«Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունը դիտարկում է որպես ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի գաղափարների վրա հիմնված և առավելագույնս շահավետ հարաբերությունների զարգացման ձևաչափ». մարտի 31-ին այսպիսի հայտարարություն է արել վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ազգային ժողովում «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովի շրջանակում կազմակերպված կլոր սեղան-քննարկման բացմանը:
Աբրահամյանը կարևորել է նման քննարկումների անցկացումը և ասել է. «Գործնական առումով, Եվրասիական տնտեսական միությանը միանալով՝ Հայաստանի տնտեսությունը դառնում է ավելի քան 170-միլիոնանոց շուկայի մաս, ինչը ներդրումների և խոշոր երկարաժամկետ նախագծերի իրականացման համար մեր երկիրը դարձնում է առավել գրավիչ:
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջև ապրանքների փոխադարձ առևտրում չեն իրականացվում մաքսային ձևակերպումներ, ինչի արդյունքում կրճատվում են տնտեսվարող սուբյեկտների համար ֆինանսական ծախսերը և ժամկետները: Ապրանքների փոխադարձ առևտրում վերանում են նաև տեխնիկական խոչընդոտները և կիրառվում է համապատասխանության գնահատման միասնական համակարգ: Միևնույն ժամանակ հնարավորություն է ստեղծվում զարգացնելու Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կազմակերպությունների միջև արտադրական կոոպերացիայի համակարգը:
Եվրասիական տնտեսական միության գործունեությունն ավելի է խորացնում անդամ երկրների միջև արդեն իսկ գոյություն ունեցող երկկողմ կապերն ու հարաբերությունները, ինչպես նաև մեծ հնարավորություններ է ընձեռում առևտրատնտեսական ոլորտում միջպետական փոխգործակցության համար: Այս ամենն անչափ կարևոր է ներկայիս աշխարհաքաղաքական և տնտեսական գործընթացներում»:
Հովիկ Աբրահամյանը նշել է նաև, որ «Հայաստանը պատրաստակամ է համակարգային և ենթակառուցվածքային բարեփոխումների ընթացքում կուտակած իր փորձը ներդնել ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար»: «Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ մեր գերխնդիրն է արդարացնել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ժողովուրդների ակնկալիքները և շոշափելիորեն բարձրացնել մեր քաղաքացիների կենսամակարդակն ու բարեկեցությունը»,- ասել է նա:
***
Եվրասիական տնտեսական միությունը սկսել է գործել 2015թ. հունվարի 1-ից: Հայաստանը պաշտոնապես միության անդամ է դարձել հունվարի 2-ին:
Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ մոտ երեքուկես տարի բանակցելուց հետո Հայաստանը 2013թ. սեպտեմբերի 3-ին անանկնկալ հայտարարեց, որ որոշել է անդամակցել Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը:
Civilnet











