Գլխավոր Լրահոս

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Պրահայում

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Պրահայում
Չեխիայի Ազգային թանգարանի երաժշտության թանգարանի շենքում մարտի 9-ին տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի էջերին» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը: Ինչպես հաղորդում են արտգործնախարարության մամուլի ծառայությունից, ցուցահանդեսի բացմանը ելույթով հանդես է եկել Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը: Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը դատապարտող ելույթներով հանդես են եկել Չեխիայի հոգևոր առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Դոմինիկ կարդինալ Դուկան, Չեխիայի Խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահի տեղակալ Յան Բարտոշեկը և միջնորդությունների կոմիտեի նախագահ Զուզկա Բեբարովա-Ռույբրովան: Ցուցահանդեսը գործելու է մինչև մարտի 22-ը: Մարտի 10-ին Պրահայի Կարլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում տեղի է ունեցել «Ցեղասպանության հանցագործություն. իրավական և քաղաքական ասպեկտները» խորագրով գիտաժողով, որը Չեխիայում Հայաստանի դեսպանության և «Չարիքի հնէաբանությունը» ցեղասպանությունների ուսումնասիրման կենտրոնի հովանու ներքո կազմակերպել էին «Իրավագիտության ուսանողների եվրոպական ընկերակցության Պրահայի մասնաճյուղը» (ELSA PRAHA) և հայազգի տնտեսագետ Էլեն Ահարոնյանը: Գիտաժողովին զեկույցով հանդես է եկել գերմանաբնակ հայազգի հանրահայտ ցեղասպանագետ, Բոխումի համալսարանի պրոֆեսոր Միհրան Դաբաղը, որը ներկայացրել է տարբեր ցեղասպանությունների, մասնավորապես Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի համեմատականները: Ելույթով հանդես է եկել նաև Կարլի համալսարանի բողոքական աստվածաբանության ֆակուլտետի դասախոս, «Չարիքի հնէաբանություն» ցեղասպանությունների ուսումնասիրման կենտրոնի ղեկավար Շիմոն Կրբեցը: Մարտի 11-ին Պրահայի Գյոթեի ինստիտուտում տեղի է ունեցել «Երեկ և այսօր. արդարությունը միշտ անհրաժեշտ է» խորագրով քննարկում, որը կազմակերպել էր «Gariwo - Garden of the Righteous» իրավապաշտպան կազմակերպությունը` ի դեմս չեխ-իտալացի հրապարակախոս Անդրեաս Պիերալլիի: Չեխ հայագետ Միլադա Կիլիանովան իր ելույթում ներկայացրել է Հայոց ցեղասպանության ժամանակագրությունն ու մանրամասները` նշելով, որ ժամանակակից Թուրքիան պարտավոր է ընդունել սեփական պատմության դաժան իրողությունները և դատապարտել նախնիների ոճրագործությունները։ Գիտաժողովի կազմակերպիչ Անդրեաս Պիերալլին ձեռնարկի մասնակիցներին ներկայացրել է փաստագրական նյութեր այն հումանիստների մասին, որոնք մեծ օգնություն են ցուցաբերել Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ փախստականներին: Իրենց ելույթներում արտաքին գործերի նախկին նախարարներ Ցիրիլ Սվոբոդան և Կարել Շվարցենբերգը դատապարտել են Օսմանյան կայսրության ոճրագործությունները և կոչ արել թուրքերին առերեսվել սեփական պատմության հետ: Շվարցենբերգը նաև նշել է, որ հայերի ողբերգության բազմաթիվ վկայություններ եղել են նաև նախկին Չեխոսլովակիայում:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում