Հռոմի պապը Մեծ եղեռնը անվանեց «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հայոց մեծ եղեռնը անվանեց «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»՝ կիրակի Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում իր կողմից մատուցված պատարագին, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
«Անցյալ դարում մարդկության ընտանիքը անցավ երեք զանգվածային և աննախադեպ ողբերգությունների միջով: Առաջինը, որը համարվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, հարվածեց հայ ժողովրդին»,- ասաց Հռոմի Ֆրանցիսկոս պապը՝ հավելելով, որ մյուս երկու ողբերգությունները ստալինյան ռեպրեսիաներն էին և Հոլոքոստը:
«Մարդկության ընտանիքը կարծես մերժել է դասերը իր անցյալի սխալների, որոնց հիմքում ահաբեկման օրենքն է: Կարծես այսօր էլ կան մարդիկ, որոնք փորձում են ոչնչացնել ուրիշներին այլոց հանցավոր լռությամբ, ովքեր պարզապես դրան նայում են կողքից»,- ասաց Հռոմի պապը:
Իրադարձությունը պատմական էր, քանի որ Հռոմի պապը առաջին անգամ էր պատարագ մատուցում՝ հիշատակելով ցեղասպանությունը: Մինչ այժմ եղել են միայն աղոթքներ տարբեր ցեղասպանությունների զոհերի հոգիների հանգստության համար, բայց պատարագ չէր մատուցվել:
Պատարագին մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսները, Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդ Ներսես-Պետրոս 19-րդ պատրիարքը:
Սուրբ Պետրոսի տաճարում հնչեցին ոչ միայն հայկական հոգևոր կատարումներ, այլև առաջին անգամ հնչեց հայկական դուդուկ:Վատիկանի ռադիոն իր կայքի գլխավոր լուրն անվանեց . «12 Ապրիլ 2015 պատմական օր. Սուրբ Պետրոս տաճարի սիրտը կը տրոփէ հայկականութեամբ»:
Associated Press գործակալությունը հաղորդում է, որ Վատիկանում Թուրքիայի դեսպանությունը չեղարկել է կիրակի նախատեսված մամուլի ասուլիսը՝ ըստ ամենայնի՝ իմանալով, որ Պապը օգտագործելու է «ցեղասպանություն» եզրույթը:
Իրադարձություն
Civilnet










