Գլխավոր Լրահոս

1965-ի ապրիլի 24-ը Ստամբուլում

1965-ի ապրիլի 24-ը Ստամբուլում
Բողոքի ցույց Ստամբուլում, ապրիլի 24, 2014թ.: 1965թ. ապրիլի 24-ի առավոտյան Թուրքիայի խորհրդարանի հայ նախկին պատգամավոր Պերճ Թուրանի գլխավորությամբ 25-30 պոլսահայեր Թաքսիմի հրապարակում ծաղկեպսակ դրեցին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հուշարձանին: Ըստ պոլսահայ մամուլի, Պերճ Թուրանը Աթաթուրքի հուշարձանի մոտ ասել է. «Հույները ջանում են մեր ազգակիցներին գրգռել Թուրքիայի դեմ: Չեմ կարծում, որ նրանց այս ընթացքը կարողանա խռովել Թուրքիայում ապրող 70 հազար հայերի հանգիստը»: Ծաղկեպսակի զետեղման արարողությանը ներկա դոկտոր Կարապետ Արմանը ասել է. «Ցավով տեղեկացանք, որ օսմանյան օրերին պատահած անախորժ դեպքերի 50-ամյակը պիտի նշվի [Բեյրութում և այլ գաղութներում]»: Թուրքական մամուլը լայնորեն անդրադարձավ 1965թ. հայկական միջոցառումներին: «Հուրիյեթը» ապրիլի 8-ի համարում գրել է. «Ապրիլի 24-ին, ամբողջ աշխարհի հանրային կարծիքի առջև, Թուրքիայի դեմ պիտի միջազգային նոր պայքար մղվի: Բեյրութի եկեղեցու [Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն] առաջնորդությամբ, Փարիզի, Նյու Յորքի, Աթենքի, Լոնդոնի և Հարավային Ամերիկայի զանազան քաղաքներում «ջարդված հայերի» հիշատակին պիտի տեղի ունենան սգահանդեսներ՝ զոհերի հիշատակը ոգեկոչելու և «Թուրքիայի վայրագությունները ծանուցելու» համար: Այս արարողությունները, ճառերը և հրապարակված գրքույկները պետք է սփռվեն ռադիոկայաններով ու հեռուստատեսությամբ»: Թուրքական մամուլը լուրջ կարևորություն էր տալիս այս միջոցառումներին և անընդհատ հոդվածներ գրում ապրիլի 24-ի մասին` Բեյրութ ուղարկելով իր թղթակիցներին: «Հուրիյեթը» կարճ հարցազրույցներ էր տպագրում Ստամբուլի երևելի հայերի հետ, դրանք դնելով «Մեր հայրենիքը Թուրքիան է, մեր դրոշը թուրքական դրոշն է, ամեն թուրքի պես կապված ենք այս երկրի հետ» վերնագրի տակ: Հայ կաթոլիկների կրոնապետը իբր ասել է. «Մենք բնավ չենք ուզում, որ հիշատակները վերակենդանան… Բեյրութում ծրագրված միտինգները որևէ օգուտ չպիտի ունենան»: Թուրքիայի Հայոց պատրիարք Շնորհք արք. Գալուստյանի խոսքը չափավոր էր. «Մեռելները հիշելը բոլոր մարդկանց իրավունքն է ու բարոյական պարտականությունը: Միայն թե հարգանքի արտահայտությունները պետք չէ, որ ազգերի սրտերում թշնամություն սերմանեն»: Թուրքական մամուլը լայնորեն անդրադարձավ աշխարհի տարբեր վայրերում կազմակերպված հայկական ցույցերին: Այդ առիթով խորհրդարանում ելույթ ունեցավ վարչապետ Սուաթ Հայրը Յուրգյուփլյուն` հայտարարելով, որ մի շարք երկրներում հայկական ծայրահեղական կազմակերպություններ ցույցեր ու հանրահավաքներ են կազմակերպել, սակայն կազմակերպիչներն իրենց ակնկալած մասնակցությունը չեն ապահովել: Վարչապետը մեղադրեց հույներին, իբր այդ ցույցերի հետևում նրանք են կանգնած: «Գրգռիչների նպատակն է հիսուն տարի անց պատմական իրողությունները նենգափոխել և Թուրքիայի դեմ հակաքարոզչություն տանել: Մենք շահագրգիռ պետություններին բացատրել ենք, որ Հայկական հարցը որևէ կապ չունի Թուրքիայի հետ և չի կարելի պատմությունը նենգափոխել: Մեր ողջամիտ հայ հայրենակիցները չմասնացեցին այդ միջոցառումներին և նույնիսկ ապրիլի 24-ին, այսինքն՝ հանրահավաքի օրը, Աթաթուրքի հուշարձանին ծաղկեպսակ դնելով` դատապարտեցին արտասահմանի մեջ տեղի ունեցող ցույցերը»: 2010 թվականից սկսած՝ ապրիլի 24-ը ամեն տարի հիշատակվում է Պոլսում, բայց ոչ ժխտական մոտեցումով: Հինգ տարի առաջ այդ օրը մի քանի տասնյակ իրավապաշտպաններ բողոքի ակցիա էին անցկացնում Ստամբուլի «Հայդար Փաշա» կայարանում, որտեղից 95 տարի առաջ` 1915-ին, մահվան ճամփորդության էին ուղարկել հայ մտավորականների առաջին խմբին: Նրանք պարզել էին աքսորված և դաժանաբար սպանված հայ գրողների նկարները: Թուրք և քուրդ իրավապաշտպանները, մտավորականները սգո միջոցառում անցկացրին նաև Ստամբուլի կենտրոնական հրապարակներից Թաքսիմում` ի հիշատակ 1915թ. զոհերի: Թուրքիայի համար անսովոր այս միջոցառումները թուրք ազգայնականների հարձակումներից պաշտպանում էին շուրջ հազար ոստիկաններ: Թուրք ազգայնականները հայտարարում էին, որ հայերն են կոտորել թուրքերին: Մեկ օր անց ծայրահեղ ազգայնական «Մեծ միություն» կուսակցության ներկայացուցիչները այրեցին հայկական եռագույնը: Մեկ տարի անց նույն օրը՝ 2011-ի ապրիլի 24-ին, հիշատակի միջոցառումներ անցկացվեցին Ստամբուլում, Անկարայում, Դիարբեքիրում, Բոդրումում: Մասնակիցները դատապարտում էին 1915-ին և հետագա տարիներին տեղի ունեցածը, այն համարում «մարդկության դեմ ուղղված հանցագործություն», «մեծ ոճիր», զորակցություն հայտնում հայերին, նրանցից ներողություն խնդրում, սակայն հիմնականում խուսափում էին «ցեղասպանություն» բառից: Թաքսիմ հրապարակում այս անգամ հավաքվել էր ավելի քան 400 մարդ: Հնչում էր հայկական երաժշտություն, որի ներքո ակցիայի բոլոր մասնակիցները ծնկի էին իջել և լռությամբ հարգում էին 1915թ. զոհերի հիշատակը: Հնչեցին ելույթներ, որոնց ընթացքում անուն առ անուն հիշատակվում էին շուրջ 250 մտավորականները, ովքեր Եղեռնի զոհ են դարձել: Հիշատակի միջոցառում տեղի ունեցավ նաև Ստամբուլի «Սուլթան Ահմեդ» պատմական վայրում: Թուրք մտավորականները պահել էին պաստառներ, որտեղ գրված էր, որ թանգարանը 1915թ. բանտ էր, որտեղ՝ մահվան ճամփորդությունից առաջ, պահվում էին հայ մտավորականները: Թուրք ազգայնականները պատասխանեցին երկու գործողություններով: Թաքսիմի հարևանությամբ հավաքված մի քանի տասնյակ թուրքեր կրում էին պաստառ, որի վրա գրված էր. «Կեցցե մեր նոր ազատագրական պատերազմն ընդդեմ երկրորդ Սևրի դաշնագրի»: Ապա ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության անդամները, ձեռքներին ադրբեջանական դրոշներ, անցան Իստիկլալ պողոտայով` ցեղասպանության պնդումները որակելով «իմպերիալիստական ստեր»: Թուրքիայում 1915 թվականի հիշատակումը, անկախ մասնակիցների թվից ու հնչած ելույթների բովանդակությունից, աննախադեպ է: Այն հիշատակվելու է նաև այս տարի ապրիլի 24-ին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում