ՌԴ-ն Չանաքքալեում կներկայացվի բարձր մակարդակով, Պուտինի երևանյան այցը դեռ դիտարկվում է

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ապրիլի 24-ին Երևան հնարավոր այցի հարցը դեռ դիտարկվում է. այսպիսի հայտարարություն է արել Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Ինչպես հաղորդում է Interfax գործակալությունը, Պեսկովն ասել է, որ նույն օրը Թուրքիայում անցկացվելու են Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներ, որոնց Ռուսաստանը ներկայացված է լինելու բարձր մակարդակով:
«Ռուսաստանի Դաշնությունը բարձր մակարդակով ներկայացված է լինելու հիշատակի արարողություններին, որոնք Չանաքքալեում կազմակերպելու են մեր թուրք գործընկերները»,- լրագրողներին ասել է Պեսկովը:
Պատասխանելով հարցին՝ ներկա գտնվելու է, թե ոչ Պուտինը Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կայանալիք միջոցառումներին, Պեսկովն ասել է. «Հարցը դեռ դիտարկվում է, մենք կանենք համապատասխան հայտարարությունը»:
Ապրիլի 8-ին Մոսկվայում ռուսաստանցի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ Երևանում սպասում եմ Պուտինի այցին:
Իրադարձություն
Civilnet










