Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգներ Սալոնիկում

Հունաստանի Սալոնիկ քաղաքի «Մեգարոն Մուսիկիս» համերգասրահում Ապրիլի 1-ից 6-ն անցկացվել է Մանկական երգչախմբերի հինգերորդ փառատոնը, որը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ այս տարի նվիրված էր Հայաստանին: Ինչպես հաղորդում են արտագործանախարարութան մամուլի ծառայությունից, որպես հատուկ հյուր` Հայաստանը փառատոնում ներկայացրել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը` Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ:
Ապրիլի 3-ին կայացել է երգչախմբի համերգը, որին ներկա են եղել Հունաստանի խորհրդարանի անդամներ, նահանգապետարանի, Սալոնիկի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, Սալոնիկի հայ համայնքային կառույցների ղեկավարներ և անդամներ:
Ներկայացվել են Կոմիտասի, Դավիթ Հալաջյանի, Ստեփան Շաքարյանի, Երվանդ Երկանյանի, ինչպես նաև արտասահմանյան հեղինակների ստեղծագործություններ:
Ապրիլի 4-ին և 5-ին երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը վարպետաց դասեր է անցկացրել փառատոնին մասնակից հունական երգչախմբերի հետ:
Ապրիլի 6-ին կայացել է փառատոնի գալա-համերգը` մասնակից ութ երգչախմբերի մասնակցությամբ` Տիգրան Հեքեքյանի խմբավարությամբ: Համերգի ավարտին երգչախմբերի թվով 550 սաները կատարել են Էդգար Հովհաննիսյանի «Էրեբունի Երևան», Ստեփան Շաքարյանի «Մուշ», Սայ Միլերի «Let There Be Peace on Earth» ստեղծագործությունները:
Civilnet










