Գլխավոր Լրահոս

Հայաստանը ԵԱՀԿ-ում բարձրացրել է Ադրբեջանի մարտի 19-ի դիվերսիայի հարցը

Հայաստանը ԵԱՀԿ-ում բարձրացրել է Ադրբեջանի մարտի 19-ի դիվերսիայի հարցը

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը մարտի 26-ին ելույթ է ունեցել ԵԱՀԿ Մշտական խորհրդի հանդիպմանը:

Ինչպես հաղորդում են ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից, դեսպան Կիրակոսյանն անդրադարձել է մարտի 19-ին շփման գծի հյուսիսային հատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված դիվերսիոն գործողությանը, որի հետևանքով զոհվել էր Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի չորս զինծառայող: Նա ընդգծել է, որ ԼՂՀ պաշտպանության բանակի հակահարվածի արդյունքում հակառակորդը տվել է բազմաթիվ զոհեր, ինչն ադրբեջանական կողմը փորձում է թաքցնել` պաշտոնապես արգելելով լրագրողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների այցելությունները սահմանամերձ բնակավայրեր:

ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ Ադրբեջանն առաջին անգամ կիրառել է խոշոր՝ 120 մմ տրամաչափի հրետանի, ինչն ի ցույց է դնում Բաքվի մտադրությունը` շարունակել ընթանալ զինված առճակատման ճանապարհով: «Դրանով Ադրբեջանը ձգտում է խարխլել 1994թ. հրադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիրը, խախտել ռազմական հավասարակշռությունը»,- ասել է նա` Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին կոչ անելով ուշադրություն դարձնել այդ վտանգավոր զարգացման վրա:

Արման Կիրակոսյանն ափսոսանք է հայտնել, որ այն ժամանակ, երբ միջազգային հանրությունը նշում է ռասայական խտրականության վերացման միջազգային օրը, Ադրբեջանի ղեկավարությունը հանդես է գալիս այլատյացության և անհանդուրժողականության կոչերով: Այդ կապակցությամբ նա մեջբերել է Ադրբեջանի նախագահի և պաշտպանության նախարարի հայտարարությունները, որոնցում նրանք տարածքային նկրտումներ են ներկայացրել Հայաստանի մայրաքաղաքի և այլ տարածքների նկատմամբ ու անթաքույց արտահայտել իրենց մտադրությունը արցախյան հիմնահարցը լուծել ռազմական ագրեսիայի ճանապարհով:

ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը և զանգվածային ջարդերից պաշտպանությունը ԼՂՀ իշխանությունների պարտականությունն է: Նա հիշատակել է, որ Ադրբեջանի կողմից վերահսկվող ԼՂ տարածքներում իրականացվել են հայ բնակչության էթնիկական զտումներ: Այդ համատեքստում Արման Կիրակոսյանը փաստել է, որ Ադրբեջանը ձգտում է վերսկսել զինված հակամարտությունը` Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքը ուժով ճնշելու նպատակով:

Դատապարտելով Ադրբեջանի ուժային քաղաքականությունը՝ դեսպանը նշել է, որ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում իրավիճակի սրման և դրա հետևանքների համար: Նա վերահաստատել է Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը, որ հրադադարի ռեժիմի ամրապնդումը վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման միջոցով հիմք է խաղաղ բանակցությունների առաջընթացի համար:

***

Մարտի 19-ի առավոտյան հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը Լեռնային Ղարաբաղում հարձակում էր ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Հայկական կողմը տվել էր երեք զոհ, չորս վիրավոր: Վիրավորներից մեկը մարտի 26-ին մահացավ http://civilnet.am/2015/03/26/wounded-soldier-died/#.VRT-EPmsX6M Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում:

ԼՂՀ ՊՆ-ն մարտի 26-ին հանդես էր եկել հայտարարությամբ` նշելով, որ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ լարված:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում