Գլխավոր Լրահոս

Թուրքիան չի ուզում միլիարդավոր դոլարների փոխհատուցում վճարել հայերին

Թուրքիան չի ուզում միլիարդավոր դոլարների փոխհատուցում վճարել հայերին
Էնգին Արդըչ Թուրքական Sabah թերթում լույս է տեսել լրագրող Էնգին Արդըչի «Հայկական հարցի հիմքում փողն է» վերնագրով հոդվածը: Հեղինակը ցույց է տալիս, թե ինչպես է  Ցեղասպանությունից հետո բռնագրավվել հայկական գույքն ու դրվել թուրքական տնտեսության հիմքում: Կառավարամետ թերթում նման հոդվածի առկայությունը փոքր-ինչ զարմանալի է, թեև հեղինակը չի օգտագործում «ցեղասպանություն» բառն ու դրական է արտահայտվում Մուստաֆա Քեմալի հասցեին: Հոդվածը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև: Նախկինում էլ շատ եմ ասել, տեսե՛ք, պրոֆեսոր Սուլեյման Յաշարն էլ է գրել. «Հայկական հարցի հիմքում փողն է»: Հարցն ամենևին Հայաստանի կողմից մեզնից (Թուրքիայից) հող ուզել կամ չուզելը չէ, հարցը հայերի փոխհատուցում պահանջելու վտանգն է: Եվ դա փող չէ արյան դիմաց, դա հայերի բռնագրավված գույքի վճարն է: Մենք չենք հարցնում, թե այդ մարդիկ ուր են գնացել. հայտնի է: Մի մասը լքեց այս աշխարհը, մի մասն էլ գնաց Լիբանան ու Սիրիա, այնտեղից էլ՝ Ֆրանսիա, ԱՄՆ ու Կանադա….  Այս մարդիկ կազմում էին Անատոլիայի (Օսմանյան կայսրության արևելյան շրջաններ, Արևմտյան Հայաստան-ՍիվիլՆեթ) գյուղացիական, արհեստավորական ու առևտրական խավը: Մեր ձեռքում չկա ո՛չ ճշգրիտ ուսումնասիրություն, ո՛չ էլ հստակ տեղեկություն ամբողջ Անատոլիայում տարածված նրանց գույքի, բանկերում պահվող փողերի, գործարանների, խանութների, արհեստանոցների, տների, դաշտերի, կենդանիների, այգիների վերաբերյալ: Ահա դրա համար էլ Օսմանյան տնտեսության պատմության  մեջ հիշատակված չէ հայկական, ավելի ճիշտ՝ ոչ իսլամ ժողովուրդների տնտեսության պատմությունը, ինչպես կասեր Սուլեյման Յաշարը՝ գրվել է ընդամենը մի քանի բառ: Ուսումնասիրողներից ո՛չ մեծն Նիյազի Բերքեսը, ո՛չ Քորքութ Բորաթավը, ո՛չ  հանգուցյալ Օքթայ Յենալը, ոչ էլ Յահյա Թեզելն ու Շեվքեթ Փամուքը: Եվ չկարծեք, որ նրանք ոչինչ չգիտեին: Վախեցած պետք է լինեին, չէին ցանկանալու «գլուխը դնել ցավի տակ»: Այս պատճառով մեզ սովորեցրել են. «Օսմանյան բուրժուական դաս գոյություն չի ունեցել»: Բոլոր փոքրամասնություններին անվանում էին «իմպերիալիզմի գործակիցներ» ու հայհոյում նրանց: Օսմանյան բուրժուական դասը կազմող փոքրամասնություններին ոչ ոք չէր ուզում հիշել, որովհետև դրանից հետո կարող էր գալ նրանց իրավունքների հարցը: Իրականությունը հետևյալն է. տեղահանությունից հետո Անատոլիայի երևելիները բռնագրավել ու կիսել են հայերի ունեցվածքը, վերցրել նրանց տներն ու դաշտերը: Մի մասը գնալու (աքսորի-ՍիվիլՆեթ) ժամանակ էր տիրացել գույքին, մի մասն էլ վերցրել էր գույքը՝ նրանց սպանելով: Իթթիհաթ վե Թերաքքիի (Միություն և առաջադիմություն) «փոքրամասնությունների կապիտալը իսլամացնելու-թրքացնելու միջոցով սեփական բուրժուազիա ստեղծելու քաղաքականությունը» շարունակվեց նրա անմիջական ժառանգ Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) կողմից՝ հանրապետության տարիներին (1923-ից հետո-ՍիվիլՆեթ): Չկարողանալով ապահովել կապիտալի կուտակումն ու արդյունաբերականացման համար անհրաժեշտ այլ նախադրյալները՝ բյուրոկրատիայի  մտքին, դժբախտաբար,  եկավ միայն բռնի ուժի դիմելու մեթոդը: «Ունեցվածքի հարկ» կոչվող խայտառակությունն այս քաղաքականության մի փուլն էր: (1942թ․ թուրքական կառավարությունը, վարչապետ Շուքրու Սարաջօղլուի գլխավորությամբ, խորհրդարան ներկայացրեց «Ունեցվածքի հարկի» (Varlık vergisi) մասին օրենքը, որն ընդունվեց 1942թ․ նոյեմբերի 11-ին` խորհրդարանի նիստին մասնակցող 350 պատգամավորների միաձայն քվեարկությամբ: «Ունեցվածքի հարկը» գործեց 16 ամիս և վերացվեց 1944թ․ մարտի 15-ին (թիվ 4530 օրենք): Ընդհանուր առմամբ հավաքվեց 314.900.000 թուրքական լիրա հարկ, որի 70 տոկոսը՝ Ստամբուլում, որտեղ հայկական ու հունական ստվար համայնք կար: Այդ հարկը Թուրքիայում բնակվող բազմաթիվ քրիստոնյաների արտագաղթի պատճառ հանդիսացավ -ՍիվիլՆեթ): 1915թ. միանգամից հարստացածները, առաջին աշխարհամարտում Օսմանյան կայսրության պարտությունը տեսնելով, անչափ վախեցան, որ զինադադարին դաշնակից երկրները հաշիվ են պահանջելու: Այդ պատճառով օգնեցին այն միակ մարդուն, որը կարող էր պաշտպանել իրենց: Դա Մուստաֆա Քեմալն էր: Հայկական հարցին երբևէ չխառնված, ձեռքերը մաս-մաքուր Մուստաֆա Քեմալի մտահոգությունը ոչ թե այս խաբեբաներին օգնելն էր, այլ, իհարկե, երկիրն ամբողջությամբ փրկելը: Ավելի ուշ, երբ նոր հարստացածների խավը տեսավ, որ Անկարայի բյուրոկրատական շրջանակներն իրեն չի օգնում, միությունը խզեց, դարձավ ընդդիմություն և ստեղծեց իր սեփական կուսակցությունը: Ահա և Դեմոկրատական կուսակցության ծնունդը: (Դեմոկրատական կուսակցությունը Թուրքիայում իշխանության ղեկին է եղել 1950-1960թթ․-ՍիվիլՆեթ): Տարիներ անցան: Այժմ կառավարության քաղաքականությանն աջակցող որոշ լրագրող ընկերներիս հարցնում եմ․ «ինչո՞ւ եք իթթիահատականների արածներին տեր կանգնում, հո գի՞ժ չեք»: Երբևէ չեմ ստացել գոհացուցիչ պատասխան: Նրանց փոխարեն ես պատասխանեմ. «…...այժմ, քանի ամեն ինչ կարգին է, անկապ տեղը չենք ուզում միլիարդավոր դոլարների փոխհատուցում վճարել»:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում