Գլխավոր Լրահոս

Օջալանի կոչը և թուրքերի ու քրդերի ընդհանուր հայրենիքը

Օջալանի կոչը և թուրքերի ու քրդերի ընդհանուր հայրենիքը

Թուրքիայի կառավարության և քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատվիրակությունների փետրվարի 28-ի հանդիպումից հետո ընթերցվել է Աբդուլլահ Օջալանի կոչը, հաղորդում է Haberturk-ը: Օջալանի անունից այս մասին հայտարարել է նրա հետ հանդիպող քրդական պատվիրակության անդամ Սըրը Սուրեյա Օնդերը:

Թուրքական Իմրալը բանտում ցմահ ազատազրկված Աբդուլլահ Օջալանը կոչ է արել «Քրդստանի աշխատավորական կուսակցությանը» (PKK) զենքը վայր դնելու համար արտահերթ համագումար հրավիրել: Օջալանն ասել է. «Մեր հիմնական նպատակը ժողովրդավարական լուծում գտնելն է, որը 30 տարվա զինված պայքարը կվերածի հաստատուն խաղաղության»: Ըստ Օջալանի՝ զինված պայքարի փոխարեն հարցերը պետք է լուծվեն ժողովրդավարական ճանապարհով: Թե՛ թուրքական, թե՛ քրդական լրատվամիջոցներն Օջալանի այս հայտարարությունը մեկնաբանում են պարզապես զենքը վայր դնելու ուղղակի հրահանգ: Հատկապես թուրքական կառավարությունն է ջանում այդպես ներկայացնել:

Պատվիրակությունների հանդիպումից հետո թվարկվել են Օջալանի մատնանշած այն բոլոր քայլերը, որոնք խաղաղության և ժողովրդավարության հաստատման հիմնաքարն են լինելու: Ուշադրություն է գրավում ընդհանուր հայրենիքի գաղափարի շեշտադրումը:

Կառավարության անունից հանդես եկած փոխվարչապետ Յալչըն Աքդողանը հայտարարել է, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունն անում է ամեն ինչ հոսող արյունը կանգնեցնելու համար: «Մենք միասին Թուրքիան ենք, և ամեն ինչ արվում է Թուրքիայի համար»,- ասել է Աքդողանը: Կողմերը շեշտել են, որ առավել քան երբևէ մոտ են համաձայնության:

Աբդուլլահ Օջալանը PKK-ի հիմնադիրն է և հռչակվել է որպես քուրդ ժողովրդի առաջնորդ: Քանդիլի լեռներում ապաստանած PKK-ի ղեկավարությունը, որը կոչի հիմնական հասցեատերն է, արձագանքել է Օջալանի միջնորդավորված հայտարարությանը: Ըստ Օzgur-gundem կայքի՝ Օջալանի կոչը Թուրքիայի ժողովրդավարացման, քրդական հարցի և Թուրքիայի հիմնական խնդիրների  լուծման համար կարևոր հնարավորություն է ընձեռում: PKK-ի ղեկավարությունը նաև ասել է, որ կառավարությունն այլևս չունի որևէ պատրվակ քրդական հարցը լուծելուն ուղղված  քայլեր չնախաձեռնելու համար: Շարժումը դրական է գնահատել Օջալանի հայտարարությունը, սակայն զգուշացրել է թուրքական կառավարությանը՝ գործնական քայլեր իրականացնել: PKK-ի ղեկավարությունն ընդգծել է, որ  բանակցությունների արդյունքում քուրդ զինյալները 2013թ. լքեցին Թուրքիայի սահմանը, սակայն կառավարությունը հարցի լուծման համար քայլեր չձեռնարկեց:

Թուրքական մեդիայում շատ չեն վերլուծություններն այս թեմայով: Սակայն թե՛ քրդական, թե՛ թուրքական կողմը դրական է գնահատում Օջալանի կոչը, թեպետ կան նաև թերահավատներ: Չնայած այդ հանգամանքին՝ առկա է փոխադարձ անվստահություն, և չի բացառվում, որ քրդերը հերթական անգամ կանգնեն կոտրած տաշտակի առաջ: Ուշադրություն է գրավում այն, որ նախաձեռնությունը տեղի է ունենում 2015թ. Թուրքիայի խորհրդարանական ընտրություններից առաջ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում