քայլեր ձեռնարկել փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար: Ուսումնասիրեք տարբեր երկրներում, հատկապես Ռուսաստանի Դաշնությունում առկա իրավիճակը, տնտեսական վիճակի բացասական դինամիկան ու վերջինիս հնարավոր ազդեցությունը մեր երկրի տնտեսության վրա, և առավել քան պարզ կլինի, թե ինչ վտանգներով են հղի ճնշումները ՓՄՁ նկատմամբ: Հնարավոր է, որ տարիներ անց այս օրենքն արդիական կլինի, սակայն իմ սուբյեկտիվ կարծիքով այսօր դրա ժամանակը չէ: Այսօր նույնիսկ էժան ու երկար վարկերով կամ այլ միջոցներով աջակցության խնդիր չի դրված, այլ հստակ քայլերով փոքր ու միջին բիզնեսի զարգացմանն ու մրցունակությանը նպաստելու: Հակառակ դեպքում հասնելու ենք նրան, որ այս մարդիկ էլ գործազուրկ դառնան, թողնեն ու հեռանան սեփական երկրից:

Մյուս կողմից, խնդիրը ոչ միայն տնտեսական դաշտում է, այլև քաղաքական: Ուստի ինձ համար զարմանալի է քաղաքական ուժերի մեծ մասի անտարբերությունը, կարծես իրենց առանձնապես չեն հետաքրքրում հազարավոր մարդկանց ճակատագրերը: Հիմա մենք խնդիր ունենք կայացնել առաջին հերթին քաղաքական որոշում: Ուստի ես կոչ եմ անում որոշումներ կայացնելու իրավասությամբ օժտված իմ կուսակիցներին՝ սթափ գնահատել իրավիճակը և սեփական սխալն ընդունելու համարձակություն դրսևորել: Ինքս լիովին համաձայն եմ բողոքողների պահանջին՝ Կասեցում…»,- ասված է հայտարարությունում:

Կարեն Կարապետյանը իշխանությանը քննադատության էր ենթարկել նաև անցյալ տարվա դեկտեմբերին: Իր հարցազրույցներից մեկում նա ասել էր, որ եթե իշխանավորները ձգեն իրենց գոտիները, հասարակությունը գոտի ձգելու կարիք չի ունենա:

***

«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքով առաջարկվում է փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից նվազեցնել 1 տոկոս, միաժամանակ, տնտեսվարողները պարտավորվելու են գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառությամբ:

Օրենքը, որը վարչապետ Հովիկ Աբրահամյանի վստահեցմամբ, ուղղված է խոշոր հարկատուներին հարկային դաշտ բերելուն, պետք է ուժի մեջ մտներ 2014թ. հոկտեմբերի 1-ին: Սակայն այն առաջացրել էր փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների դժգոհությունը, և նախքան դրա ուժի մեջ մտնելը նրանք բողոքի ցույցեր էին անցկացրել կառավարության և Ազգային ժողովի դիմաց:

Արդյունքում փոքր ու միջին բիզնեսին ներկայացվող գույքագրման պահանջը երկարաձգվել էր մինչև 2015թ. փետրվարի 1-ը:

Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները հունվարի 30-ին բողոքի ցույց են անցկացնում կառավարության շենքի դիմաց` պահանջելով կասեցնել օրենքը:

Նրանք բողոքի ցույց էին անցկացրել նաև հունվարի 26-ին, 27-ին և 29-ին:

Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների բողոքի ցույցին կարող եք հետևել ՍիվիլՆեթի ուղիղ հեռարձակմամբ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում