Սկզբնապես այդքան էլ լավ չէինք հասկանում՝ ինչպես Հայաստանը կարող է ընդգրկվել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) կազմում, քանի որ ընդհանուր սահման Ռուսաստանի և միության անդամ մյուս պետությունների հետ չունենք. ռուսական Lenta.ru կայքին տված հարցազրույցում ասել է Հայաստանի միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:
Պատասխանելով հարցին, որ կարծիք կա, թե Մաքսային միությունը, Եվրասիական տնտեսական միությունը Մոսկվայի՝ Խորհրդային Միությունը վերականգնելու փորձեր են, և իբրև թե Ռուսաստանը Հայաստանին այդ միություններ «քարշ է տվել»՝ ձեռքերը ոլորած, Գաբրիելյանն ասել է. «Երբ խոսում են միջազգային դաշինքների մասին, սովորաբար հիշատակում են երկու ասպեկտ՝ տնտեսական և ռազմական-ռազմավարական: ԵՏՄ-ն իր էությամբ ռազմական և քաղաքական բաղադրիչներ չունի: Հետևապես՝ ես պետք է խոսեմ միայն տնտեսական ասպեկտի մասին»:
«Մեր պետություները միմյանց մոտ են չափորոշիչների հարցում, մեր տնտեսությունները միմյանց փոխլրացնող են և այլն: Այսինքն՝ տնտեսական նպատակահարմարության տեսակետից Հայաստանի համար ԵՏՄ-ին ինտեգրումը շատ օգտակար է, մեզ համար խնդիրը միայն լոգիստիկան է: Այժմ՝ ԵՏՄ-ի գործելուց երեք ամիս անց, որոշակի դժվարություններ կան, ամեն բան չէ, որ հարթ է ընթանում: Մասնավորապես՝ դրանք տեխնիկական անհարթություններ են. որևէ փաստաթուղթ որևէ տեղ չի հասել և նման այլ բաներ: Սակայն դրանք լուծվող հարցեր են: Կարևորն այն է, որ Հայաստանի համար շահավետ է Ռուսաստանի հետ առևտուր անելը և ինտեգրացիոն այդ միության անդամ լինելը:
Մյուս կողմից՝ անհրաժեշտ է հիշել, որ մենք առայժմ խոսում ենք ներուժի մասին, որը դեռ պետք է իրացնել: Ես այդպես էլ բացատրում եմ մեր գործարարներին՝ դուք հնարավորություն ունեք, սակայն երաշխիքներ չկան: Գործելը մրցակցության պայմաններում է լինելու, դա բարեգործություն չէ: Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի շուկաներում տեղ գրավելու համար անհրաժեշտ է պայքարել»,- ասել է Գաբրիելյանը:
Վաչե Գաբրիելյանը հարցազրույցում խոսել է նաև Հայաստանի՝ հարևանների հետ հարաբերությունների, Գյումրիի դեպքերի, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:
***
ԵՏՄ-ն սկսել է գործել 2015թ. հունվարի 1-ից: Հայաստանը պաշտոնապես միության անդամ է դարձել հունվարի 2-ին: Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ մոտ երեքուկես տարի բանակցելուց հետո Հայաստանը 2013թ. սեպտեմբերի 3-ին անանկնկալ հայտարարեց, որ որոշել է անդամակցել Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը:
Civilnet











