ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի խոսնակ Ստեֆանե Դյուժարիկը խուսափել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի դիրքորոշում հայտնելուց:
Ապրիլի 13-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, որի սղագրությունը հրապարակված է ՄԱԿ-ի կայքում, պատասխանելով հարցին, թե ունի արդյոք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիրքորոշում Հայոց ցեղասպանության հարցում, ունեցել է արդյոք Գլխավոր վեհաժողովը երբևէ դիրքորոշում այս հարցում, Բան Կի Մունի խոսնակն ասել է.
«Կարծում եմ` գլխավոր քարտուղարը քաջատեղյակ է, որ այս տարի` ապրիլի 24-ին, հայ ժողովուրդը և այլոք ամբողջ աշխարհում նշում են 1915թ. ողբերգական իրադարձությունների 100-րդ տարելիցը: Նա նաև լիովին գիտակցում է, թե որքան զգայուն հարց է 1915թ.` 100 տարի առաջ, տեղի ունեցածի սահմանումը: Գլխավոր քարտուղարը վստահ է, որ 1915թ. այդ ողբերգական իրադարձությունների ոգեկոչումը, ինչպես նաև տեղի ունեցածի վերաբերյալ փաստերը հաստատելու նպատակով համագործակցության շարունակումը կամրապնդի մեր հավաքական վճռականությունը՝ միտված ապագայում նման վայրագ հանցագործությունների կանխարգելմանը: Եվ ՄԱԿ-ը, ինչպես գիտեք, ձգտում է ամրապնդել միջազգային հանրության ներուժը` միտված ապագայում նման վայրագ հանցագործությունների կանխարգելմանը»:
Լուսանկարում` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆանե Դյուժարիկը:
Լրագրողի դիտարկմանը, թե այսինքն` Բան Կի Մունը չունի՞ դիրքորոշում` արդյոք դա ցեղասպանություն էր, թե ոչ, Ստեֆանե Դյուժարիկը պատասխանել է.
«Դուք ինձ հարց տվեցիք: Ես ներկայացրի, թե որն է գլխավոր քարտուղարի դիրքորոշումը»:
Ի պատասխան մեկ այլ լրագրողի հարցի, թե կարծում է արդյոք գլխավոր քարտուղարը, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը բարձրացրեց մի հարց, որը պետք է բարձրացվեր, Բան Կի Մունի խոսնակն ասել է.
«Մենք ի գիտություն ենք ընդունել Պապի ասածը: Կարծում եմ` այն, ինչ գլխավոր քարտուղարը ասաց, ինչ ես հենց նոր ասացի, այն է, որ նա կարծում է` կարևոր է համագործակցել տեղի ունեցածի վերաբերյալ փաստերը հաստատելու նպատակով, և դա կամրապնդի մեր հավաքական վճռականությունը` ապագայում կանխարգելելու այդպիսի բաները»:
***
Ապրիլի 12-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում պատարագ էր մատուցել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Պատարագի ժամանակ Պապը Հայոց ցեղասպանությունն անվանել էր «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» և անցյալ դարի երեք մեծ ողբերգություններից մեկը: Մյուս երկու ողբերգությունը, ըստ նրա, ստալինյան բռնաճնշումներն էին ու Հոլոքոստը:
Պապի կողմից պատարագի մատուցումն ու նրա հնչեցրած հայտարարությունը մեծ դժգոհություն էր առաջացրել Թուրքիայում: Թուրքիայում Վատիկանի դեսպան Անտոնիո Լուչիբելոն կանչվել էր Թուրքիայի արտգործնախարարություն` բացատրութուն ստանալու նպատակով: Խորհրդակցության համար նաև հետ է կանչվել Վատիկանում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Փաչաջըն:
Civilnet











