Մարտի 17-ին Կարսում Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի նախագահները մասնակցել են TANAP-ի՝ Տրանսանատոլիական գազատարի շինարարության մեկնարկի հանդիսավոր արարողությանը, հաղորդում է Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ TANAP-ը Կասպից ծովի և Եվրոպայի միջև ամուր կապ կստեղծի: Ծրագրով նախատեսվում է ադրբեջանական գազը Վրաստանի միջոցով հասցնել Թուրքիա: Այն, անցնելով Թուրքիայի քսան նահանգի միջով, հասնելու է Թուրքիայի արևմտյան շրջաններ՝ Թեքիրդաղ ու Էդիրնե: Նախատեսվում է նաև, որ հարավկովկասյան գազը TANAP-ի միջոցով միացվելու է Տրանսադրիատիկ գազատարին, որն էլ գազը տեղափոխելու է Եվրոպա՝ Իտալիայի, Հունաստանի ու Ալբանիայի տարածքով։ Նախագիծը գնահատվում է 16 մլրդ եվրո, նախատեսված առաջին փուլն ավարտել արդեն 2018-ին:
Կարսում Էրդողանը հայտարարել է, որ TANAP գազատարը «Հարավային հոսքի» մայր երակն է: «Հարավային հոսք» գազամուղը ռուս-իտալա-ֆրանս-գերմանական նախագիծ էր, որը Սև ծովի ռուսական ափից գազը պետք է տաներ մինչև Բուլղարիայի Վառնա նավահանգիստ, այնտեղից էլ՝ եվրոպական այլ երկրներ:
Գազի շուրջ ռուս-թուրքական բանակցությունները՝ փակուղում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2014թ․ դեկտեմբերին Անկարայում հայտարարել էր, որ Ռուսաստանը չի շարունակելու «Հարավային հոսք» գազատարի կառուցման նախագիծը: Դրանից հետո սկսեց խոսվել «Թուրքական հոսք» գազատարի կառուցման մասին, որն իր հերթին ռուսական գազն էր Թուրքիայի միջոցով հասցնելու եվրոպական երկրներ: Դրանից հետո հայտարարվեց, որ Ռուսաստանը իջեցնելու է գազի գինը Թուրքիայի համար:
TANAP-ի պաշտոնական մեկնարկից հետո, մարտի 18-ին ռուսական «Կոմերսանտ» թերթը գրել է, որ բանակցությունները, որոնք միտված էին Թուրքիայի համար իջեցնել գազի գինը, և որոնց դրական ելքի մասին անընդհատ բարձրաձայնվում էր փետրվարին, փակուղի են մտել: Ըստ աղբյուրի՝ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ մի շարք հարցերում, ինչը հարցականի տակ է դնում Մոսկվայի և Անկարայի միջև «Թուրքական հոսքի» կառուցումը: Ռուսական աղբյուրի հաղորդմամբ՝ թուրքական կողմն անընդհատ ձգձգում է գազատարի կառուցումը: «Փորձագետների կարծիքով՝ Անկարան, օգտագործելով գազատարի գործոնը, փորձում է թեթևացնել տեղական ներկրողների դրությունը, որոնք տուժել են լիրայի անկումից»,- գրում է «Կոմերսանտը»:
Reuters-ն էլ օրերս գրել էր, որ Թուրքիան մտադիր չէ արագացնել «Թուրքական հոսք» գազատարով Եվրոպային գազ հասցնելու ռուսական ծրագիրը: Ըստ աղբյուրի՝ Թուրքիային մտահոգում է մեծ կախվածությունը ռուսական էներգակիրներից:
Կարծես թե Ռուսաստանին չի գոհացնում Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզի հայտարությունն այն մասին, թե «Հարավային հոսքը» «Թուրքական հոսքի» մրցակիցը չէ:
Այս համատեքստում հետաքրքիր է, որ մարտի 17-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների միջև: Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ քննարկվել է նաև «Թուրքական հոսքի» հարցը:
Civilnet











