Գլխավոր Լրահոս

Հռոմի պապը կվրդովեցնի Թուրքիային՝ հիշատակելով Հայոց ցեղասպանության զոհերին

Հռոմի պապը կվրդովեցնի Թուրքիային՝ հիշատակելով Հայոց ցեղասպանության զոհերին
Մի ժամանակաշրջանում, երբ Մերձավոր Արևելքի տարբեր անկյուններում գլուխ է բարձրացնում հակաքրիստոնեական բռնությունը, Պապի քայլը կարող է լինել ավելին, քան պարզապես պատմական հետաքրքրություն ներկայացնող փաստ: Կաթոլիկ եկեղեցու կյանքը լուսաբանող Cruxnow.com կայքում լույս է տեսել Վատիկանի թղթակից Ինես Սան Մարտինի հոդվածը, որը  վերնագրված է «Հռոմի պապը կվրդովեցնի Թուրքիային՝ հիշատակելով Հայոց ցեղասպանության զոհերին»: Մարտինը գրում է, որ Հարության տոնից մեկ շաբաթ անց Հռոմի Ֆրանցիսկոս պապը հատուկ պատարագ կմատուցի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: «Թուրքերի կողմից հայերի զանգվածային սպանդը երկու տարի առաջ Ֆրանցիսկոսը  որակել էր որպես «արդի ժամանակաշրջանի առաջին ցեղասպանություն»»,- գրել է Վատիկանի թղթակիցը՝ նկատի ունենալով 2013թ. ամռանը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ Հռոմում Հայոց կաթողիկե եկեղեցու առաջնորդ պատրիարք Ներսես Պետրոս 19-րդի գլխավորած պատվիրակության հետ հանդիպումը: Երբ պատվիրակության անդամներից մեկը նշել է, որ ինքը Ցեղասպանությունը վերապրածի ժառանգ է, Հռոմի պապն ի պատասխան ասել էր. «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը հենց հայերինն էր»: Այդպիսով` Պապը վերահաստատել էր ավելի վաղ արտահայտած իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ. 2006թ. ապրիլին Ֆրանցիսկոս պապը` որպես կարդինալ Խորխե Մարիո Բերգոլյո, կոչ էր արել Թուրքիային առանց նախապայմանների ճանաչել Հայոց ցեղասպանությունը որպես հայ ժողովրդի և ամբողջ մարդկության դեմ գործած ծանր հանցագործություն: «Մի ժամանակաշրջանում, երբ Մերձավոր Արևելքի տարբեր անկյուններում գլուխ է բարձրացնում հակաքրիստոնեական բռնությունը, Պապի քայլը կարող է լինել ավելին, քան պարզապես պատմական հետաքրքրություն ներկայացնող փաստ: Ապրիլի 12-ին մատուցվելիք պատարագը մաս է հայերի մեծ արշավի, որի նպատակն է վառ պահել իրենց տառապանքի մասին հիշողությունը: Ապրիլի 23-ին՝ ժամը 19:15-ին, աշխարհի բոլոր եկեղեցիներում զանգեր կհնչեն: Ընտրված ժամը խորհրդանշում է 1915թ.: Զանգեր կհնչեն ամենուր, բացի Թուրքիայից, որտեղ դեռ գործող սակավաթիվ եկեղեցիները լուռ կմնան»,- ասված է հրապարակման մեջ: Հոդվածագիրն այնուհետև անդրադառնում է Ֆրանցիսկոս պապի՝ անցյալ տարվա նոյեմբերին Թուրքիա կատարած այցին, որի ընթացքում, ինչպես նշում է Ինես Սան Մարտինը, նա հրապարակայնորեն չի հիշատակել Հայոց ցեղասպանությունը: Հոդվածի հեղինակն ընդգծում է, որ Ցեղասպանությունը չհիշատակելու մասին լրագրողներից մեկի հարցին ի պատասխան միայն Հռոմի պապն ասել էր, որ հույս ունի՝ կկատարվեն հաշտեցմանը միտված փոքր ժեստեր, ինչպես օրինակ՝ հայ-թուրքական սահմանի բացումն է: 2014թ. նոյեմբերին աշխարհի կաթոլիկների հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապը այցելել էր Թուրքիա: Վատիկան վերադարձի ճանապարհին պատասխանելով լրագրողների հարցերին՝ նա ասել էր. «Պետք է աղոթենք ժողովուրդների հաշտեցման համար: Հուսանք, որ կբռնենք փոքր ժեստերի, մերձեցմանը միտված փոքր քայլերի ճանապարհը»: Նախատեսվում է, որ ապրիլի 12-ի պատարագին կմասնակցի Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդ պատրիարք Ներսես Պետրոս 19-րդը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում