Գլխավոր Լրահոս

Հայերի բաց վերքը ամոքելու հարցում Ամերիկան պետք է ստանձնի իր դերը. Ադամ Շիֆ

Հայերի բաց վերքը ամոքելու հարցում Ամերիկան պետք է ստանձնի իր դերը. Ադամ Շիֆ
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգը ներկայացնող կոնգրեսական, դեմոկրատ Ադամ Շիֆը, որը հայտնի է իր հայանպաստ դիրքորոշմամբ, Asbarez-ում հոդված է հրապարակել՝ «100 տարի անց ճանաչելով Հայոց ցեղասպանությունը» վերնագրով: Շիֆը գրում է, որ քանի դեռ կենդանի են Ցեղասպանությունը վերապրած սակավաթիվ հայեր, ինքն իրեն պարտավորված է զգում պայքարել Թուրքիայի ժխտողական քաղաքականության դեմ: Ադամ Շիֆի հոդվածը կրճատումներով թարգմանաբար ներկայացված է ստորև: «Հայերին բնաջնջելու թուրքերի փորձը ձախողվեց, որի վկայությունն են Հայաստան պետությունն ու ԱՄՆ-ում և աշխարհի տարբեր ծայրերում հայկական սփյուռքի միլիոնավոր անդամները: Հազիվ թե կա գոնե մեկ հայկական օջախ, որը չի կրում կոտորածներում զոհված ընտանիքի անդամների մասին հիշողությունը: Նույնիսկ այսօր կան սակավաթիվ վերապրածներ, որոնք մանուկ տարիքում փրկվել են Ցեղասպանության արհավիրքներից և սկսել նոր կյանք: Քանի դեռ կենդանի են Ցեղասպանությունը վերապրածները, ես խորապես պարտավորված եմ զգում պայքարել դրա ժխտման դեմ, որը, ցավոք, շարունակում է մնալ թուրքական կառավարության քաղաքականությունը»,- գրում է կոնգրեսականը: «Անցյալ ամիս ես և իմ քառասուն գործընկերները ներկայացրինք Հայոց ցեղասպանության վերաբեյալ  «Ճշմարտության և արդարության բանաձևը», որը ճանաչում է 1915-1923 թթ. տեղի ունեցած Ցեղասպանությունը: Բանաձևը նաև կոչ է անում Նախագահին [ԱՄՆ - ՍիվիլՆեթ] աշխատել թուրքական և հայկական կառավարությունների հետ՝ Հայոց ցեղասպանության պատմական փաստի լիարժեք ճանաչման վրա հիմնված հաշտեցման հասնելու համար: Բանաձևը պարզ և հստակ լեզվով շարադրում է Ցեղասպանությանը վերաբերող պատմական փաստերը և տեղեկացնում, թե ինչ աստիճանի է թուրքական կառավարության ժխտողական քաղաքականությունը խոչընդոտում տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման հնարավորությանը: Ցավալիորեն այսօր նույն սիրիական հողերում, որտեղ կոտորվել էին հարյուր հազարավոր հայեր, «Իսլամական պետությունը» (ISIS) սպառնում է արմատախիլ անել կրոնական փոքրամասնություններին, այդ թվում՝ հայերին: Ճանաչելով Ցեղասպանությունը՝ նախագահն ու Կոնգրեսը կազդարարեն, որ մեր կառավարությունը չի մոռանա նահատակներին, և մենք լուռ չենք մնա մարդկության դեմ գործված հանցագործությունների հարցում: Էլի Վիզելը գրել էր, որ ցեղասպանության ժխտումը ցեղասպանության վերջին փուլն է: Այս տեսանկյունից Հայոց ցեղասպանությունը շարունակում է ցավ պատճառել իր զոհերին նույնիսկ 100 տարի անց: Այս բաց վերքը ամոքելու հարցում Ամերիկան պետք է ստանձնի իր դերը»,- եզրափակել է Ադամ Շիֆը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում