Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները զարգանում են, ամրապնդվում են և ընդլայնվում, սլովենական Delo օրաթերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Պատասխանելով հարցին, թե ինչպես են Հայաստանում վերաբերվում Գյումրիի ռուսական բազայում Ռուսաստանի զինված ուժերի` մարտին սկսված զորավարժություններին` հաշվի առնելով հայկական ընտանիքի սպանությունը ռուս զինծառայողի կողմից, Նալբանդյանն ասել է. «Այն, ինչ դուք հարցնում եք սպանության հետ կապված, և այն, ինչ տեղի ունեցավ Գյումրիում, սարսափելի ողբերգություն է: Քննությունը շարունակվում է: Մենք վստահ ենք, որ մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:
Ինչ վերաբերվում է Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին, ապա այդ հարաբերությունները զարգանում են, ամրապնդվում են և ընդլայնվում: Առկա է շատ սերտ համագործակցություն երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև: Ինչ վերաբերում է ռուսական ռազմական բազային, ապա այն գտնվում է Հայաստանում միջկառավարական պայմանագրի հիմնան վրա և հանդիսանում է անվտանգության ապահովման կարևոր գործոններից»:
Դիտարկմանը, թե Արևմուտքում հույս են տածում, որ Գյումրիում տեղի ունեցածը, տնտեսական խնդիրները կգժտեն Հայաստանին և Ռուսաստանին, և հարցին, թե արդյոք Հայաստանում փոխվել է վերաբերմունքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ընդհանրապես Ռուսաստանի նկատմամբ, ՀՀ արտգործնախարարը պատասխանել է. «Ես չգիտեմ` ով է այդպիսի հույսեր փայփայում: Դրանք անլուրջ հույսեր են: Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները ռազմավարական, դաշնակցային են, որոնք անցել են ժամանակի փորձությունը, և հենց դա է բնութագրում մեր երկրների ղեկավարների միջև հարաբերությունները»:
Նա նշել է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ունի սերտ դաշնակցային հարաբերություններ, բայց, այդուհանդերձ, ցանկանում է աշխարհի բոլոր երկրների հետ զարգացնել, ամրապնդել բարեկամական գործընկերությունը: «Որոշ երկրներ հավակնում են, թե ունեն ռազմավարական հարաբերություններ աշխարհի գրեթե բոլոր երկրների հետ: Նման բան դժվար թե հնարավոր է»,- ասել է Նալբանդյանը:
Համապատասխանում է արդյոք իրականությանը արտահայտությունը, որ հայերը հարստանում են բոլոր վայրերում, բացի իրենց հայրենիքից, հարցին ի պատասխան, ՀՀ արտգործնախարարն ասել է. «Դուք գիտեք, մեր ժողովրդի երկու-երրորդը ապրում է աշխարհի 100 երկրներում: Ավելի շատ հայեր ապրում են արտասահմանում, քան Հայաստանում: Եվ բնականաբար ավելի շատ հաջողակ հայեր ապրում են արտասահմանում, քան Հայաստանում: Հայերը միշտ հայտի են եղել որպես լավ ձեռներեցներ, վաճառականներ և գործարարներ: Այնպես որ, կարելի է ասել, որ այդքան մեծ տարբերություն չկա նրանում՝ հայերը ապրում են արտասահմանում, թե Հայաստանում: Ճգնաժամը գլոբալ բնույթ ունի, վերաբերում է գրեթե ամբողջ աշխարհին: Եթե ձեռներեցությունը ճգնաժամ է ապրում, պատճառը այն չէ, որ այն հայկական է»:
Խոսելով հայերի կենսամակարդակի վրա դրամի արժեզրկման ազդեցության մասին` Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ «իհարկե, ճգնաժամն ազդում է և Հայաստանի վրա, բայց ընդհանուր առմամբ, Հայաստանի կառավարության ջանքերի շնորհիվ հաջողվում է սանձել բացասական միտումները՝ որքան որ հնարավոր է»:
Դիտարկմանը, որ ճգնաժամի պատճառով Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալները կրճատվել են, և նշանակո՞ւմ է դա արդյոք, որ Հայաստանը ստիպված է լինելու կողմնորոշվել դեպի այլ տարածաշրջաններ, Նալբանդյանը պատասխանել է, որ չի կարծում, թե ճիշտ է «ճգնաժամային իրավիճակների պատճառով կոնյունկտուրային մոտեցում ցուցաբերել, շարժվել այն ուղղությամբ, որտեղ փչում է քամին»: «Ռուսաստանը մեր առևտրային հիմնական գործընկերն է, հիմնական ներդրողը: Սակայն դրանով հանդերձ մենք զարգացնում ենք ակտիվ տնտեսական հարաբերություններ ԵՄ անդամ երկրների, այլ տարածաշրջանների և երկրների հետ»,- ասել է նա:
Ի պատասխան հարցի, թե հնարավոր է, որ Հայաստանի` ԵՏՄ անդամ լինելու ու դրանով հանդերձ ԵՄ-ի հետ արտոնյալ մաքսային ռեժիմ ունենալու գործոնը Հայաստանը դարձնի տնտեսական միջնորդ Ռուսաստանի և ԵՄ-ի միջև, ՀՀ արտգործնախարարն ասել է. «Ես կարծում եմ, որ ո՛չ ԵՄ-ն, ո՛չ Ռուսաստանը իրենց տնտեսական հարաբերությունների զարգացման համար միջնորդների կարիք չունեն: Մենք Եվրասիական միության անդամ ենք, միևնույն ժամանակ ունենք լավ տնտեսական հարաբերություններ ԵՄ երկրների հետ: Եվ եթե կան առավելություններ, ապա մենք, բնականաբար, կփորձենք օգտագործել այդ առավելությունները՝ ելնելով Հայաստանի շահերից, ինչպես նաև ելնելով մեր եվրասիական և եվրոպական գործընկերների շահերից»:
Իսկ թե «կոնկրետ ինչ առավելություններ է տալիս Հայաստանին անդամակցությունը Եվրասիական միությունում» հարցին, Նալբանդյանը պատասխանել է. «Չեմ կարծում` ճիշտ է գաղափարական երանգ տալ տնտեսական հարաբերություններին: Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի անդամակցությունը Եվրասիական միությանը, ինչը մեզ հնարավորություն է ընձեռում ավելի պարզեցված ձևով մուտք գործել պաշտպանված ապրանքաշուկաներ, Եվրասիական միության ծառայությունների միասնական շուկա, ներդրումներ բերել, ստեղծել արդյունաբերական և գյուղատնտեսական կոոպերացիաներ, առանց մաքսատուրքերի մուտք գործել ռեսուրսային բազա, ինչպես նաև ԵՏՄ տրանսպորտային միջանցքներ, դյուրացնել միգրացիոն ռեժիմը և այլն: Ես այդ ոլորտի մասնագետ չեմ, տնտեսագետ չեմ, բայց առավելություններն ակնհայտ են»:
Civilnet











