Քիմ Քարդաշյանը հայոց Սուրբ Հակոբյանց վանքում:
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը՝ քրոջ՝ Քլոեի և ամուսնու՝ աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթի ուղեկցությամբ Հայաստան այցելությունից հետո մեկնել են Իսրայել՝ երկամյա դստերը՝ Նորթին մկրտելու նպատակով:
AFP գործակալության հաղորդմամբ՝ Իսրայել ժամանելուն պես ընտանիքն ուղևորվել է Երուսաղեմի հայոց Սուրբ Հակոբյանց վանք: Ինչպես լրագրողներին ասել է արքեպիսկոպոս Արիս Շիրվանյանը, վանքում պետք է կայանա Քանյե Ուեսթի և Քիմ Քարդաշյանի դստեր՝ Նորթի մկրտությունը: Շիրվանյանի խոսքով՝ «աղջիկը պաշտոնապես կդառնա քրիստոնյա և հայ եկեղեցու անդամ»:
Ըստ հաղորդագրությունների՝ զույգը մտել է եկեղեցի՝ արարողությունն անցկացնելու և դուրս եկել 90 րոպե անց: Մկրտությունից հետո զույգն այցելել է Տիրոջ Սուրբ գերեզմանի տաճար, որտեղ ըստ քրիստոնեական հավատամքի՝ խաչվել է Հիսուս Քրիստոսը:
Ավելի ուշ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը ճաշել են Երուսաղեմի քաղաքապետ Նիր Բարքաթի հետ:
Քանյե Ուեսթի համերգը չի կայացել
Ռեփեր Քանյե Ուեսթը նախատեսում էր Երուսաղեմի «Դավիթի աշտարակ» թանգարանի մոտ անվճար անակնկալ համերգ տալ, սակայն նրան մերժել են՝ պատճառաբանելով տեխնիկական խնդիրները:
Ինչպես հաղորդում է Times of Israel-ը, չնայած թանգարանի տնօրինության որոշմանը՝ աշտարակի մոտ հավաքվել են բազմաթիվ մարդիկ՝ Քանյեին լսելու հույսով:
Իսրայելական կայքը գրել է, որ Երուսաղեմում չկայացած համերգը նախադեպ էր ունեցել. Քանյե Ուեսթը ելույթ էր ունեցել Երևանի Կարապի լճի մոտ, սակայն «համերգը դադարեցվել էր տեղական ոստիկանության կողմից այն բանից հետո, երբ երգիչը ցատկել էր ջուրը»:
Civilnet











