Գլխավոր Լրահոս

«Մեր հայրենիքը հայերից մաքրելու 100-ամյակը շնորհավոր լինի». ցուցանակ Ստամբուլում

«Մեր հայրենիքը հայերից մաքրելու 100-ամյակը շնորհավոր լինի». ցուցանակ Ստամբուլում
«Մեր հայրենիքը հայերից մաքրելու 100-ամյա տարեդարձը շնորհավոր լինի: Մենք հպարտանում ենք մեր փառահեղ նախնիներով»: Demokrathaber լրատվական կայքը ծանուցում է, որ այսպիսի վերտառությամբ ցուցանակ է հայտնվել Ստամբուլի կենտրոնական թաղամասերից մեկի Գալաթասարայ հրապարակում: Նախաձեռնության հեղինակը «Երիտասարդ Աթսըզներ» կազմակերպությունն է, (կազմակերպությունը կոչվում է թուրք գործիչ, պանթուրքիզմի համոզված պաշտպան Նիհալ Աթսըզի անունով- ՍիվիլՆեթ), որը փետրվարի 22-ին հավաք էր կազմակերպել Ստամբուլում: «Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած և 1994թ. ավարտված ղարաբաղյան պատերազմի տարիներին Խոջալու բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունը պատրվակ բերելով՝ ծայրահեղական խմբերը երեկ Ստամբուլում կազմակերպել են շովինիստական ակցիա՝ այն վերածելով հայ ժողովրդի դեմ ռասիստական և թշնամական հարթակի »,- տեղի ունեցածը մեկնաբանում է Demokrathaber-ը: Ստամբուլի Գալաթասարայ հրապարակում տեղի ունեցած հավաքի մասնակիցները գովեստի խոսքեր են հնչեցրել Հրանտ Դինքի սպանության կազմակերպիչներից Օգյուն Սամասթի հասցեին: Հնչել են նաև հակաքրդական հայտարարություններ: Մասնակիցներն իրենց ձեռքին ունեցել են Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները: Թուրքիայի մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունը դիմել է Ստամբուլի նահանգապետարանին՝ պահանջելով կանխել հավաքը: Նահանգապետարանի գրավոր պատասխանում ասվում է, որ հավաքն արտոնված չէ: Demokrathaber-ը ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ այս պաստառը թեև կախված է եղել պետական հաստատությունների հարևանությամբ, սակայն երկար ժամանակ որևէ քայլ չի իրականացվել այն հեռացնելու համար: Միաժամանակ կայքը գրում է, որ կառավարության անդամներից կամ պետական ապարատից որևէ մեկը չի մասնակցել հավաքին: «Երիտասարդ Աթսըզները» նման ցուցանակներ են կախել նաև Թուրքիայի այլ շրջաններում՝ Մանիսայում, Օրդույում, Մուղլայում: Թուրքիայում սոցցանցերի օգտատերերը դրանք համարում են 1915թ. էթնիկ զտումների և Հայոց ցեղասպանության իրողության յուրահատուկ խոստովանություն: «Երիտասարդ Աթսըզներ» ծայրահեղական կազմակերպությունը նախկինում էլ հանդես է եկել հակահայկական ցույցերով: Նրանք ցույցերից մեկի ժամանակ պարզել էին հետևյալ պաստառը. «Եթե մեր հայրերը ցեղասպանություն անեին՝ մի հայ անգամ կենդանի չէր մնա»: Թուրքական Radikal-ը, անդրադառնալով «Երիտասարդ Աթսըզներ»-ի գործունեությանը, գրում է, որ նրանք սնվում են ադրբեջանական միջոցներից:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում