Գլխավոր Լրահոս

Գերմանիայի Բունդեսթագում կքննարկվի Հայոց ցեղասպանությունը

Գերմանիայի Բունդեսթագում կքննարկվի Հայոց ցեղասպանությունը
Գերմանիայի Բունդեսթագում ապրիլի 24-ին մեկժամանոց քննարկում կանցկացվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, հաղորդում է գերմանական Tagesspiegel պարբերականը: Թերթը տեղեկացնում է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին Բունդեսթագում բանավեճ է ծագել: Մինչ Կանաչների և Ձախ կուսակցություննները ցանկանում են, որ քննարկման արդյունքում ընդունվելիք ցանկացած վերջնական բանաձևում օգտագործվի «ցեղասպանություն» բառը, դաշնային կանցլեր Անգելա Մերկելի «Քրիստոնեա-դեմոկրատական միությունից» և Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից կազմված իշխող կոալիցիան հստակ հայտնում է մտահոգություն` հրահրելու Ցեղասպանությունը ժխտող Թուրքիայի թշնամանքը: Խորհրդարանական խմբակցությունները ներկայացնող աշխատանքային խումբն արդեն քննարկել է հարցը: Կանաչների կուսակցության նախագահ Ջեմ Օզդեմիրը և Պետրա Պաուն` Ձախ կուսակցությունից, հստակեցրել են, որ իրենց խմբակցությունները կողմ են «ցեղասպանություն» եզրին: Այնուամենայնիվ, «Քրիստոնեա-դեմոկրատական միությունն» ու Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը պնդում են, որ հարկ է հավատարիմ մնալ 2005թ. Բունդեսթագի ընդունած բանաձևին: Այդ բանաձևում, որը վերնագրված է «1915-ին հայերի տեղահանության և կոտորածի հիշատակում և ոգեկոչում. Թուրքիան պետք է ներդրում ունենա թուրքերի և հայերի հաշտեցման հարցում», «ցեղասպանություն» բառն օգտագործված չէ: Անցյալ շաբաթվա վերջին ներկայացված համատեղ տեքստի վերնագրում «ցեղասպանություն» բառն օգտագործվել էր, սակայն իշխող կոալիցիայի խմբակցությունների և արտգործնախարարության միջամտության արդյունքում այն հանվել էր: Tagesspiegel-ը նշում է, որ ըստ ամենայնի` ընդհանուր կարծիքն այն է, որ այժմ ժամանակը պատեհ չէ, և կա մտավախություն, որ դա կվիրավորի Թուրքիային: Այս մտավախությունը պայմանավորված է Թուրքիայում հունիսին անցկացվելիք ընտրություններով և այն հանգամանքով, որ Թուրքիայի ներգրավվածությունը «Իսլամական պետության» դեմ պայքարում անհրաժեշտ է: Վերջնական տեքստը համաձայնեցնելու նպատակով ապրիլի 21-ին խնդրի շուրջ քննարկում է տեղի ունենալու: Ծագումով թուրք Ջեմ Օզդեմիրը Գերմանիայի դաշնային կառավարությանը քննադատում է 100 տարի անց «ցեղասպանություն» բառն օգտագործելու խիզախություն չունենալու համար: Նա ասում է. «Դաշնային Հանրապետությունը Գերմանական կայսրության իրավահաջորդն է և այդ ժամանակ Օսմանյան կայսրության մերձավոր դաշնակիցը, ուստի կիսում է պատասխանատվությունը»: Նա նշում է, որ որպես Օսմանյան կայսրության ռազմական դաշնակից` Գերմանիան տեղյակ էր հայերի տեղահանությունից և սպանությունից, սակայն չի կարողացել որևէ ճնշում գործադրել Թուրքիայի ղեկավարության վրա: ՍիվիլՆեթին մարտի 18-ին տված հարցազրույցում Ջեմ Օզդեմիրն ասել էր. «Ինչպես գիտեք, Գերմանիան այդ ժամանակ Օսմանյան կայսրության դաշնակիցն էր, և մենք ինչ-որ կերպ հանցակից ենք դարձել: Այդպիսով` մենք նույնպես ունենք պարտավորություն` ոգեկոչելու և փոխանցելու հիշողությունը գալիք սերնդին»: Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Դիեթմար Նիեթանն իր կուսակցության դիրքորոշումը տխրեցնող է համարում: «Անձամբ ինձ հիասթափեցնում է քաջության բացակայությունը` ասելու, թե իրականում ինչ է տեղի ունեցել»,- ասում է նա` հավելելով, որ չի կարծում, թե Թուրքիայի ճնշմանը տեղի տալը շահավետ է: «Եթե Գերմանիայի խորհրդարանը բացեիբաց օգտագործի «ցեղասպանություն» բառը, մենք կնպաստենք Թուրքիայում քաղաքացիական հանրության ամրապնդմանը»: Քրիստոֆ Բերգները` «Քրիստոնեա-դեմոկրատական միությունից», ասում է, որ Հայկական հարցն առանցքային է եղել ցեղասպանության վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիայի մշակման ժամանակ, և Գերմանիան «պետք է փորձի հստակ սահմանել 100 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի մասշտաբը»: Գերմանիայի արտգործնախարարությունը, այդուհանդերձ, նշում է, որ «հիշելու մշակույթը» չպետք է պարտադրվի դրսից: Եվրոպայի հարցերով նախարար Մայքլ Ռոթի խոսքով` իրենք ողջունում են փաստը, որ Թուրքիայում այլևս տաբու չէ խոսել «հայերի տեղահանության և սպանության արդյունք հանդիսացող անսահման տառապանքի մասին»:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում