Գլխավոր Լրահոս

Անկարայի քաղաքապետը կարծում է, որ Ջեմ Օզդեմիրն ունի հայկական արմատներ

Անկարայի քաղաքապետը կարծում է, որ Ջեմ Օզդեմիրն ունի հայկական արմատներ
Անկարայի քաղաքապետ, «Արդարություն և զարգացում» կուսկացության անդամ Մելիհ Գյոքչեք Մարտի 12-ին Երևանում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Ջեմ Օզդեմիրի գլխավորած պատվիրակությունը: Նա Հայաստանում այցելել էր Ծիծեռնակաբերդ և կոչ արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հայաստանյան այցից հետո թուրքական մեդիայում և սոցիալական ցանցերում Օզդեմիրի դեմ հայտարարություններ են հնչել: Հատկապես դժգոհությամբ է ընդգծվել այն փաստը, որ Օզդեմիրը, թուրք լինելով, կոչ է արել ճանաչել Ցեղասպանությունը: Սոցիալական ցանցերում մեծ տարածում է գտել Օզդեմիրի՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում արված լուսանկարը: Հատկապես բացասական արձագանք է լսվում  Թուրքիայի կառավարամետ շրջանակներից: Անկարայի քաղաքապետ, կառավարող «Արդարություն և զարգացում» կուսկացության անդամ Մելիհ Գյոքչեքը Թվիթերում գրառում է արել. «Խնդրում եմ, պատասխանի՛ր, Ջեմ Օզդեմիր, դու արմատներով հա՞յ ես»: Ջեմ Օզդեմիրի հայաստանյան այցն ու հայտարարությունները քննադատել է նաև թուրք դիվանագետ Օրհան Թանը. «Մի՞թե Ձեր պապերից որևէ մեկին հայերը չեն սպանել»: Թուրք դիվանագետը կոչ է արել Ջեմ Օզդեմիրին կարդալ և սովորել, թե ինչպես են հայերը կոտորել թուրքերին, ներառյալ՝ նրա պապերին: Օրհան Թանը խորհուրդ է տվել նաև կարդալ թուրք պատմաբանների գրքերը:  «Ձեզ ինչ ասեմ, չգիտեմ: Սակայն, թույլ տվեք առնվազն քննադատել Ձեր դիրքորոշումը: Փորձեք շտկել Ձեր սխալները»,-ասել է Օրհան Թանը: Ուշագրավ է, որ Թուրքիայի մեջլիսի խոսնակ Ջեմիլ Չիչեքը Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան այն երկիրն է, որն  ամենաշատն է ցանկանում բացահայտել 1915թ. իրադարձությունները: Կրկնելով Թուրքիայի ժխտողական թեզերը՝ նա ասել է, որ այն (Ցեղասպանությունը-ՍիվիլՆեթ) չպետք է քաղաքականության մեջ շահարկելու թեմա լինի: Ջեմ Օզդեմիրը ծնվել է Գերմանիայում, չերքեզաթուրքական ծագում ունի: Նրա ընտանիքը Թուրքիայից Գերմանիա է գաղթել 1960-ականներին: Այժմ Օզդեմիրը «Դաշինք 90/կանաչներ» կուսակցության համանախագահն է: Կուսակցությունը զբաղեցնում է Բունդեսթագի 630 տեղերից 63-ը: Ջեմ Oզդեմիրն այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որից հետո Ֆեյսբուքում գրել էր. «Զգացմունքային պահեր: Այսօր մեր կուսակցության պատգամավոր Էքին Դելիգյոզի հետ Երևանում այցելել էինք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Ժամանակին Կայսերական Գերմանիան դերակատարություն է ունեցել այն ժամանակվա իրադարձություններում, և դա մեզ ստիպում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ավելի ակտիվ դերակատարություն ունենալ»: Մարտի 12-ին նա հյուրընկալվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որը կարևորել է Օզդեմիրի այցը հայ-գերմանական կապերի ամրապնդման տեսանկյունից: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Ջեմ Օզդեմիրի՝ Ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիային ուղղված կոչերը: Ուշագրավ է, որ Հայաստանում եղած ժամանակ Բունդեսթագի պատգամավորն ասել է, որ Հայոց ցեղասպանության իրականացման գործում Գերմանիան ունի իր մեղքի ու պատասխանատվության բաժինը: Նա նաև նշել է, որ ժամանակն էր, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի: Օզդեմիրը Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության համոզված պաշտպանն է: Քննադատելով 2014թ. Գերմանիա կատարած այցի ընթացքում այն ժամանակ դեռ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները, նա ասել է. «Էրդողանն արդեն բացասական Թուրքիայի կերպարն է, և նրա այցը բացասաբար է ազդելու Եվրամիության հետ հարաբերությունների վրա»: Ի պատասխան Ջեմ Օզդեմիրի հայտարարության՝ Էրդողանն ասել է. «Իրեն թուրք համարող մեկը Գերմանիայի կուսակցություններից մեկի համանախագահն է: Նրա արած հայտարարությունները շատ կեղտոտ են: Դու ի՞նչ դեմոկրատ ես: Առաջին հերթին դու իրավունք չունես նման տոնով խոսել քո հայրենի երկիրը ներկայացնող վարչապետի մասին: Որ երկրի պատգամավոր էլ լինես՝ նախ չա՛փդ ճանաչիր»: Հայաստանյան այցի ընթացքում Օզդեմիրը գտնվում էր մամուլի ուշադրության կենտրոնում: Նա հարցազրույց է տվել նաև Սիվիլնեթին՝ քննադատելով Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը: 

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում