Փետրվարի 2-ին Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի առաջին քառօրյայի աշխատանքներին ոչ իշխանական ուժերի եռյակը՝ «Բարգվաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Ժառանգություն». պատրասվում է հրավիրել արտահերթ նիստ`քննարկելու «Շրջանառության հարկի մասին» օրենքը կասեցնելու կամ վերանայելու առաջարկով: Այս մասին հունվարի 30-ին եռյակի հանդիպումից հետո լրագրողներին ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:
«Ես եռյակի անունից լիազորված եմ հայտարարելու, որ մենք կողմ ենք և աջակցում ենք, այն բոլոր քաղաքացիներին, որոնք այս երեք օրերի ըթնացքում փողոցում են և պահանջում են օրենքի ակսեցում: Իսկ թե ինչ կանենք մենք արատահերթ նիստին՝ կասենք երկուշաբթի, և կոչ ենք անում քաղաքացիներին, որ արտահերթ նիստի գումարման ժամանակ լինեն Բաղրամյան փողոցում»,- ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ նիստի չգումարման կամ իրենց համար ոչ ցանկալի արդյունքի դեպքում եռյակը կքննարկի զանգվածային միջոցառումներ իրականացնելու տարբերակը:
Նա հավելեց նաև որ, եռյակը պատրաստվում է առաջարկով դիմել Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին՝ հրավիրելու փակ լսումներ հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության հանգամանքները քննարկելու համար:
«Որոշել ենք լսումները փակ անել շոուներից և շահարկումներից խուսափելու համար: Խնդիրը չի վերաբերում միայն իրավական ոլորտին, այն ունի քաղաքական բնույթ, և մենք պատրաստվում ենք լսումներին հրավիրել արտգործնախարարին, ազգային անվտանգության ծառայության պետին, ոստիկանապետին և գլխավոր դատախազին»,- ասաց Հակոբյանը:
Նրա նշեց նաև, եռյակը մտադիր է նախորդ նստաշրջանից այս նստաշրջան տեղափոխել նաև կառավարության ճգնաժամի մասին հարցը՝ ընդգծելով, որ եռյակի օրակարգում շարունակում է մնալ իշխանափոխության հարցը:
***
Փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչները` մի քանի հարյուր մարդ հունվարի կեսից բողոքի ցույց են անցկացնում կառավարության շենքի դիմաց:
Նրանք վարչապետ Հովիկ Աբրահամյանից պահանջում են կասեցնել «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը, որը պետք է ուժի մեջ մտնի փետրվարի 1-ից:
«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքով առաջարկվում է փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից նվազեցնել 1 տոկոս, միաժամանակ, տնտեսվարողները պարտավորվելու են գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառությամբ:
Օրենքը, որը վարչապետ Հովիկ Աբրահամյանի վստահեցմամբ, ուղղված է խոշոր հարկատուներին հարկային դաշտ բերելուն, պետք է ուժի մեջ մտներ 2014թ. հոկտեմբերի 1-ին: Սակայն այն առաջացրել էր փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների դժգոհությունը, և նախքան դրա ուժի մեջ մտնելը նրանք բողոքի ցույցեր էին անցկացրել կառավարության և Ազգային ժողովի դիմաց:
Արդյունքում փոքր ու միջին բիզնեսին ներկայացվող գույքագրման պահանջը երկարաձգվել էր մինչև 2015թ. փետրվարի 1-ը:
Civilnet











