

Հայոց ցեղասպանության նկատմամբ մեր վերաբերմունքով մենք դավաճանում ենք մեր ցեղասպանության զոհերի հիշատակը, ասում է Յաիր Աուրոնը:
Մարտի 3-ին ՍիվիլՆեթի cԿԱՃԱՌ հաղորդման հյուրն էր ցեղասպանագետ, Իսրայելի բաց համալսարանի պրոֆեսոր Յաիր Աուրոնը: Նա դասախոսություն կարդաց «Հայոց ցեղասպանության ճանաչումը, Իսրայելը և աշխարհը» թեմայով: Դասախոսությունից առանձին հատվածներ թարգմանաբար ներկայացված են ստորև:
Հայերն ու հրեաները շատ ընդհանրություններ ունեին Հայոց ցեղասպանությունից առաջ և հատկապես ցեղասպանություններից հետո:
Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը կարևոր հարց է հայերի համար, կարևոր է նաև մարդկության համար: Այստեղ հատուկ է իմ երկրի՝ Իսրայելի դերը, որ աջակցում է Թուրքական պետության ժխտողականության քաղաքականությանը: Մարդիկ ինձ ասում են, թե այնքան էլ կարևոր չէ ժխտողականության խնդիրը…
100 տարի անց աշխարհը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, և դա սարսափելի է: Դուք կրում եք Ցեղասպանության հետևանքները: Ես ինքս ինձ եմ ասում, ասում եմ նաև ձեզ բոլորիդ՝ ձեր վիշտը կրկնակի է, երբ տրավման չի ճանաչվում:
***
Երբ դու չես ճանաչում ցեղասպանությունը, դու հնարավորություն ես տալիս, որ ցեղասպանությունները կրկնվեն:
Հիտլերը հրեաների ցեղասպանությունից առաջ ասում էր՝ «ո՞վ է այսօր խոսում հայերի ջարդերի մասին»: Այն ժամանակ դեռ «ցեղասպանություն» եզրույթը չկար:
Վերցնենք Ռուանդայի օրինակը: Այնքան պարզ է՝ այդ ցեղասպանությունը հնարավոր էր կանխել առանց անգամ մեկ ամերիկացի զինվորի կյանք զոհելու: Ես երկու անգամ եղել եմ Ռուանդայում, և ցնցված էի՝ լինելով այնտեղ: Մարդիկ գիտեին, որ ինչ-որ սարսափելի բան էր պատահելու:
***
Իսրայելը ժխտում է Հայոց ցեղասպանությունը: Մենք ոչ միայն չենք ճանաչում, մենք ավելի հեռուն ենք գնում: Ես խոսել եմ իմ երկրի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Հոլոքոստի օրվան նվիրված նրա ելույթից առաջ:
ՄԱԿ-ում ելույթից առաջ նախագահն ինձ կանչեց իր գրասենյակ, կարդաց այն տեքստը, որ ցանկանում էր կարդալ Գլխավոր վեհաժողովում: Ես ասացի. «Պարոն նախագահ, դուք գիտեք իմ տեսակետը, և դուք ինձ կանչել եք մեկնաբանելու այդ տեքստը»: Նա մի հատված էր վերցրել իմ գրքից, ինչի համար ես հպարտ էի: Նախագահի տեքստը զգայացունց էր: Նա ասաց, որ իր հայրն ու մայրը եղել են Երուսաղեմում և տեսել են հայ փախստականների այդ ծանր պայմաններում: Բոլորը հասկացան, թե դա ինչ է նշանակում և ինչ հետևանքներ կարող է ունենալ:
Նա օգտագործել էր «ջարդ» եզրը: Ես ասացի. «Պարո՛ն նախագահ, դուք գիտեք ջարդի և ցեղասպանության տարբերությունը: Ասացի, խնդրում եմ՝ օգտագործե՛ք «ցեղասպանություն» եզրը, դա կլինի պատմական ելույթ»: Ասաց՝ ոչ: Հետո ասաց. «Ես դա չեմ կարող անել: Ես մասնավոր անձ չեմ»: Սակայն երբ նա պատգամավոր էր, խորհրդարանի խոսնակն էր (2003-2006 թթ.), մի քանի անգամ կոչ է արել, որ Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Նա ասաց, որ չի փոխել իր կարծիքը: Ես էլ վստահ եմ, որ նա չի փոխել իր կարծիքը:
Սակայն հետո նրա ելույթում եղավ Խոջալուի մասին այդ տհաճ նախադասությունը: Ճիշտ է՝ նա Խոջալուն ցեղասպանություն չանվանեց, բայց Խոջալուի մասին խոսեց Հայոց ցեղասպանության համատեքստում: Դա սարսափելի է:
Ինչո՞ւ նա այդպես արեց. որովհետև արտգործնախարար Լիբերմանը նրա վրա ճնշում էր գործադրել: Բայց չէ՞ որ դու նախագահ ես, ոչ թե այդ զզվելի Լիբերմանի աշխատակիցը:
Ես քաղաքական գործիչ չեմ, և պետք է ասեմ իրականությունը՝ Իսրայելը Թուրքիայի ժխտողականության ամենամեծ աջակիցներից է, նույնիսկ՝ այժմ, երբ տեղի ունեցավ Մավի Մարմարայի դեպքը, որը փչացրեց իսրայելա-թուրքական հարաբերությունները:
Մավի Մարմարայի դեպքից հետո Իսրայելում բազմաթիվ մարդիկ, անգամ՝ նախարարներ կոչ արեցին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Ես էլեկտրոնային նամակներ էի ստանում այդ թեմայով և պատասխանում էի, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարելի սակարկության առարկա դարձնել, որ երբ ճանաչումը բխում է քո շահերից՝ ճանաչես, երբ՝ ոչ՝ չճանաչես:
***
Ցեղասպանության հարցում ես իմ երկրի քննադատն եմ: Իսրայելը մեկ-երկու անգամ չէ, որ սխալվել է: Անընդհատ է սխալվում: Բայց կառավարությունն ու քաղաքացիական հանրությունը տարբեր են: Եվ քաղաքացիական հանրությունը գիտի Հայոց ցեղասպանության մասին, և այժմ շատ ավելի շատ իսրայելցիներ գիտեն Հայոց ցեղասպանության մասին, քան 20-30 տարի առաջ: Եվ քաղաքացիական հանրության մեծ մասը ձեզ հետ է:
Քաղաքական հարթությունում նույնպես փոփոխություններ կան: Հայոց ցեղասպանության հարցը Կնեսետում բարձրացվում է 2008-ից սկսած:
2013-ին Կնեսետում բոլորը կողմ էին Հայոց ցեղասպանության ճանաչմանը, անգամ՝ որոշ մարդիկ կառավարությունում: Բայց Կնեսետը չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը նաև այս տարի:
***
Իսրայելը պետք է քաջություն ունենա ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և քաջություն՝ խաղաղություն հաստատելու պաղեստինցիների հետ: Այս երկուսն իրար հետ կապ չունեն: Բայց ինձ համար դրանք իմ երկրի բարոյական վարքագծի մասն են: Մենք բարոյական չենք եղել ձեր նկատմամբ, բարոյական չենք պաղեստինցիների նկատմամբ:
Հայոց ցեղասպանության նկատմամբ մեր վերաբերմունքով մենք դավաճանում ենք մեր ցեղասպանության զոհերի հիշատակը: Ոչ ոք դրա իրավունքը չունի, անգամ երկրի նախագահն ու վարչապետը:
***
Ցեղասպանությունների հերքումն անընդունելի է և պետք է քրեորեն հետապնդելի լինի ոչ միայն հրեաների, այլև բոլոր ցեղասպանությունների դեպքում՝ հրեաների, հայերի կամ էլ Ռուանդայի ցեղասպանության դեպքում:
Այո, Իսրայելում շատ հետազոտողներ կան, որոնք հիերախիա են սահմանում Հոլոքոստի և այլ ցեղասպանությունների համար՝ ասելով, թե ձեր ցեղասպանությունն ուրիշ է, Հոլոքոստն ուրիշ է:
Ո՛չ: Հոլոքոստը ցեղասպանության մաս է՝ գիտական և բարոյական առումներով:
Կարդալ ավելին
Պատմություններ

Երեխաների անվտանգությունը մեքենայում. ինչու է կարևոր մանկական աթոռակը

Ալիևը ցանկանում է քաղաքական պառակտում հրահրել Հայաստանում

Հայաստանի և Վրաստանի կապիտալի շուկաների հնարավորությունները՝ Ամերիաբանկի Investor’s Day-ում

Ֆուտբոլային միջադեպ Բաթումիում՝ թուրքական ու իսրայելական թիմերի խաղին

Դիարբեքիր, Դեր Զոր, հումանիտար բուհեր, չեղարկման մշակույթ. զրույց Փիթեր Բալաքյանի հետ

Թունաքիմիկատների հետքեր են հայտնաբերվել Հայաստանում նորածինների օրգանիզմում. Գևորգյան

Առանց համակարգային փոփոխությունների աղքատությունը չի կրճատվի. Սերգեյ Մուրադյան

ԵՄ առաջնորդները փորձում են պայմանավորվել «ընտանեկան բյուջեի» շուրջ
Դիտել ավելին
Civilnet


