Հայաստանի կենտրոնական բանկում առկա և մամուլում շրջանառվող տեղեկատվության համաձայն՝ վերջին շրջանում հասարակական որոշ վայրերում կարելի է հանդիպել «Ռոսս Գրուպպ» ՓԲԸ կողմից հրապարակված «միասին մարենք Ձեր վարկերը / Оказываем помощь населению в погашении кредитов» հայտարարությանը, որի համաձայն՝ «Ռոսս Գրուպպ» ՓԲԸ-ն տրամադրում է օգնություն վարկերի մարման համար:
Կենտրոնական բանկն ուսումնասիրել է կազմակերպության կողմից տարածվող հայտարարությունը, այդ թվում՝ հաճախորդներին առաջարկվող պայմանագիրը, համաձայն որի՝ կազմակերպությունը խոստանում է կատարել հաճախորդի ունեցած վարկային պարտավորությունները, իսկ հաճախորդը պարտավորվում է նշված ծառայության համար վճարել կազմակերպությանը՝ հաճախորդի վարկային պարտավորության 20% - 30%-ի չափով: ԿԲ տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ այդ փաստաթղթերի վերլուծությունը թույլ է տալիս ենթադրել, որ կազմակերպության կողմից առաջարկվող «ծառայությունները» պարունակում են զեղծարարության տարրեր, և դրանցից օգտվելը կարող է հանգեցնել քաղաքացիների ֆինանսական միջոցների կորստի, անձնական տվյալների ոչ իրավաչափ փոխանցման, ինչպես նաև իրավունքները արդյունավետ պաշտպանելու բարդության:
Ելնելով սպառողների շահերի պաշտպանության անհրաժեշտությունից՝ ԿԲ-մ քաղաքացիներին զգուշացնում է վերոնշյալ ռիսկերի մասին, ինչպես նաև հորդորում զերծ մնալ նմանատիպ գործարքներ կնքելուց և նշված կազմակերպության հետ համագործակցելուց:
Civilnet











