Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ապրիլի 9-ին ընդունել է Հայ կաթոլիկ եկեղեցու Հայրապետական սինոդի անդամներին, որոնք մասնակցելու են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 12-ին Պապի կողմից մատուցվելիք պատարագին:
Ինչպես հաղորդում է Վատիկանի ռադիոյի կայքը, Հռոմի պապը խնդրել է, որ աստվածային ողորմությունը «մեզ բոլորիս օգնի ճշմարտության և արդարության հանդեպ սիրով ամոքել ամեն վերք և ձեռնարկել հստակ քայլեր` հաշտություն և խաղաղություն հաստատելու ազգերի միջև, որոնք դեռ համաձայնության չեն հասել այսպիսի վշտալի իրադարձությունների մեկնման հարցում»:
Իր ուղերձում Ֆրանցիսկոս պապը ողջունել է ոչ միայն այն հայերին, որոնք Հռոմ են ժամանել իրենց եպիսկոպոսների հետ, այլև աշխարհասփյուռ հայությանը: Նա հատկապես հիշատակել է այն վայրերի հայերին, որոնք Մեծ եղեռնի տարիներին անվտանգ են եղել հայ քրիստոնյաների համար, սակայն այժմ դրանցում վտանգված է քրիստոնեությունն ինքնին:
Պապը մատնանշել է նաև Հայաստանում քրիստոնեության երկարամյա պատմությունն ու նրա հարուստ հոգևոր ու մշակութային ժառանգությունը, որը թվագրվում է 301թ., երբ Հայաստանը դարձավ առաջին քրիստոնյա պետությունը: Ֆրանցիսկոս պապը եպիսկոպոսներին կոչ է արել «մշտապես տածել երախտագիտության զգացում դեպի Տերը»` անգամ ամենադժվարին պահերին հավատքը պահելու ունակության համար: Նա նշել է, որ թեև հայ ժողովրդի տառապանքների էջերը որոշ առումով շարունակում են Քրիստոսի չարչարանքները, այնուամենայնիվ, նրանց տառապանքը հարության ծիլեր է պարունակում:
Վատիկանի ռադիոյի հաղորդմամբ` Պապը նաև հարգանքի տուրք է մատուցել նրանց, ովքեր ջանք են գործադրել` մեղմելու հայ ժողովրդի տառապանքը «Մեծ հանցագործության» ժամանակ, մասնավորապես Բենեդիկտոս 15-րդ պապին, որն այդ ժամանակ փորձել է միջամտել և դադարեցնել սպանդը:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում մատուցելու է պատարագ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով: Պատարագին մասնակցելու են նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:
Civilnet











