Գլխավոր Լրահոս

Թալեաթը, Էնվերը, Ջեմալը դատապարտվում են մահվան

Թալեաթը, Էնվերը, Ջեմալը դատապարտվում են մահվան
Թալեաթ փաշա 1919թ. մարտի 8-ին սուլթան Մեհմեդ Վեցերորդ Վահիդեդդինի հատուկ հրովարտակով Իթթիհատի՝ Միություն և առաջադիմություն կուսակցության ղեկավարներն ու նախարարները հանձնվում են Ստամբուլի ռազմական արտակարգ ատյանին: Կուսակցության անդամների դատավարությունն սկսվում է ապրիլի 28-ին և շարունակվում մինչև մայիսի 17-ը: Դատավարության ժամանակ հեռակա կարգով մեղադրում են 11, իսկ ներկա` 20 կուսակցական գործիչներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ: Հեռակա կարգով դատի տրված մեղադրյալներն էին` ներքին գործերի նախարար և վարչապետ (1917-1918) Թալեաթ փաշան, ռազմական նախարար Էնվերը, ռազմածովային նախարար Ջեմալը, կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ, Հատուկ կազմակերպության նախագահ Բեհաէդդին Շաքիրը, կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ, Հատուկ կազմակերպության անդամ, հանրակրթության նախարար Նազըմը,‎ ‎ֆինանսների նախարար Ջավիդը, հողագործության և առևտրի նախարար (1915-1917) Սուլեյման Էլբիստանին, հողագործության և առևտրի նախարար (1917-1918) Մուստա‎ֆ‎ա Շերիֆը, փոստի և հեռագրատան նախարար (1914-1917) Օսկանը, կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ Ռուզուհին, հասարակական անվտանգության նախարար, Հատուկ կազմակերպության անդամ Ազիզը: 1919թ. հուլիսի 5-ին կայացած դատավճռով Թալեաթը, Էնվերը, Ջեմալը և դոկտոր Նազըմը դատապարտվում են մահվան, Ջավիդը, Մուստաֆա Շերիֆը և շեյխ ուլ իսլամ Մուսա Քյազիմը`15 տարվա աքսորի, իսկ Ռի‎ֆաթը և Հաշիմը արդարացվում են: Թալեաթին, Էնվերին, Ջեմալին և մի շարք այլ ոճրագործների դատն իրականացրին հայ վրիժառուները՝ հիմնականում ՀՅԴ անդամներ: Հայերի տեղահանության և կոտորածների (tehcir ve taktil) մեղադրանքով 1919-1921թթ. հարուցված 63 դատական գործերի արդյունքում կայացվել է երկու տասնյակ մահապատժի դատավճիռ, որոնցից միայն երեքն է իրականացվել, քանի որ մյուս հանցագործները գտնվել են փախուստի մեջ: Մինչ ընթանում էին դատավարությունները, քեմալական շարժման տարածումը փոխում էր ընդհանուր տրամադրությունը: Հիմնականում քեմալականներով ներկայացված վերջին օսմանյան խորհրդարանում պատգամավորները 1920թ. փետրվարի 20-ին հանդես եկան Դամադ Ֆերիդ փաշայի դեմ դատական գործ հարուցելու առաջարկով, քանի որ վարչապետը հայերի կոտորածների պատասխանատուներին բացահայտելու հարցում հետևողական էր: Դամադ Ֆերիդը քեմալականների ճնշման տակ նույն տարվա հոկտեմբերի 17-ին հրաժարական տվեց, որին փոխարինեց քեմալականների նկատմամբ բարյացակամ տրամադրված Թև‎‎‎ֆիկ փաշան: Նոյեմբերի 8-ին ձերբակալվեցին Բաբերդի դատավճիռն արձակած դատավորները: Հայերի կոտորածների համար մեղադրված, դատապարտված և մահապատժի ենթարկված երեք ոճրագործներից երկուսը` Մեհմեդ Քեմալը և Բեհրամզադե Նուսրեթը, հերոսացվեցին: Նուսրեթի մահապատժի օրը` 1920թ. օգոստոսի 5-ին, Անկարայի մեջլիսը, ի նշան հարգանքի, տասը րոպեով դադարեցրեց աշխատանքը: Անկարայի մեջլիսի նույն տարվա դեկտեմբերի 9-ին ընդունած որոշման համաձայն թոշակ նշանակվեց Մեհմեդ Քեմալի ընտանիքին, իսկ դեկտեմբերի 25-ին` Նուսրեթի ընտանիքին: Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչների մի մասը դատապարտվեց թուրքական ռազմական ատյանների վճիռներով, մի մասը` սպանվեց հայ վրիժառուների ձեռքով: Բայց կա ոճրագործների մի երրորդ խումբ, որոնց կատարած հանցագործությունները, համաձայն ցեղասպանագետ Վահագն Տատրյանի, դուրս են մնացել ընդհանուր դատապարտումներից: Նրանց թվում են ելուզակ ղեկավարները կամ չեթեբաշիները, որոնք «ծուղակն ընկած հազարավոր հայ բռնագաղթողների են կոտորել թուրքական պետությանն անգամ անհայտ ու մինչ այդ չգերազանցված բարբարոսությամբ»: Այս ելուզակ ղեկավարներից մի քանիսը սպանվել են իթթիհադականների կամ քեմալականների ձեռքով, ուրիշներն այս աշխարհին հրաժեշտ տվեցին սրտի տագնապից կամ ուղեղի կաթվածից, ինչպես նաև` զոհվեցին դժբախտ պատահարների հետևանքով կամ ինքնասպանություն գործեցին: Նրանց մի մասը մեղադրվել են Աթաթուրքին սպանելու և իթթիհադական վարչակարգը վերահաստատելու դավադրության մեջ: Այս նախկին իթթիհատականների դատաքննությունները բաժանված են եղել երկու դատավարության, մեկը` Իզմիրում, մյուսը` Անկարայում: Դրանց առաջին շարքը սկսվել է Իզմիրում 1926 թ. մայիսի 26-ին և ավարտվել դատավճռի արձակման օրը` 1926 թ. հուլիսի 13-ին, երբ 7 դավադիրներ մահվան դատապարտվեցին և կախաղան բարձրացվեցին այդ օրը` կեսգիշերին: Նրանցից երեքն ընդգրկված են եղել, իսկ այդ երեքից երկուսը գլխավոր դեր են կատարել Հայոց ցեղասպանության կազմակերպման և իրականացման հարցում: Հալիս Թուրգութը եղել է Միություն և առաջադիմություն կուսակցական ակտիվիստ և խորհրդարանական, պատերազմի ժամանակ Սեբաստիայի (Սվաս) նահանգում գործող Հատուկ կազմակերպության քանակակազմի հրամանատար: Ավելի ուշ աշխատել է կովկասյան ճակատում` ներառյալ Նախիջևանի շրջանում` 1917-1918 թթ: Հայկական տեղահանություններն ու կոտորածները հետաքննող թուրքական զինվորական ատյանի հետապնդումներից խուսափելով, համախոհների մի փոքր խմբի հետ թաքնվել է Սեբաստիայի լեռներում: Ահմեդ Շյուքրուն պատերազմի ժամանակ եղել է կրթության նախարարը, ծայրահեղ իթթիհատական և հայերի ոխերիմ թշնամի: Նրան կախել են երկու անգամ, քանի որ պարանն առաջին անգամ կտրվել է և կիսամեռ գետին փռվել: Ապա կախաղանի վրա հոգին ավանդել` ահասարսուռ ձայներ արձակելով: Տասնյակ հազարավոր անմեղ հայ գյուղացիների մահվան դուռը հասցրած այս ոճրագործը կախաղան բարձրանալիս վախից սարսափահար գոռացել է: Իսմայիլ Ջանփոլաթը եղել է Թալեաթի աջ ձեռքը, կայսրության հասարակական անվտանգության (Էմնիյեթի Ումումիյե) գրասենյակի պետ, օսմանյան մայրաքաղաքի կառավարիչ և պատերազմի վերջերին նաև ներքին գործերի նախարար:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում