Գլխավոր Լրահոս

Պետքարտուղարության խոսնակը համառորեն խուսափում է «ցեղասպանություն» եզրից

Պետքարտուղարության խոսնակը համառորեն խուսափում է «ցեղասպանություն» եզրից
ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակի պաշտոնակատար Մարի Հարֆը ապրիլի 14-ի ամենօրյա ճեպազրույցի ժամանակ խուսափել է «ցեղասպանություն» եզրի օգտագործումից: Ներկայացնելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը, նա ասել է, որ նախագահ Բարաք Օբաման բազմիցս պատմական փաստ է ճանաչել հայերի ջարդերը, իսկ երբ լրագրողը հիշեցրել է, որ Օբաման, լինելով դեռ թեկնածու, կարծես թե կողմ էր «ցեղասպանություն» եզրի օգտագործմանը, Պետքարտուղարության խոսնակի պաշտոնակատարը խորհուրդ է տվել դիմել 2008թ. նախընտրական արշավի ներկայացուցիչներից որևէ մեկին կամ Սպիտակ տանը: Ստորև թարգմանաբար ներկայացված է Մարի Հարֆ-լրագրող հարցուպատասխանը, որի սղագրությունը հրապարակված է Պետքարտուղարության կայքում: Հարց - Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Օսմանյան թուրքերի կողմից 100 տարի առաջ հայերի ջարդերը բնորոշեց որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Եվ քանի որ նշվում է 100-րդ տարելիցը, կարո՞ղ եք վերահաստատել ԱՄՆ դիրքորոշումը տեղի ունեցածի վերաբերյալ: Մարի Հարֆ - Նախագահը և վարչակազմի բարձրաստիճան այլ պաշտոնյաներ բազմիցս պատմական փաստ են ճանաչել այն, որ 1.5 մլն հայեր Օսմանյան կայսրության վերջին օրերին զանգվածաբար սպանվել են, և նշել են, որ փաստերի ամբողջական, բաց և արդար ճանաչումը համապատասխանում է մեր շահերին, ներառյալ Թուրքիայի, Հայաստանի և ԱՄՆ-ի: Կարծում եմ` սկզբունքներից մեկը, որով առաջնորդվում է վարչակազմն այս ոլորտում և վայրագությունների կանխարգելման հարցում իր աշխատանքում, այն է, որ պետություններն ավելի ուժեղ են և զարգանում են` ճանաչելով իրենց անցյալի բավական ցավոտ դրվագներն ու հաշվի նստելով դրանց հետ: Դա անելն իսկապես կարևոր է` տարբեր, ավելի հանդուրժող ապագա կառուցելու տեսանկյունից: Եվ ես կարծում եմ` հենց այսպես ենք մենք նայում այս և այլ խնդիրների: Հարց - Ինչպե՞ս կարձագանքեք Պապին: Մարի Հարֆ - Ավելացնելու բան չունեմ: Հարց - Այսպիսով` Դուք Թուրքիային հրապարակային ճանաչման կո՞չ եք անում: Ձեր ասածն ա՞յդ է նշանակում: Մարի Հարֆ - Ավելացնելու բան չունեմ: Հարց - Թուրքերը կանչել են Վատիկանում իրենց դեսպանին: Էրդողանն այսօր ասել է, որ դատապարտում է Պապին իր հայտարարությունների համար: Ձեզ չի՞ մտահոգում այսպիսի լարվածության աճը: Մարի Հարֆ - Չեմ կարծում: Հարց:  Անկախ բառի [ցեղասպանություն - խմբ.] օգտագործումից: Մարի Հարֆ - Չեմ կարծում, թե ավելին ասելու բան ունեմ այս կապակցությամբ: Հարց - Շատ լավ: Կարո՞ղ եք հիշեցնել մեզ, թե ինչ դիրքորոշում ուներ թեկնածու Օբաման Հայաստանի վերաբերյալ: Մարի Հարֆ - Ուրախ կլինեմ, եթե ստուգեք Բարաք Օբամայի 2008թ. նախընտրական արշավը: Ես նրանց անունից չեմ խոսում: Ես խոսում եմ Պետքարտուղարության և վարչակազմի անունից: Հարց - Որևէ մեկը դեռևս ներկայացնո՞ւմ է 2008թ. նախընտրական արշավը: Մարի Հարֆ - Ուրախ կլինեմ, եթե զանգահարեք և պարզեք: Հարց - Որովհետև կարծես թե հիշում եմ, որ նա կողմ էր այդ բառի օգտագործմանը: Մարի Հարֆ -Ուրախ կլինեմ, եթե կապ հաստատեք նախընտրական արշավի ներկայացուցիչների հետ: Հարց - Հետաքրքիր է, թե քանի թեկնածու է խոսում դրա մասին իր քարոզարշավի ընթացքում, սակայն հաղթելուն պես փոխում իր կարծիքը, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակից է, և ինքը չի ցանկանում վշտացնել նրանց: Ինչո՞ւ: Մարի Հարֆ - Ի՞նչը ինչու: Հարց - Ինչո՞ւ է նախագահը վերանայել իր դիրքորոշումը այն հարցում, որ կատարվածը ցեղասպանություն էր: Մարի Հարֆ - Ուրախ կլինեմ, եթե նախագահին վերաբերող հարցերը ճշտեք Սպիտակ տան հետ: Մարի Հարֆ - Ինչպես ասացի, նա հստակեցրել է, և մեր դիրքորոշումը նույնպես հստակ է: Հարց - Այդ դեպքում ո՞րն է Պետքարտուղարության դիրքորոշումը: Մարի Հարֆ - Ես հենց նոր շատ հստակ ներկայացրի մեր դիրքորոշումը: Հարց -Կա՞ն հիշատակման արարողությունների որևէ այլ ծրագրեր` պայմանավորված 100-րդ տարելիցով: Մարի Հարֆ - Թույլ տվեք պարզել: Ես չգիտեմ: *** Բարաք Օբաման 2008թ. նախագահական քարոզարշավի ընթացքում խոստացել էր նախագահ ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն ընտրվելուց հետո նա այդպես էլ չի արտասանել «ցեղասպանություն» բառը և 1915թ. հայերի կոտորածները անվանել է հայերեն «Մեծ եղեռն», որը իրավական նշանակություն չունի: Ապրիլի 12-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում պատարագ էր մատուցել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Պատարագի ժամանակ Պապը Հայոց ցեղասպանությունն անվանել էր «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» և անցյալ դարի երեք մեծ ողբերգություններից մեկը: Մյուս երկու ողբերգությունը, ըստ նրա, ստալինյան բռնաճնշումներն էին ու Հոլոքոստը: Պապի կողմից պատարագի մատուցումն ու նրա հնչեցրած հայտարարությունը մեծ դժգոհություն էին առաջացրել Թուրքիայում: Թուրքիայում Վատիկանի դեսպանը կանչվել էր Թուրքիայի արտգործնախարարություն` բացատրութուն տալու նպատակով: Խորհրդակցության համար նաև հետ է կանչվել Վատիկանում Թուրքիայի դեսպանը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում