Գլխավոր Լրահոս

Ստամբուլում հայ կնոջ սպանությունը բարդում են Մուրադ Նազարյանի վրա. փաստաբան Էրեն Քեսքին

Ստամբուլում հայ կնոջ սպանությունը բարդում են Մուրադ Նազարյանի վրա. փաստաբան Էրեն Քեսքին

2012թ. դեկտեմբերին Ստամբուլի Սամաթիա հայաշատ թաղամասում հայ տարեց կանանց դեմ մի շարք հարձակումներ տեղի ունեցան, մահացավ 84-ամյա Մարիցա Քյուչուքը: Սպանության մեղադրանքով ձերբակալվեց Մուրադ Նազարյան անունով մի հայ, որը հետագայում կտրականապես ժխտեց իր մասնակցությունը սպանությանը:

Փաստաբան Էրեն Քեսքինն սկզբից ևեթ կասկածանքով մոտեցավ ոստիկանության պնդումներին և փորձեց ապացուցել, որ Մարիցա Քյուչուքի սպանությանն այլ անձ է մասնակցել: «Ակօսը» հաղորդում է, որ օրերս տեղի ունեցած դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է փաստաբանի պնդումները և տեղեկացրել, որ Մարիցա Քյուչուքի ծածկոցի վրա բացի Մուրադ Նազարյանի DNA-ից,  հայտնաբերվել են մեկ այլ մարդու DNA-ի հետքեր:

Քեսքինը, մեկնաբանելով դատաբժշկական փորձաքննության արդյունքը, ասում է. «Երկու բան կարելի է փաստել: Առաջին՝ սպանությանը մեկից ավել մարդ է մասնակցել, երկրորդ՝ ոստիկանությունը չի հավաքել բոլոր փաստերը»: Էրեն Քեսքինն ասել է, որ ծածկոցն ինքն է ներկայացրել դատարան: Նա բավական մտահոգիչ է համարել այն հանգամանքը, որ ոստիկանությունը զննություն է իրականացրել սպանության վայրում, սակայն արյունոտ ծածկոցը չի գտել: Վերջին զարգացումը ստիպում է նրան մտածել, որ ոստիկանությունը փորձում է սպանությունը բարդել Մուրադ Նազարյանի վրա:

Ավելի վաղ Նազարյանը հայտարարել էր, որ տարեց կնոջ սպանությունն իրականացրել են երեք անծանոթ տղամարդիկ, որոնք բռնությամբ իրեն տարել են Մարիցա Քյուչուքի բնակարան՝ ցանկանալով սպանության մեղքը գցել իր վրա:

Թուրքական ոստիկանությունն ու արդարադատության համակարգը Ստամբուլի Սամաթիա թաղամասում հայ տարեց կանանց վրա հարձակումներն ու սպանությունը փորձում են ներկայացնել իբրև կողոպուտի հետևանք, այնինչ գործով զբաղվող փաստաբանները, իրավապաշտպաններն սպանության ձևից ենթադրում են, որ դրանք կողոպուտի նպատակ չեն հետապնդել, այլ իրականացվել են այլատյացության հողի վրա:

Ավելի վաղ Մարիցա Քյուչուքի փաստաբան Էրեն Քեսքինը հայտարարել էր, թե թուրքական ոստիկանությունն ու դատարանը հանցագործության բացահայտման համար չեն անում այն, ինչ պարտավոր են:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում