Գլխավոր Լրահոս

Անմոռուկներ... իսկ Ռումինիայի դեսպանը դեռ Հայաստանում է

Անմոռուկներ... իսկ Ռումինիայի դեսպանը դեռ Հայաստանում է
Անմոռուկներ: Միջոցառումներ: Շատ կարևոր հյուրեր: Ցեղասպանության մասին պետական այրերի հայտարարություներ: Տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունը լուրջ է մոտենում Հայոց ցեղասպանության հիշատակման 100-րդ տարելիցին և պահանջատիրությանը: Ավաղ, դա միայն տպավորություն է... Հայաստանում շարունակում է պաշտոնավարել Ռումինիայի դեսպան Սորին Վասիլեն: Միայն այդ փաստը բավարար է հասկանալու, թե որքան կեղծ են Հայաստանի այսօրվա իշխանության ջանքերը: Միջոցառումներ և անմոռուկներ ու էլ ոչինչ: Այս իշխանության հայտարարություններում, վերջերս ընդունված հռչակագրով նաև, Հայաստանը հետամուտ է լինելու Հայոց ցեղասպանության ՓԱՍՏԻ համաշխարհային ճանաչմանը: Միևնույն ժամանակ, այդ նույն հռչակագիրը որդեգրած ու ի լուր աշխարհի հայտարարած իշխանությունը սեփական երկրում աչք է փակում այն մերժողներին: Եվ Ռումինիայի տխրահռչակ դեսպանը, ինչպես մի խարան, դաջվելու է մեր ճակատին՝ հանդիսանալով Ցեղասպանության մերժողականության հաղթարշավի հայկական առհավատչյան: Ընթերցողին հավանաբար կհետաքրքրի այս դեպանի՝ պարոն Սորին Վասիլեի Ցեղասպանության հետ կապված լինելու փաստը: Սա այն անձն է, ով Հայաստանի ամերիկյան համալսարանում քննարկմանը հարցականի տակ դրեց Ցեղասպանության ՓԱՍՏԸ և մեր պետական շրջանակների կողմից չարժանացավ պատշաճ գնահատականի: Ավելին, իր ներողության ուղերձում պարոն դեպանը ափսոսանք հայտնեց, որ հանրությունը թյուրընկալում է ունեցել, ևս մեկ անգամ հաստատելով իր մերժողական դիրքորոշումը: Թե՛ ՀՀ քրեական օրենսգիրքը, թե՛ միջազգային համաձայնագրերը նման դեպքերի համար նախատեսում են համարժեք գործողությունների հնարավորություն: Այս դեպքում ՀՀ արտգործնախարարությունը պարտավոր էր անցանկալի անձ հայտարարել այս դեսպանին և դադարեցնել պաշտոնավարումը: Դրա փոխարեն, միայն քաղաքացիական շրջանակներն ու լրատվամիջոցները արձագանքեցին այս խայտառակությանն ու հանցագործությանը: Սորին Վասիլեի հայտարարությունները բուռն արձագանք գտան թե՛ ռումինական հրեական, թե՛ եվրոպական մամուլում, քանի որ այս պաշտոնյան նաև մարդատյաց հայտարարություններ էր արել նրանց հասցեին: Հրեաներն իրենց հարցը լուծեցին: Ռումինիայի արտգործնախարարությունը հետ կանչեց դեսպանին բացատրական աշխատանքների համար և ռումինական մամուլով ներողություն խնդրեց վերջինիս պահվածքի համար: Հրեաներն արժանացան իրենց իրավունքին: Հայերը արդեն սեփական պետության մեջ նորից զգացին Ցեղասպանության շանթահարող ուժն ու այս անգամ այն անգերազացնելի եղավ: Օսմանցու փոխարեն, իր լռությանբ ու բացակայությամբ հարվածեց հայազգի ձևական իշխանությունը: ՀՀ արտգործնախարարությանը ուղղված նամակներին ի պատասխան, չորս-հինգ տողանոց գրությամբ մեր պետությունը մեզ ասաց. «Դեսպան Վասիլեի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ կատարած հայտարարությունից հետո ՀՀ ԱԳՆ-ն համապատասխան աշխատանքներ է իրականացրել ռումինական կողմի հետ: Սորին Վասիլեն հանդես է եկել պաշտոնական ներողությամբ, իսկ Ռումինիայի ԱԳՆ-ն՝ դատապարտող հայտարարությամբ»: Ոչ ձեր աշխատանքն է աշխատանք, ոչ էլ Սորին Վասիլեի ներողությունն էր ներողության նման: Այս մարդը պիտի այլևս հետ չվերադառնար Հայաստան: Դա կլիներ աշխատանք: Մեր իշխանությունից այլևս որևէ սպասելիք չկա: Միայն միջոցառումներ ու անմոռուկներ: Թերևս Հայաստանում միակը Ռումինիայի դեսպանն է, որի ակնկալիքներն արդարացել են: Նա ՀՀ քաղաքացի չէ, բայց հոգ չէ, մենք «մարդասեր» իշխանություն ունենք: Լավ կլինի, որ Հայաստանում այսօր առկա միակ շահառուն՝ պարոն դեսպանը, վարձահատույց լինի իրեն այսքան գուրգուրող իշխանությանն ու անձնապես անմոռուկներ նվիրի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին: Նվարդ Մանասյան Ցեղասպանությունը վերապրած Մանասյան ընտանիքից
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում