Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև է ընդունել

Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նիստը Երևանում, մարտ 17, 2015թ.:
Մարտի 17-ին Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը (ԽՎ) Երևանում ընթացող չորրորդ լիագումար նիստին ընդունել է չորս փաստաթուղթ և երկու հրատապ բանաձև, որոնցից մեկը վերաբերում է Հայոց ցեղասպանությանը: Փաստաթղթերը վերաբերում են տնտեսական ինտեգրմանը, քաղաքական հարցերին, էներգետիկ անվտանգությանը և սոցիալական հարցերին՝ առաջ քաշելով մի քանի առաջարկ` «2014-2020 թթ. Եվրոպական հարևանության գործիքի միջոցով ներգրավվածություն ապահովել ԵՄ-ի և Արևելյան գործընկերության երկրների միջև ամուր գործընկերության նպատակով», «Ենթակառուցվածքային համագործակցություն ԵՄ-ի և Արևելյան գործընկերության երկրների միջև՝ ճանապարհային, երկաթուղային և օդային տրանսպորտի համատեղ ծրագրերով» և «Մշակութային և միջմշակութային երկխոսություն՝ Արևելյան գործընկերության համատեքստում»:
«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան, ըստ կազմակերպության տարածած հաղորդագրության, ասել է, որ «այսօր ընդունված փաստաթղթերը կնպաստեն Հայաստան-ԵՄ հարաբերությունների գործնական հարթության ամրապնդմանը՝ դուրս գալով սոսկ հռչակագրերի շրջանակից»:
Ընդունված փաստաթղթերում Եվրանեսթ ԽՎ-ն կոչ է անում Եվրամիությանը այսուհետ ևս խթանել իր անմիջական սահմանակից երկրների միջև սահմանների բացումը: Ավելին, քաղաքական և սոցիալական տեսանկյունից, ընդունված փաստաթղթերը կոչ են անում առնվազն որոշ դեպքերում առաջնորդվել մուտքի արտոնագրերի ազատ ռեժիմով: Ռուսաստանի Դաշնությանն ուղղված կոչում նշվում է զերծ մնալ Ուկրաինա ցանկացած ներխուժումից: Էներգետիկայի վերաբերյալ Խորհրդարանական վերահաժողովը ընդգծում է ԵՄ ծրագրերի կարևորությունը Արևելյան գործընկերության երկրների համար:
«Սա հատկապես արդիական է, որովհետև Եվրանեսթի անդամ Արևելյան գործընկերության երկրներից ոչ մեկը դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Մենք հույս ունենք, որ այս բանաձևը նրանց առաջին քայլը կլինի՝ դատապարտելու Հայոց ցեղասպանությունը՝ միացնելով իրենց ձայնը Եվրամիությանը և անմասն չմնալով Եվրոպական համերաշխությունից»,- ասել է Լորենցո Օչոան:
Ընդունված բանաձևը «դատապարտում է մարդկության դեմ հանցագործության բոլոր տեսակներն ու ցեղասպանությունը և խստորեն դատապարտում է դրանց ժխտման փորձերը» և «աջակցում է միջազգային պայքարին ցեղասպանությունների կանխարգելման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնման և պատմական արդարության հաստատման համար»:
Երևանում ընթացող Եվրանեսթի ԽՎ նիստին այսօր Եվրախորհրդարանի փոխնախագահ Ռիշարդ Շարնեցկին Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի անունից ելույթ է ունեցել՝ ասելով, որ ապրիլի 24-ից մեկ շաբաթ առաջ Եվրախորհրդարանը նոր բանաձև կընդունի Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Մարտի 12-ին հրապարակած զեկույցում Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է անում իրավականորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Civilnet










