Թուրքիայի քաղաքացի հայ թեկնածուներ
Թուրքիայում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունները հրապարակել են վերջնական ընտրացուցակները: «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ), Ժողովրդահնարապետական (ԺՀԿ) և Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունները (ԺԴԿ) առաջադրել են Թուրքիայի քաղաքացի հայերի թեկնածություններ: Քրդամետ ԺԴԿ-ն Ստամբուլից ներկայացրել է պոլսահայ Կարո Փայլանի թեկնածությունը:
Թուրքիայի կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակության ցուցակում էլ առաջին անգամ ծագումով հայ թեկնածու է ընդգրկել: Ստամբուլի երկրորդ տեղամասի ցուցակում է հայտնվել Մարգար Եսայանը, որն աշխատում է կառավարամետ Yeni Safak թերթում և հանդես գալիս հիմնականում իշխանամետ հոդվածներով և ելույթներով: Երկար ժամանակ է՝ խոսվում էր Մարգար Եսայանի թեկնածության առաջադրման մասին: Սակայն նա զբաղեցրել է սպասվածից ավելի ցածր տեղ. նա Ստամբուլի երկրորդ տեղամասի ցուցակի 12-րդ հորիզոնականում է:
«Ակօսը» ընտրացուցակների գլխավոր անակնկալ է համարում հայազգի Սելինա Դողանի թեկնածությունը, որին առաջադրել է քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ): Այս կուսակացությունից պատգամավորության թեկնածու առաջադրվելու համար դիմել էր հայկական Սուրբ Հակոբ հիվանդանոցի հանրային կապերի պատասխանատու, հայազգի Թալին Էրգյունեշը: Սակայն վերջին պահին քեմալական կուսակցությունը կանգնել է Սելինա Դողանի թեկնածության վրա: Ընդ որում, նա ևս առաջադրվել է Ստամբուլի երկրորդ տեղամասից, ինչը նշանակում է, որ նա ինչ-որ չափով Մարգար Եսայանի մրցակիցն է: Սելինա Դողանը հայտնել է, որ իր թեկնածության առաջադրումը ապացույցն է այն բանի, որ ԺՀԿ-ի ներսում լուրջ փոփոխություններ են ընթանում:
Թուրքիայի վարչապետ, ԱԶԿ-ի նախագահ Ահմեդ Դավութօղլուի թեկնածությունն առաջադրվել է նրա հայրենի Քոնիա քաղաքից: Zaman-ը ուշադրություն է դարձրել, որ ցուցակում կա նաև Էրդողանի փեսան: Սակայն թեկնածուների ցանկում ազգակցական կապի պատճառաբանությամբ չի ընդգրկվել Օսման Գյոքչեքը, քանի որ նրա հայրը Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքն է: Հիշեցնենք, որ Մելիհ Գյոքչեքը վերջերս հայտարարել է, որ հայ բառը գարշանքի իմաստ է արտահայտում:
«Շնորհակալություն եմ հայտնում իմ բոլոր ընկերներին, որոնք շնորհավորել են ինձ «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից իմ թեկնածությունն առաջադրելու կապակցությամբ: Աստված մեզ պահապան»:
ԱԶԿ-ի ցուցակում չեն ընդգրկվել այն չորս նախկին նախարարները՝ Զաֆեր Չաղլայանը, Մուամեր Գյուլերը, Էրդողան Բայրաքթարը և Էգեմեն Բաղըշը, որոնց անունները կապված են «Մեծ կաշառք» օպերացիայի հետ:
Մարգար Եսայանը իր Թվիթերի էջում գրել է. «Շնորհակալություն եմ հայտնում իմ բոլոր ընկերներին, որոնք շնորհավորել են ինձ «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից իմ թեկնածությունն առաջադրելու կապակցությամբ: Աստված մեզ պահապան»: Նա թողել է նաև հետևյալ հեշթեգը՝ «Նոր Թուրքիա, ուժեղ թեկնածուներ»:
Ստամբուլում որպես անկախ թեկնածու առաջադրվել է Ալի Ֆուաթ Յըլմազերը, որը բարձրաստիճան պաշտոնյա էր, և նրա անունը շոշափվում էր Հրանտ Դինքի գործի ժամանակ: Նա նաև ձերբակալվել էր Մեծ կաշառք օպերացիայից հետո, երբ կալանավորվեցին մի շարք ոստիկաններ:Հետաքրքիր է կանանց ներգրավածությունը ընտրացուցակներում. ԺԴԿ-ն առաջադրել է 268, ԺՀԿ-ն՝ 103., ԱԶԿ-ն՝ 99, իսկ Ազգայնական շարժումը՝ 40 կին:
Ժողովրդահանրապետականն առաջադրել է նաև ֆիզիկական արատ ոնեցող երեք մարդու թեկնածություն: Բացի այդ՝ կուակցության ցանկում ընդգրկվել է Օզջան Փուրչուն, որը գնչու է: Նրա թեկնածությունն առաջադրվել է Իզմիրում:
Civilnet











